Աղտոտված արագիլների փետուրներն ուղարկվել են արտասահմանյան լաբորատորիա
![](https://econews.am/disk/04-08-21/92d6a22cc07f469377f11acd266d53a3.jpg)
NABU Հայաստանյան մասնաճյուղի ջանքերով իրականացվող աղտոտված փետրածածկով Սպիտակ արագիլների փետուրների նմուշառումը դեռ շարունակվում է, սակայն տեղեկացնում ենք Ձեզ, որ հավաքագրված նմուշների առաջին խումբն արդեն իսկ ուղարկվել է արտասահմանյան լաբորատորիա, որտեղ կիրականացվի համապատասխան փորձաքննություն՝ աղտոտիչ նյութի բաղադրությունը բացահայտելու նպատակով:
Փետուրները հավաքագրվում են լայն աշխարհագրությամբ՝ տարբեր վայրերից հավաքագրված փետուրների լաբորատոր հետազոտության արդյունքների համեմատության համար ևս:
Շուտով փետուրների մի քանի խմբաքանականեր ևս կուղարկվեն ՀՀ-ում և արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներ:
Լաբորատոր հետազոտությունները թույլ կտան նեղացնել հետազոտության շրջանակները և կմոտեցնեն աղտոտման աղբյուրների բացահայտմանը: Սա խնդրի բացահայտման ևս մեկ, շատ կարևոր բաղադրիչներից մեկն է, առանց որի ցանկացած ենթադրություն կմնա չհիմնավորված:
Ընդգծենք, որ վերջերս այս խնդրի շուրջ Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը նախաձեռնել էր հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաև ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վերժ Գալոյանը, ԲԸՏՄ Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյան և այլոք։ Նախարարի հանձնարարականով պետք է պարզվեն այն կազմակերպությունները, որոնք կարող են ունենալ նման թափոններ և աղտոտել միջավայրը։