Սպիտակ արագիլ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սպիտակ արագիլ (լատ.՝ Ciconia ciconia), արագիլների ընտանիքի թռչուն։

Տարածվածություն

Տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Կենսակերպ

ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում։ Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր, ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։

Բնադրում

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում