Ահազանգ. վայրի գիշատիչ թռչունը՝ 40-ամյա կնոջ ձեռքերում

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Այս անգամ հնչել է ահազանգ վայրի գիշատիչ թռչնի՝ «կասկածելի» պայմաններում գտնվելու մասին։ Տավուշի մարզի Այրում քաղաքի 40-ամյա բնակիչ Ժենյա Անանյանի ձեռքերում դեռևս ողջ գիշատիչ թռչնատեսակ է։

Թռչնադիտարկման փորձագետ Սիրանուշ Թումանյանը մեզ հետ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրույցում նշեց, որ լուսանկարում կրետակերի /Pernis apivorus/ երիտասարդ առանձնյակ է և թռչունը դեռ ողջ է:

2020թ.-ի հուլիսի 26-ին բեռնված լուսանկարում տեսանելի է, որ թռչունը ոտքից կապված է ինչ-որ պարանով: 

Կրետակերը ճուռակների ընտանիքի թռչուն է, բնադրող-չվող և քիչ տարածված։ Նշված տեսակն ընդգրկված է IUCN Կարմիր ցուցակում: Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին։ Բնակվում է սաղարթավոր և խառնանտառներում, անտառեզրերին։

Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»: 

Բացի վերոնշյալ օրենքում առկա կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման բազմաթիվ կարգավորումներից ու սահմանափակումներից, նշենք նաև, որ վերջին տարիներին որսի համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով վերոնշյալ կենդանատեսակի որսը թույլատրված չէ: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում