Սպիտակ ակացիա. ՀՀ Բույսեր

Սպիտակ ակացիան (լատ.՝ Robinia pseudoacacia) ծառ է, պատկանում է ընդավորների (Fabaceae) ընտանիքին, ունի 25-30 մ (միջինը՝ 12 մ) բարձրություն, սփռվող սաղարթ, հաստ, մուգ և խորը ակոսավոր կեղև։ Սպիտակ ակացիայի արմատային համակարգը շատ հզոր է։ Նրա արմատները խորանում են մինչև 20 մ և ավելի։ Տերևները կենտ փետրավոր են, կարճ կոթուններով, որոնք ճյուղերի ուղղությամբ փոխակերպվում են աճառանման կեղծ բունոցների։ և կազմված են 4-ից մինչև 8 զույգ էլիպսաձև, բաց կանաչ, փափուկ, ամբողջաեզր տերևիկներից։ Փշերը (ձևափոխված տերևներ) ամուր են, փայտաձև, շատ սուր ծայրով, մանգաղանման։ Ծաղիկները բազմաթիվ են, բուրումնավետ, սպիտակ, խոշոր, կախվող ողկույզներով։ Պտուղը՝ տափակ ունդ է, մինչև 10 սմ երկարության, մուգ գույնի սերմերով։

Սպիտակ ակացիան ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին և ծառի վրա մնում են կախված ողջ ձմռան ընթացքում։ Այս ծառի կյանքի տևողությունը 50 տարի և ավելի է։ Աճում է ճանապարհների երկայնքով, այգիներում և պուրակներում։

Սպիտակ ակացիան թունավոր է՝ և´ սերմերը, և´ կեղևը, և´ արմատները։

Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որտեղ հանդիպում է հյուսիս-արևմտյան և հյուսիսային նահանգներում՝ Այովա, Մոնտանա և Օկլահոմա, Պենսիլվանիայից մինչև Դակոտա։ 1804 թ. առաջին անգամ այս բույսի սերմերը բերվել են Ռուսաստան, իսկ 1813 թ. հայտնվել են Ղրիմի Նիկիտինյան բուսաբանական այգում։

Հումքի հավաքումը և չորացումը
Դեղագործական հումք են սպիտակ ակացիայի ծաղիկները, որոնք հավաքում են ծաղկման սկզբին, կիսաբացված վիճակում։ Չորացնում են ստվերում՝ ծածկի տակ, լավ օդափոխվող տարածքում, կամ էլ չորանոցներում՝ 40-500C ջերմության պայմաններում։ Չորացվող հումքը պետք է ցրված լինի բարակ շերտով և հաճախ շրջվի։ Կեղևը և տերևները հավաքում են ամբողջ աճի (վեգետացիայի) շրջանում։

Կիրառումը բժշկությունում
Երիտասարդ ծառերի կեղևի եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է գաստրիտների սրացման և խոցային հիվանդության ժամանակ, իսկ սպիրտային թուրմը՝ Բուլղարիայում և Գերմանիայում, ստամոքսահյութի թթվայնության բարձրացման և ստամոքսի այլ հիվանդությունների դեպքում։ Տերևների, երիտասարդ ընձյուղների թուրմն օգտագործվում է գաստրիտների սրացման և ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի ժամանակ։ Ծաղիկների եփուկը ժողովրդական բժշկությունում արդյունավետ են համարում երիկամների և միզապարկի հիվանդությունների ժամանակ, թուրմը՝ ռևմատիզմի ժամանակ, արտաքին ձևով։

Սպիտակ ակացիայի ծաղիկներն օգտագործում են խառնուրդի ձևով՝ սովորական արջախաղողի տերևների, սովորական տարկավանի ծաղիկների, կապույտ տերեփուկի ծաղիկների, մատուտակի արմատների հետ, որպես միզամուղ հավաքածու։ Բուլղարիայում թուրմն օգտագործում են որպես խորխաբեր և ջերմիջեցնող միջոց։

Դեղաձևերը, օգտագործման մեթոդները և չափաբաժինները
Սպիտակ ակացիայի կեղևի եփուկը։ 1/2 ճաշի գդալ մանրացված հումքի վրա ավելացնում են 500 մլ ջուր, եռացնում 20 րոպե, քամում տաք վիճակում և եռացրած ջրով ծավալն ավելացնում մինչև նախկին մակարդակը (500 մլ)։ Օգտագործում են փոքրիկ բաժիններով՝ 2 օրվա ընթացքում։ Եթե եփուկի ընդունումն օրգանիզմը լավ է տանում, կարելի է խմել օրվա ընթացքում, ցանկալի է գոլ վիճակում։

Ակացիայի ծաղիկների եփուկը։ 1 ճաշի գդալ թարմ կամ չորացած հումքի վրա ավելացնում են 500 մլ ջուր, եռացնում 3 րոպե, քամում և եռացրած ջրով ծավալն ավելացվում մինչև նախկին մակարդակը։

Ակացիայի ծաղիկների թուրմ։ Հումքին ավելացնում են սպիրտ կամ օղի և թրմում 2 շաբաթ՝ արևի տակ։ Օգտագործում են արտաքին։

Տերևների և երիտասարդ ընձյուղների թուրմ։ Հումքը թրմում են 40%-անոց սպիրտի մեջ՝ 1։ 10 հարաբերությամբ, 15 օր, պարբերաբար խառնելով։ Օգտագործում են օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 թեյի գդալ։

Ակացիայի ծաղիկների թուրմ։ 10 գ հումքի վրա ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում, ապա քամում։

Հակացուցումները և հնարավոր կողմնակի ազդեցությունները
Դեղաձևերի ներքին օգտագործման դեպքում (սերմեր, կեղև, արմատներ) պետք է պահպանել զգուշություն՝ նկատի ունենալով նրանց թունավոր լինելը։ Սուր թունավորումներն ուղեկցվում են թուլությամբ, սրտխառնոցով, փսխումով, գլխացավով կամ քնկոտությամբ, վատ ինքնազգացողությամբ։ Նման երևույթներ կարող են լինել նաև բնափայտի մշակման ժամանակ։

Ակացիայի ալկալոիդների հանդեպ հատկապես զգայուն են ձիերը։ Կենդանիների թունավորման ժամանակ ի հայտ են գալիս խիստ արտահայտված որովայնացավեր, դողացնում են, դառնում գերգրգռված, առաջ են գալիս ջղակծկումներ, սրտի աշխատանքի թուլություն։ Որպես առաջին օգնություն կատարվում է ստամոքսի լվացում, ադսորբող նյութերի նշանակում, ախտանշանային (սիմպտոմատիկ) բուժում (սրտային և այլ միջոցներ)։

Օգտագործումն այլ բնագավառներում
Օգտագործում են սննդի, լաքերի, ներկերի արդյունաբերությունում և պարֆյումերիայում։ Տերևները կեր են տնային կենդանիների համար։

Սպիտակ ակացիայի բնափայտից պատրաստված մանրահատակն իր որակով չի զիջում կաղնու փայտից պատրաստված մանրահատակին։ Լայնորեն օգտագործվում է այգիներում և պուրակներում որպես դեկորատիվ և բուրավետ բույս։

Սպիտակ ակացիան պիտանի է ափերի, կիրճերի, զառիվայրերի ամրացման, դաշտապաշտպան շերտերի համար։

Հիանալի մեղրատու բույս է։ Ծաղիկներում ամենաշատ նեկտար լինում է առավոտյան ժամերին՝ 18-240C-ի պայմաններում։ Ծաղիկները նեկտար են անջատում 3-4 օր։ Մեկ ծաղկի նեկտարի մեջ շաքարի քանակը հասնում է մինչև 2 մգ։ Ուժեղ մեղվաընտանիքը մեկ ծառից կարող է հավաքել մոտ 8 կգ մեղր։ Ակացիայի ծաղիկներից ստեղծված մեղրը շատ բաց է, թափանցիկ, բյուրեղանում է շատ դանդաղ։ Ուկրաինայում սպիտակ ակացիայի 1 հա-ից ստացվում է 600-800 կգմեղր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում