Կրետակեր. ՀՀ Կենդանական աշխարհը

Կրետակեր (լատ.՝ Pernis apivorus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Կառուցվածքը

Մարմնի երկարությունը՝ 43-53 սմ է, թևերի բացվածքը՝ 100-121 սմ, կենդանի զանգվածը՝ 700 գ։ Գլուխը և վիզը բարեկազմ են, պոչը՝ երկար։ Արուի գլուխը մոխրագույն է, էգինը՝ ավելի դարչնագույն։ Մարմինը վերևից դարչնագույն է, թևատակը՝ նեղ շերտերով, դաստակի հատվածի բիծը՝ մուգ։ Պոչի հիմքում կան 2 մուգ շերտեր։ Երիտասարդի գունավորումը փոփոխական է, սովորաբար՝ միատարր դարչնագույն, թևատակը և պոչի ստորին մակերեսը՝ հավասարաչափ զոլավոր։ Առավել հաճախ տեսանելի է թռիչքի պահին կամ չուի ժամանակ։ Կերակրվում է գետնին՝ հորիզոն, դիրքով։ Բնակվում է սաղարթավոր և խառնանտառներում, անտառեզրերին։

Սնունդը

Սնվում է առավելապես մեղուների և կրետների թրթուրներով, մանր ողնաշարավորներով։ Մարմնի կառուցվածքով, ճակատի, բերանի անկյուններում և աչքերի շուրջը մանր փետուրների առկայությամբ հարմարված է կրետների և մեղուների թրթուրներով սնվելու վտանգավոր ու դժվարին միջոցին։ Ոտքերի փետրազուրկ հատվածները պատված են հաստ, կոշտ, մանր եղջերացած վահանիկներով, որոնք պաշտպանում են գազազած կրետների ու մեղուների հարձակումներից։

Բազմացում

Վաղ գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին՝ փոքր երամներով։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից, կանաչ տերևներից՝ ծառերին։ Դնում է 52 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2 ձու։ Թխսակալում է էգը՝ 34-38 օր (մասնակցում է նաև արուն)։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 49-րդ օրը՝ լիարժեք փետրածածկով։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում