«Եթե առյուծ ունեմ, ուրեմն ուժեղ եմ»․ ի՞նչ է սպասվում բանտարկված կենդանիներին /մաս 2/

Առաջին մասը կարդացեք «Հայաստանի անտառներում կարող են կապիկներ հայտնվել․ Lուծումներ փնտրելիս /մաս 1/» հոդվածում։

Նախորդ հոդվածում Արևիկ Մկրտչյանի, Արսեն Գասպարյանի, Ոսկեհատ Գրիգորյանի և Իման Մեմարիանի օգնությամբ քննարկել ենք «Կրկեսն առանց կենդանիների» գաղափարի առաջացման և իրագործման պատմությունը, ինչպես նաև ուսումնասիրել ենք Հայաստանի անտառներում կապիկներ հայտնվելու վտանգը։ Այս հոդվածում հոգեբան Ռաֆայել Պետրոսյանի օգնությամբ կդիտարկենք նաև տնային պայմաններում վայրի կենդանիներ պահելու մոլուցքի առաջացման պատճառները։

Վայրի բնության կենդանաբույժ Իման Մեմարիանը կարծում է, որ վայրի կենդանի պահելու մոլուցք ունեցող 2 տեսակի մարդիկ կան՝ 1-ինը նրանք, որոնք պարզապես գիտելիք չունեն այն մասին, ինչ անում են, և 2-րդը՝ նրանք, որոնք օգուտ ունեն այդ ամենից։

Իման Մեմարիանը՝ խոսելով տնային պայմաններում վայրի կենդանի պահելու դեպքերի մասին ասում է․ «Նրանք ընտանի են դարձնում վայրի բնությունը, ցույց են տալիս վայրի կենդանուն որպես ընտանի, հատկապես, հարուստ մարդիկ հետաքրքրված են ունենալ ընտանի առյուծ շան փոխարեն, քանի որ նրանք մտածում են․ եթե ես ունեմ առյուծ որպես ընտանի կենդանի, ես ավելի ուժեղ կերևամ, նրանք կմտածեն, որ ես ուժեղ եմ, ուստի, ես կպահեմ առյուծ կամ վագր, կամ այլ կենդանի որպես ընտանի»։

Խոսելով նրանց մասին, որոնք պարզապես գիտելիքի պակաս ունեն, Իմանն ասում է․ «Առաջին տեսակի մարդիկ չգիտեն, որ վնասում են տվյալ կենդանուն, միևնույն ժամանակ՝ վայրի բնությանը։ Առաջին քայլով պետք է կրթել նրանց․ հանրային իրազեկումը շատ կարևոր կլինի, քանի որ նրանցից շատերը սիրում են կենդանիներին, բայց նրանք չգիտեն, որ սիրելու այս ձևը վնասում է կենդանուն, մինչև անգամ՝ բնությանը։ Նրանցից շատերը կհասկանան և կփորձեն փոխել իրենց վարքագիծը։

Բայց մարդկանց 2-րդ տեսակն օգուտ ունի այդ ամենից, օրինակ՝ սոցիալական մեդիայում հետևորդներ են հավաքում կամ փորձում են գովազդել վայրի բնության առևտուրը՝ վաճառելու համար ավելի շատ ձագեր, ուստի նրանք օգուտ ունեն և դու չես կարող կրթել այս մարդկանց։ Այստեղ կարիք կա կանոնների և կառավարությունը պետք է ներգրավված լինի, նրանք պետք է ասեն, որ սա ապօրինի է, այստեղ կրթության հարց չէ։ Այս խումբ մարդիկ պետք է լինեն հսկողության տակ ու պետության միջամտությունն է հարկավոր»։

Դեպք 1․ Բարսիկ կապիկը (ռեզուս մակակ) հանդիսավար Գայանե Հապետյանի «խնամքի» ներքո է, մասնակցում է հանդիսությունների։ Գայանե Հապետյանը նաև սև մանգաբեյ տեսակի կապիկ է ձեռք բերել՝ Գրինչ անունով։ Կենդանիները չեն ստանում որևէ մասնագիտական խնամք, ուտում և խմում են ինչ պատահի և օգտագործվում են սոցիալական հարթակներում ակտիվություն ապահովելու նպատակով։ Իման Մեմարիանը կարծում է, որ Բարսիկը լուրջ պսիխոպաթիկ խանգարումներ ունի։ 

iPhone = կապիկ

Փորձելով պարզել, թե ինչո՞ւ են մարդիկ տնային պայմաններում վայրի կենդանիներ պահում, զրուցել ենք բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանի հետ, որը նշում է, որ աշխարհում անգամ համալսարաններ կան, որոնք զբաղվում են կենդանի-մարդ փոխհարաբերությունների հոգեբանական ասպեկտների հետազոտմամբ։ Վերջին ուսումնասիրություններից մեկով ապացուցվել է, որ մարդու ուղեղում կան նեյրոններ, որոնք արձագանքում են միայն կենդանական աշխարհին։ Այսպիսով, հոգեբանիկարծիքով, սա նաև մարդու ենթագիտակցական ձգտումն է դեպի բնությունը, քանի որ այսօր մարդը կարծես կտրվել է բնությունից, ուստի ինչ-որ տեղ վայրի կենդանի պահելով բնության մասը լինելու կարիքն է բավարարվում։ 

Ռաֆայել Պետրոսյան, հոգեթերապևտ, կլինիկական հոգեբան

Առհասարակ կենդանի պահելու շարժառիթները, ըստ Ռաֆայել Պետրոսյանի, տարբեր են․ «Շատ հաճախ մարդն այսպիսով նաև սոցիալիզացիայի խնդիրն է լուծում, այսինքն՝ իր անապահովության զգացումի, անուշադրության մատնված լինելու, միջավայրում ունեցած խնդիրների, միայնակության, չհասկացված լինելու, կարևոր չլինելու և մի շարք այլ խնդիրներ։ Հաճախ կարևոր լինելու կարիքն է բավարարում, որովհետև մարդը գտնում է մեկին, որի համար ինքը կարևոր է, որն իրեն սպասում է, ներքին, խորքային կարիքներ է բավարարում։ Դրա հաշվին ունենում են դրական էմոցիաներ և կարիքների մասնակի բավարարում»,- մանրամասնում է հոգեբանը։

Դեպք 2․ նախկին դերասանուհի Կայա Խուրշուդյանի սոց․ էջերից ակնհայտ է դառնում, որ վերջինս 2՝ ռեզուս մակակ և վերվետ տեսակի կապիկներ է պահում։

Եվ ընդհանրապես պարտադիր չէ, որ այդ կարիքները լինեն գիտակցական, դրանք կարող են լինել ենթագիտակցական ու որպես կանոն հենց այդպիսին են։ «Այսինքն, այդ մարդը չի գիտակցում, հատուկ չի մտածում՝ գնամ այսինչ բանն անեմ, որ իմ այս կամ այն կարիքը բավարարվի, ո՛չ, հակառակը, դրա տակ կարող է լրիվ այլ միտք լինել, բայց հիմքում հենց այդ խորքային կարիքներն են ընկած»,- ասում է նա։

Խոսելով վայրի կենդանիներ պահելու մոլուցքի մասին Ռաֆայելն ընդգծում է․ «Մեծ, ուժեղ կենդանիներ պահելու միջոցով բավարարում են ուժեղ լինելու կարիքը, ինքնահաստատման, ինքնագնահատականի բավարարման։ Էկզոտիկ կենդանիների դեպքում բերեմ iPhone-ի օրինակը․ կա մարդ, որն առաջնորդվում է՝ «բոլորը iPhone են բռնում, ես էլ բռնեմ» տրամաբանությամբ։ Կրկին սոցիալիզացիայի, ինքնագնահատականի, ինքնահաստատման հարց է»։

Գագիկ Ծառուկյան

Ըստ հոգեբանի՝ այստեղ կենդանին բրենդի դեր է տանում, բայց կրկին բացառություններ լինում են, քանի որ նույն iPhone-ը մեկը բրենդի համար է օգտագործում, մյուսը՝ ֆունկցիաների։

«Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության համահեղինակ Արևիկ Մկրտչյանն ասում է․ «Զարմանում եմ, թե ինչպես են հեթանոսության շրջանում հայերն ունեցել կենդանիների պաշտամունք, իսկ քրիստոնեության շրջանում, այն էլ այժմյան զարգացած աշխարհի պայմաններում, ձևավորել կենդանիների հաշվին փող աշխատելու պաշտամունք։ Սա պիտի միանշանակ արգելվի, իսկ վայրի կենդանու՝ անազատության մեջ պահելը պիտի ունենա կոնկրետ նպատակ: Այսօր զարգացած աշխարհը ոչ միայն արգելում է կրկեսներում կենդանիների ցուցադրությունները, այլև վերափոխում կենդանաբանական այգիներն արգելոցների ու գենետիկ բանկերի:

Արևիկ Մկրտչյան, «Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության համահեղինակ, Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն

Վանդակի մեջ կենդանուն ցուցադրելու երևույթը, որին տեսնելու համար մարդիկ գումար են վճարում, ունի մեկ որակավորում՝ թրաֆիքինգ։ Ու եթե կենդանաբանական այգին միայն դրանով է զբաղված, ուրեմն պիտի փակվի:

Կենդանիներին տեսնել և դիտարկել պետք է իրենց բնական միջավայրում, կետերին՝ օվկիանոսում, ընձուղտներին՝ սավաննաներում: Սա է զարգացած աշխարհի ապագան»:

ՀՀ ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն ընդգծում է, որ մենք լուրջ խնդիր ունենք էկոկրթական մակարդակը բարձրացնելու, հասարակության ընկալումը և ճանաչողությունը բնապահպանական շատ հարցերում զարգացնելու, ընդլայնելու, իրավական ճիշտ կարգավորումներ սահմանելու ուղղությամբ։

Ոսկեհատ Գրիգորյան, ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ

«Ձեռնարկվող բոլոր քայլերը միտված են լինելու լուծել այս խնդիրները»,- վստահեցնում է նա։

«Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության մյուս համահեղինակ, Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը կարծում է, որ ցանկացած որոշում ընդունելուց առաջ, պետք է հաշվի առնել դրա կիրառման հավանականությունը։

«Դեռ շատ մարդիկ կան, որ վայրի կենդանիներին բանտարկելու անթույլատրելիությունը չեն գիտակցում և դա ավելի երկարաժամկետ կրթության հարց է ու ամենօրյա աշխատանքի։ Մարդկանց պետք է հասցնել, որ վայրի կենդանիների տեղը բնությունն է ու զվարճանքի համար նրանք չպետք է օգտագործվեն։ Մենք բոլորս պահում ենք ընտանի կենդանիներ, որոնք հազարամյակներով ընտելացվել են և մեր առօրյայի մաս են կազմում, բայց վայրի կենդանիների տեղը դա չի, դա բերում է խանգարումների ու խնդիրների»,- պնդում է նա։

Երևան, 2022թ․

Կապիկների ծաղիկը, սպառնացող ինվազիան և գլամուր տիկնայք

«Որևէ կառույց հաշվի չի՛ առնում ո՛չ անտրոպոզոոնոզ հիվանդությունների տարածման ռիսկը, նույն կապիկների դեպքում՝ հերպես Բ վիրուսը, որը մահացու է մարդու համար, կամ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած կապիկների ծաղիկը, ո՛չ հանրության անվտանգության հարցը, եթե, օրինակ, հարևանդ իր տանը կոկորդիլոս է պահում, և առավել ևս խոսք անգամ չկա այդ կենդանիների բարեկեցության ապահովման մասին:

Կենդանիների տանջանքի հաշվին որոշ շրջանակներ կա՛մ լցնում են իրենց գրպանը, կա՛մ ինքնահաստատվում տանն առյուծներ կամ այլ` վտանգավորության Ա դաս ունեցող կենդանիներ պահելով՝ դա ներկայացնելով որպես կենդանասիրություն»,- ասում է Արևիկը:

Հոգեբան Ռաֆայել Պետրոսյանի խոսքերով այդպիսի մարդիկ իսկապես հավատացած են, որ շատ են սիրում իրենց կենդանիներին։ «Կա նաև հետազոտություն, որով ապացուցվել է, որ հատուկ ուշադրություն են գրավում այն կենդանիները, որոնք նման են մարդկային նորածին երեխային, այսինքն՝ մեծ ճակատով, մեծ աչքերով, իսկ կապիկն այդ առումով ամենամոտն է։

«Ռեզուս մակակների 76 տոկոսն ունեն դրական հերպես b վիրուս։ Տարբեր հիվանդություններ, ինչպիսին են՝ տուբերկուլյոզը, մի քանի տեսակի մակաբուծային հիվանդություններ, շատ հիվանդություններ կարող են անցնել ռեզուս մակակից մարդուն և հակառակը»,- ասում է միջազգային կենդանաբույժ Իման Մեմարիանը։

Այս պարագայում, միջին տարիքի կանայք կապիկ պահելով ինչ-որ տեղ մայրական բնազդի հարցն են լուծում, ինչ-որ տեղ՝ կարևոր լինելու, ինչ-որ տեղ՝ իշխելու հարցն է, քանի որ ինքն է տերը, ինքը կարևոր է, ինքն ուժեղ է, մյուս կողմից՝ մայրական զգացողությունները՝ ինքը սիրի, ինքը խնամի, ինքը լավը լինի և այլն»,- բացատրում է Ռաֆայել Պետրոսյանը։

Ռաֆայելը կարծում է, որ այստեղ կա նաև էկզոտիկայի հարցը․ «Ես առանձնանում եմ, աչքի եմ ընկնում, ուշադրություն եմ գրավում դրանով, հատկապես՝ անձի հիստերոիդ խանգարում ունեցողները, որոնք ունեն խրոնիկ ուշադրության և կարևոր լինելու կարիք, կենդանու միջոցով մեդիա կհավաքեն իրենց շուրջը, փողոցում մարդիկ կհավաքեն և այլն։ Կապիկն իրենց ուշադրության կարիքը լրացնելու միջոց է»,- մանրամասնում է նա։

Դեպք 3․ Կապիկների «սիրահարների» բլոգ

Խոսելով կապիկների խնդրի մասին, Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյանն ասում է․ «Կապիկների հարցն ընդհանրապես սուր է և շատ լուրջ, ու ցավում եմ, որ այսօր պատկան մարմինները տեղեկացված չեն այն խնդիրների մասին, որոնց կարող ենք բախվել որպես հանրություն պետական անգործության արդյունքում: Չե՛ն կարդում, չե՛ն ուսումնասիրում այլ երկրների փորձը, թեպետ մեր՝ հարկատուներիս հաշվին պարբերաբար գնում են վերապատրաստումների և գործուղումների:

Օրինակ վերջերս ֆրանսիական AIRFRANCE ավիաուղիներն հրաժարվել է իր ինքնաթիռներով կապիկներ տեղափոխելուց, և ես հորդորում եմ մեր չինովնիկներին կարդալ դրա պատճառների մասին, ու նույն կերպ ընդհանրապես արգելել կապիկների ներմուծումը ՀՀ, հաշվի առնելով, որ միջազգային հարթակում արդեն իսկ դիրքավորվել ենք որպես աֆրիկյան երկրների մակարդակին դասվող երկիր»:

2022թ․-ի հուլիս ամսին մերձմոսկովյան շրջանում սև մանգաբեյ տեսակի կապիկը հարձակվել է երեխայի վրա։

«Նրանք կարող են մեկ անգամից ձեր մատը պոկել։ Մակակների ընտանիքում ռեզուս մակակներն ամենաագրեսիվներն են, հատկապես 3 տարեկանից հետո անհնար է նրանց պահել որպես ընտանի կենդանի։ Նրանք դառնում են իսկապես ագրեսիվ, հատկապես՝ արուներն ունեն հսկայական ժանիքներ»,- պատմում է փորձառու կենդանաբույժը։

Մեմարիանը վստահ է՝ գալու է մի պահ, երբ կապիկ պահողները մտածելու են՝ «լավ, ի՞նչ կարող եմ ես անել այս կենդանու հետ»։ ««Լավագույն» որոշումը կլինի վերադարձնել նրանց բնություն, բայց ի՞նչ բնություն, նրանք չեն պատկանում այս բնությանը։ Նրանք շատ-շատ դիմացկուն են, կարող են դիմակայել թե ցուրտ, թե շոգ եղանակին, նրանք ամենակեր են՝ ուտում են ամեն ինչ, ուստի նրանք կարող են այս տարածաշրջանում պոտենցիալ ինվազիվ տեսակ հանդիսանալ»,- մանրամասնում է նա:

Նա ընդգծում է, որ նման խնդիր արդեն առաջացել է Իրանի հյուսիսային հատվածի անտառներում՝ թակարդ-տեսախցիկները նկարել են ռեզուս մակակ տեսակի կապիկի, ուստի նրանք արդեն իսկ ինվազիայի վտանգ են այնտեղի համար։

Իմանը մասնագիտորեն ներկայացնում է․ «Երբ այսպիսի ինվազիվ տեսակ եք ունենում, ապա հեռացնել նրանց բնությունից շատ դժվար գործընթաց է դառնում՝ ժամանակային, գումարային և այլ առումներով։ Նրանք ունակ են ուտելու բոլոր նորածին կաթնասուններին և թռչունների ճտերին։ Այս կլիմայի և բնամիջավայրի պայմաններում ոչ մի կենդանատեսակ չունի այս նոր տեսակից պաշտպանվելու էվոլուցիոն միջոց․ այս կապիկները կարող են օգտագործել ձեռքերը, ունեն հսկայական ժանիքներ, կարող են ձեռքը ներս մտցնել, կարող են մագլցել, այնպես որ ոչ մի թռչուն, ոչ մի կաթնասուն, կրծող, երկկենցաղ չի կարող պայքարել այս տեսակի դեմ»։

Ճի՞շտ տեղում ենք փնտրում լուծումները

«Հանրային ակտիվ համագործակցությամբ դաշտում առկա բացերի վերհանումն ու խնդիրների լուծումն արդյունավետ գործիք է, միևնույն ժամանակ գտնում եմ, որ բոլոր որոշումները պետք է լինեն նաև գիտահեն։ Խնդիրն ավելի լայն է, քան կոնկրետ որևէ տեսակի շուրջ ծավալվելը, դրա համար էլ իրականացվեցին օրենսդրական փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի բոլոր հարցերին համապարփակ մոտեցում ապահովել»,- խոսելով կապիկների առկա խնդրի և հնարավոր բարդությունների մասին ասում է Ոսկեհատ Գրիգորյանը։

Արսեն Գասպարյանի խոսքով՝ հանրության կարևոր գործիքներից մեկը e draft համակարգն է, որտեղ քննարկման են դրվում իրավական նորմերը։ «Մարդիկ կարող են մտնել և քվեարկել, իրենց կարծիքը հայտնել։ Հարթակն այդ նպատակով է ստեղծվել, բայց լայն հասարակությանը հայտնի չէ, եթե չլինեն ինչ-որ նախաձեռնող ուժեր, որոնք կտարածեն, կպայքարեն, ապա դժվար է մարդուն ստիպել դա ինքնուրույն անել»,- ասում է նա։

Արսեն Գասպարյան, «Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնության համահեղինակ, Բուսաբանության ինստիտուտի տնօրեն

Նրա խոսքով՝ եթե դաշտը կարգավորված չէ, մարդկանց մեղադրել, որ գնում են, պահում են, այդքան էլ ճիշտ չէ։ «Մենք պետք է գանք այն կողմից, որ անհրաժեշտ է այդ ոլորտը կարգավորել, եթե մարդը գիտակից չէ, ինքը այդ կապիկին գնում է, որովհետև այդ կապիկը հասանելի է, բայց եթե դա ապօրինի լինի՝ կապիկն էլ հասանելի չլինի, պահելն էլ ապօրինի լինի, պարզ է, որ շատերը դա չեն անի։

Ցանկացած վայրի կենդանու, որին իր բնական միջավայրից դուրս ես հանում, տեղափոխում ես, հաստատ և՛ հիվանդություններ կարող է բերել, և՛ այլ նոր խնդիրներ առաջացնի, և՛ վտանգ ներկայացնի տիրոջ համար։ Պարզապես դա գիտակցելը շատերի մոտ չի ստացվում»,- մանրամասնում է մեր զրուցակիցը։

Դեպք 1․ Հանդիսավար Գայանե Հապետյանը ոչ միայն վնասում է կապիկներին, այլև վտանգի տակ է դնում սեփական երեխաների և այլոց անվտանգությունը։

Պետք է կարմիր գիծ քաշել

«Չես կարող մարդուն ասել՝ բե՛ր քնեցնում ենք կենդանուն, քանի որ ապօրինի ես պահում․ սիրտը կպել է, ինքը չի բերի, չի կարողանալու դա անել, արդյունքում մենք ունենալու ենք մի վիճակ, երբ մեծ մասն ապօրինի է լինելու, չենք էլ իմանա, որ նրանք կան։ Կարմիր գիծ քաշելն է մնում»,- ասում է Արսեն Գասպարյանը՝ խոսելով արդեն իսկ մարդկանց տիրապետության տակ գտնվող կենդանիների ճակատագրի մասին և շարունակում,- «Յուրաքանչյուր տնտեսվարողի կամ անհատի հետևից էլ չենք կարող վազել, չունենք այդ կարողությունը, դա դառը իրականությունն է։ Դրա մի տարբերակն այն է, որ մարդիկ գրանցեն այն կենդանիներին, որոնք հիմա կան, ու դրանով կարմիր գիծ քաշենք, որ դրանից հետո ինչ եղավ, ծագումը եթե չկա, թույլտվություն չկա, դա համարվում է ապօրինի՝ իր բոլոր հետևանքներով։ Ես միակ տարբերակն այդ եմ գտնում, բայց խնդիրն այն է, որ այդ մարդկանց գրանցած կենդանիներն արդեն մշտական մոնիթորինգի տակ պետք է լինեն»։

Արսեն Գասպարյանը ցավով արձանագրում է․ «Եթե ես իմանայի, որ մենք այդքան կարողություն ունենք, որ կարող ենք գնալ յուրաքանչյուրի հետևից, ես կասեի եկե՛ք, բայց չունենք, իրատեսական չէ»։

«Հանրությունը վաղուց է ցույց տվել իր վերաբերմունքը նման բացասական երևույթների նկատմամբ, որի վառ օրինակը Կրկեսն առանց վայրի կենդանիների նախաձեռնությունն է»,- ասում է Արևիկ Մկրտչյանը,- «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք արժանի կրողն ենք հնամենի քաղաքակրթության, ու այս քայլով նաև փրկում ենք մեր երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում»:

Խոսելով այլ երկրներում խնդրի լուծման ուղղությամբ առկա փորձի մասին նա նշում է, որ չկա աշխարհում որևէ զարգացած երկիր, որտեղ կենդանին վանդակում տանջվի, որովհետև աշխարհը մեզ ընկալում է հենց կենդանիների նկատմամբ մեր վերաբերմունքով: «Խնդրին պետք է ցուցաբերել համակարգված մոտեցում. սկզբից լուծել եղած կենդանիների բարեկեցության ապահովման հարցերը հնարավոր բոլոր տարբերակներով, իսկ հետո, իմ կարծիքով, գնալ արմատական ճանապարհով՝ արգելելով վայրի կենդանիների պահումն անհատների կողմից ընդհանրապես: Ցավում եմ, որ իմաստուն և հնամենի Հայաստանի հեղինակությունն այսօր այս մակարդակում է, և դրա պատասխանատուն միմիայն մեր պետական ապարատն է»,- պնդում է նա:

Այլ երկրների փորձի մասին խոսել է նաև միջազգային կենդանաբույժ Իման Մեմարիանը։ Նա ասում է, որ, ցավոք, ոչ բոլոր քաղաքակիրթ երկրներում է խնդիրը լուծված, օրինակ՝ ԱՄՆ որոշ նահանգներում սարսափելի վիճակ է, բայց կան զագացած երկրներ, որտեղ լուծման լավ տարբերակ են գտել։ Այդպիսի երկրներում պատրաստվել է «դրական ցուցակ», այսինքն, այն կենդանիների ցանկը, որոնց կարելի է պահել տնային պայմաններում։ Դրանք ընտանի կենդանիներն են՝ շուն, կատու, տնային ձկներ և այլն։ Այդ ցուցակի ձևավորման ընթացքում մի շարք հանգամանքներ են հաշվի առնվում, և երբ այն պատրաստ է, որևէ մեկը չի կարող այդ ցուցակում ընդգրկված տեսակներից դուրս ինչ-որ կենդանի պահել։

Փրկարար կենտրոններ

«Միանշանակ կենդանիները չպետք է հայտնվեն վատ պայմաններում և հետո սկսենք դրանց փրկությունը։ Դրա համար, հաշվի առնելով առկա իրավիճակը և իրողությունը, օրենսդրական փոփոխությունները միտված են աստիճանական կարգագավորում տալ խնդրին, այսինքն նախատեսվում է կիրառել թույլտվությունների մեխանիզմ, ինչն արդեն իսկ կխստացնի և կբարդացնի վայրի կենդանի անազատ պայմաններում պահելու գործընթացը»,- ասում է Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ տիկին Գրիգորյանը,- «Նպատակը մեկն է՝ խստացված գործողություններով, վայրի կենդանի պահող անձանց գրանցելով, դրանց մոտ պահվող վայրի կենդանիները հաշվառելով, տարեկան կտրվածքով հաշվառման տվյալներ թարմացնելով և պահման համար խստագույն պահանջներ սահմանելով, վարչական պատասխանատվության գործիքակազմ կիրառելով՝ աստիճանաբար հասնել նրան, որ ամեն մի պատահական վայրում և պատահական անձ հնարավորություն չունենա անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահել, և հետո էլ իր անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով կենդանուն թողնել անորոշ վատ իրավիճակում, իսկ պետությանը լուրջ խնդիրների և ծախսերի առաջ կանգնեցնել։ Որպես արդյունքային նպատակ մեր երկրում ձգտելու ենք ունենալ միայն գիտական կամ մասնագիտական մոտեցմամբ վայրի կենդանիներ պահելու գործընթաց»։

2017թ․-ից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) ջանքերով Հայաստանում բացվել է վայրի կենդանիների առաջին փրկարար կենտրոնը, որը նախատեսված է բանտարկության մեջ գտնվող տասնյակ գորշ արջերի համար նոր տուն՝ ապաստարան դառնալ, որտեղ վերջիններս կստանան մասնագիտական հոգատարություն և խնամք։ Ծրագիրը շարունակվում է մինչ այժմ, 3 տասնյակից ավել կենդանիներ փրկվել են սարսափելի պայմաններից, սակայն դեռ տասնյակից ավելին սպասում են իրենց հերթին։

Արսեն Գասպարյանը վայրի կենդանիների փրկարար կենտրոնները որպես լուծում չի տեսնում։

«Ամենադասական օրինակը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հիմա ինչքա՞ն կարող է այնտեղ արջ ընդունել՝ 1՞, 10՞, 50՞․․․ ինչ-որ մի տեղ կարողությունը կվերջանա։ Չի կարող բոլորին ընդունել, նույն կերպ պետությունը չի կարող այդքան տարբեր կենդանիների մասին հոգ տանել․ յուրաքանչյուրին իր մոտեցումն է պետք, սննդակարգը և այլն։ Այսինքն, եթե դա դնենք պետության վրա, հաստատ տակից դուրս չի գա»,- եզրափակեց նա։

«Նման կետրոններ կան և գործում են աշխարհի տարբեր երկրներում և դրանց գործունեության առարկան ոչ միայն անազատ պայմաններում վատ իրավիճակներում հայտնված կենդանիների փրկության հարցն է, այլ շատ ավելի ըդգրկուն՝ բնապահպանական, գիտական և կրթադաստիարակչական աշխատանք իրականացնելը»,- ասում է Ոսկեհատ Գրիգորյանը՝ շարունակելով,- «Ավելացնեմ նաև, որ վերոնշյալ խնդրի լուծման ճանապարհին ողջունելի է նաև պետություն-մասնավոր համագործակցությունը։ Այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում՝ իրավական կարգավորումներ սահմանելու ուղղությամբ»։

-------------

Ամփոփելով մեր զրուցակիցների տեսակետները և վերլուծելով առկա իրավիճակը գալիս ենք եզրահանգման․

  • ՀՀ-ում այսուհետ գործում է կրկեսներում վայրի կենդանիների օգտագործման արգելք, որն անգամ շատ քաղաքակիրթ երկրներում դեռևս չկա։ 
  • Միևնույն ժամանակ կտրուկ աճել է տնային պայմաններում կապիկներ պահելու մոլուցքը, ինչը մեծ վտանգի տակ է դնում ոչ միայն կենդանիներին, այլև՝ ամբողջ հասարակությանն ու մեր շրջակա միջավայրը։ 
  • Բարեփոխվել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի մի շարք այլ դրույթներ, այդ թվում՝ անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու, սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ է լինելու արդեն իսկ նման պայմաններում գտնվող կենդանիների ճակատագիրը։ ՀՀ-ը չունի այդ կարողությունները, որպեսզի հոգ տանի նման քանակությամբ կենդանիների համար, միևնույն ժամանակ՝ օրենքի նոր տարբերակը հստակ հիմնավորում և նպատակներ է պահանջում վայրի կենդանի պահելու համար։ 
  • Փորձագետների կարծիքով փրկարար կենտրոններն այնքան էլ լուծում չեն, քանի որ դրանց կարողությունները ևս սահմանափակ են։  
Օրացույց
Մենք Facebook-ում