Պատին մեխված և լվացքի պարանին «չորացող» ճուռակներ. Բարբարոսությանը «մասնակից» է նաև երեխա
![](https://econews.am/disk/23-11-17/9245c5751ffb92c255290abb3959c2da.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/e1e160a6493469c91a024b78e4bda3c0.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/55726e3ee75951f48ffda7eeb7ea1b10.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/e24ae9c4c2dee5cc50e93ae04f5c90d5.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/6737d1fa36d77e9a729c9030d5174253.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/c242e056208a50a06b05ea7f4416a31d.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/a2266c1d6ed97c0dff68c3ed2cd97e90.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/c180f2ba1fea2d1ba05cfafa3f5f6658.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/ef78542a91453329e92a6a7655c006e6.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/c59ad49e1fcff2d11b77a9caeb9339f1.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/f3d14c694ece5fe96186f642c4f27438.jpg)
![](https://econews.am/disk/23-11-17/988a0d79b040dbd5fcd93ffdb739bde2.jpg)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ուշագրավ դեպքեր հայ հասարակության առօրյայից, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ բուսական կամ կենդանական աշխարհի հետ: Այս անգամ կայքը հավաքագրական կերպով ներկայացնում է տարբեր քաղաքացիների կողմից կենդանիների կողմից դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքեր, որոնք աչքի են ընկնում առանձնակի բարբարոսությամբ:
Առաջին դեպքը, որին կանդրադառնանք, տան առաջնամասում մեխված թռչունն է: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունը ցախաքլորաորս է: Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի բնակիչ Անդրանիկ Բաղդասարյանը հավանաբար կարծում է, որ հենց միջազգային IUCN Կարմիր ցուցակում ընդգրկված այս կենդանին է, որ պետք է «զարդարի» իր տան մուտքը:
Ցախաքլորաորսը քիչ տարածված, նստակյաց տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); D1: Հայաստանում թռչունը տարածված է անտառային գոտիներում` գրեթե ամբողջ հանրապետությունում: Նախնական գնահատման համաձայն՝ ներկայումս Հայաստանում բնության մեջ հանդիպում են մոտ 40–60 զույգեր: Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն, վտանգման ամենաուժեղ ազդեցությունն է թողնում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը: Հերթական սպառնացող վտանգ կարող է հանդիսանալ գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ տնային պայմաններում թռչնին պահելու համար: Այսինքն, այս տեսակի կենդանիների հաճախ որսում են և վաճառում մի շարք արաբական երկրներ: Առնվազն 3 զույգ բնադրում է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, ինչպես նաև «Խոսրովի անտառ» արգելոցում: Հավանական է այս տեսակի ներկայությունը «Շիկահող» արգելոցում:
Պակաս ուշագրավ չէ, որ այս գործընթացին մասնակցում է նաև մանկահասակ երեխա, որը բազմաթիվ լուսանկարներում տարիքին ոչ համապատասխան վարք է դրսևորում: Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում ոչ միայն «ապօրինի» որսի տեսանկյունից:
Նշենք, որ տվյալ անձն ակտիվորեն զբաղվում է նաև գայլերի, նապաստակների որսով, ինչին կրկին մասկանակից է դառնում մանկահասակ երեխա:
Նույն անձնավորության կողմից բեռնված հաջորդ լուսանկարում սպանված է կովկասյան մայրեհավ, որը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև IUCN Կարմիր ցուցակում: Լուսանկարը բեռնվել է 2014թ.-ին:
Հոգեբան Արկադի Մեհրաբյանը պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ունեցող մարդը, նշեց, որ հոգեբանական խնդիրները տարբեր կարող են լինել, բայց այն, որ դրանք կան՝ միանշանակ է: «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական: Ագրեսիան ինքն իրենով և՛ հոգեբանական, և՛ հոգեբուժական, և՛ նյարդաբանական խնդիրներ է ենթադրում: Դա էլ իր հերթին կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ գենետիկ ֆոն, ուղեղի թերհասունացում, դաստիրակաության կոմպլեքսներ և այլն: Եթե անգամ դաժանություն է ցուցաբերվում անշունչ առարկայի նկատմամբ, արդեն խնդիր է ենթադրում»,- ասաց նա:
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ևս մեկ ակնհայտ դեպքի մասին է վկայում Գևորգ Ղարագյոզյանի կողմից 2011թ.-ին բեռնված ստորև ներկայացված լուսանկարը: Լուսանկարում գիշատիչ թռչուն է՝ ճուռակ, սակայն դժվար է կոնկրետ ենթատեսակ նշելը: Սպանված թռչնի համար, ըստ ամենայնի, որպես «ամենահարմար» վայր ընտրվել է լվացքի պարանը:
Ճուռակները կազմում են բազեանմանների կարգի գիշատիչ թռչունների ընտանիքը: ՀՀ-ում բնադրում են 27 տեսակ, որոնցից 11 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Եվս մեկ լուսանկար բեռնված նույն անձի կողմից 2017թ.-ին: Լուսանկարում սպանված կրետակերներ են:
Կրետակերը ճուռակների ընտանիքի թռչուն է, բնադրող-չվող և քիչ տարածված։ Նշված տեսակն ընդգրկված է IUCN Կարմիր ցուցակում: Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին։
Սպանված թռչունների քանակից կարելի է ենթադրել, որ որսը տեղի է ունեցել թռչունների չուի ժամանակ:
Այնուամենայնիվ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին դրույթ գոյություն ունի միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածում, որով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանք: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասասց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն օրենքը չի կիրառվում, մարդիկ չեն կարողանում ահազանգել իրավապահ մարմիններին, իսկ ահազանգելու դեպքում էլ այն մնում է անպատասխան:
Նշենք նաև, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից նման դեպքերի հրապարակումն ու լուսաբանումը միտված է հասարակությանը ցուցադրելու դրանց բացասական կողմերը և փոխելու կարծրացած նորմերն ու վարքագիծը:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-10-22/42b7737ae395b2f30fda70a4912287ba.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)