Տեղի կունենա «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը

«Քայթլաբ» ընկերությունը Հայաստանում կազմակերպում է «Կլիմայական գամբիթ 2023» շախմատի մրցաշար, որն անց է կացվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչության հովանու ներքո և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, Հայաստանի շախմատի ակադեմիայի, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) և Երևանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ:

Մրցաշարը տեղի կունենա ս.թ. հուլիսի 22-ին, ժամը` 11:00-ին, ՄԱԿ-ի կողմից հռչակված շախմատի միջազգային օրվա կապակցությամբ (20/07/2023), Երևանի բուսաբանական այգում: Այն նվիրված է կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը և կլիմայական օրակարգում հանրային մասնակցության կարևորությանը:

«Կլիմայական գամբիթ 2023» մրցաշարը բաղկացած է թիմային և անհատական խաղերից: Նախատեսում ենք նաև սպորտի, արվեստի և գիտության հաղորդակցության միջոցառումներ, որոնք կխրախուսեն առողջ կենսակերպ և կայուն զարգացմանը նպաստող վարքագիծ:

Կմրցեն շախմատիստներ ամբողջ Հայաստանից: Ակնկալվում է, որ միջոցառմանը ավելի քան 500 այցելու կմասնակցի, ներառյալ` քաղաքականություն մշակողների, գործարար ոլորտի, միջազգային դիվանագիտական կառույցների, միջազգային ընկերությունների ներկայացուցիչների, երիտասարդների, կրթության, գիտության և արվեստի ներկայացուցիչների:

Մրցաշարին մասնակցելու համար, հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով` https://www.mountincredible.com/cg-registration :

Մրցաշարի կանոնադրությունը հասանելի է այս հղումով:

Առաջին տեղ զբաղեցնող շախմատիստին աջակից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կհատկացնի դրամական մրցանակ` 200.000 ՀՀ դրամի չափով: Իսկ մյուս հաղթողները կստանան նվեր քարտեր Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցային համալիրի, Բուկինիստ գրախանութների ցանցի, Աէրո ակումբի, ինչպես նաև «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից:

Մրցաշարին զուգահեռ կանցկացվեն մի շարք միջոցառումներ` կլիմայի և շրջակա միջավայրի մասին զրույցներ, դպրոցահասակ երեխաների համար շրջակա միջավայրի վերաբերյալ խաղեր: Հասանելի կլինեն շախմատի խաղաքարեր և տախտակներ հանրության համար: Միջոցառումներին մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է վճարել այգու մուտքավճարը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում