Ո՞վ է խնամում Մանվել Գրիգորյանի շներին. ինչպիսի՞ն կլինի կենդանիների ճակատագիրը (տեսանյութ)

Հունիսի 29-ին ահազանգ հնչեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցի հարակից տարածքների բնակիչներից այն մասին, որ տարածքում պահվող ցեղային շներն անհանգիստ են, նրանք անդադար աղմկում են, անգամ գիշերները՝ անհանգստացնելով տեղի բնակիչներին: Ահազանգողը հայտնել է, որ հավանաբար կենդանիները սոված են և մնացել են առանց անհրաժեշտ խնամքի: Այս ահազանգին անմիջապես արձագանքել է կենդանապաշտպան հասարակությունը:

Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող շներ, 18.06.2018

«Դինգո թիմը» բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին և հարցի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին: «Դինգո Թիմը հայտնում է իր պատրաստակամությունն՝ իր վրա վերցնելու շների խնամքը և նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը»,- ասված է բաց նամակի մեջ:

«Դինգո թիմի» անդամ Օվսաննա Հովսեփյան, «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյան

«Դինգո թիմի» անդամ Օվսաննա Հովսեփյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում նշեց, որ կենդանապաշտպանները երկար ժամանակ չեն կարողացել կապ հաստատել ամառանոցում շների խնամքով զբաղվող անձի հետ: Սակայն, ի վերջո, կապնվելուց հետո խնամողը նրանց հայտնել է, որ կենդանիները սոված կամ ծարավ չեն, այլ նրանք անհանգիստ են և ոռնում են, քանի որ նախկինում նրանց «տերը» որոշ ժամանակով կենդանիներին ազատ է արձակել վանդակներից և նրանք զբոսնել են, սակայն այժմ, կենդանիները չունեն այդ հնարավորությունը:

Ներկայացված տեսանյութում (նկարահանումն արվել է 18.06.2016) երևում է, որ կենդանիները պահվում են նեղ և փոքր վանդակների մեջ և զբոսնելու հնարավորությունից զրկված լինելու պարագայում, շների վարքագիծը բնական է:

Նշենք նաև, որ կենդանապաշտպանները երկար ժամանակ փորձել են կապ հաստատել պատասխանատու պատկան մարմինների հետ, սակայն, քանի որ ՀՀ-ում գոյություն չունի կենդանիների խնդիրներով զբաղվող կառույց, պետական մարմինները հարցը բարդել են մեկը մյուսի վրա:

Ոլորտում առկա ընդհանուր իրավիճակի մասին մենք խոսեցինք նաև «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, ով ասաց. «Տարիներ շարունակ մենք ահազանգել ենք այն մասին, որ թե՛ հատուկ ծառայությունները, թե՛ իրավապահ մարմինները պետք է անպատճառ վերահասու լինեն իրավիճակին՝ սկսած ԱԻՆ-ից մինչև ոստիկանություն, որովհետև կախված կենդանիների շուրջ առաջացած խնդիրներից, այստեղ պետք են հատուկ միջոցներ ձեռնարկել, այդ թվում նաև բնակչության վերահսկողության տեսանկյունից: Եվ երբ մենք խոսում ենք սեփականության կամ տիրապետման իրավունքով կենդանիներ ունենալու մասին, ապա այստեղ միանշանակ դաժան վերաբերմունքից մինչև նրանց պահման կանոններ, ընդհանուր բնակչության համակեցության խնդիրներ, առաջ գալիս են: Չէ՞ որ, եթե իրավիճակը վերահսկելի չէ, մենք չգիտենք ընդուպ՝ ի՞նչ են ուտում այդ կենդանիները, ինչպե՞ս են օգտագործվում այդ կենդանիները, ի՞նչ պայմաններում են դրանք պահվում և ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել իրենք իրենց և շրջապատի համար, այդ թվում՝ մարկային հասարակության»:

Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյան

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այս պարագայում, բնականաբար, կենդանիները զոհ են բոլոր առումներով, բայց ցավալիորեն այսպիսի իրավիճակները չեն կարող անկախ լինել մարդկանցից և հետևաբար մարդիկ ևս տուժում են:

«Այսօր, երբ փաստացի նրանց տերերը չեն գտնվում կենդանիների կողքին անկախ հանգամանքից, պարզ չէ, թե որտեղ է այն վաղուց Հայաստանում անհրաժեշտ ծառայությունը, որը կենդանիների նկատմամբ պետք է պատասխանատվություն ստանձնի և ոչ թե մենք՝ առանձին քաղաքացիներս կամ լրատվամիջոցներն անհանգստանան իրավիճակի շտկման համար և չունենան որևէ իրավասություն կամ լծակ խնդիրն առաջնահերթ լուծելու համար»,- մանրամասնեց նա:

Նույն օրը՝ հունիսի 29-ին, «Դինգո թիմի» անդամ Գոհար Մանուշակյանն այցելել է նշված տարածք: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ կենդանիներն ունեն խնամակալ, որը նրանց հետևում է. կենդանիները սովամահ չեն լինում: Ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի կենդանասերները պետք է կրկին այցելեն շներին՝ համոզված լինելու նրանց պատշաճ խնամք ստանալու մեջ, մինչև խնդիրը ստանա վերջնական լուծում:

«Դինգո թիմի» անդամ Գոհար Մանուշակյան

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում