«Պատրաստ են 2 կոպեկի պատճառով իրենց առողջությունն ապականել». Ամուլսարի ոսկու ծրագիրը չպետք է իրականացվի

Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, ում հետ կխոսենք «Ամուլսարի ոսկու ծրագրի մասին»:

Բնապահպանները շարունակում են աղաղակել, որ աղտոտման վտանգի տակ են Որոտան-Արփա ջրատար թունելով Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը: Ըստ Ձեզ, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ անմիջապես ՀՀ բնակիչների վրա:

- Հետևանքները պետք է գնահատի ու փորձաքննի Հայաստանի կառավարությունը, որը չի արել: Ես կխնդրեի իրենց հարցնեք՝ ընկեր նախարարություն, պետական փորձագետներ, այլ կառույցներ, որոնք տվել են դրական եզրակացություն, արդյո՞ք դուք գնահատել եք այդ վտանգները և ունեք պատասխան: Գնահատե՞լ եք ու հասկացել եք, որ ոչ մի վտանգ չկա և որտեղի՞ց մենք կարող ենք ծանոթանալ այդ փորձագիտական եզրակացություններին, որտեղ գրված է՝ մենք որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ, Սևանի հարցերով հանձնաժողովի անդամներ, որոնք ստորագրել են դրական եզրակացության տակ, ուսումնասիրել ենք ու պարզել ենք, որ ոչ մի խնդիր չկա: Իրենք ուսումնասիրե՞լ են, վերլուծե՞լ են, մասնագիտական վերլուծություն են արե՞լ, գիտական հետազոտություննե՞ր են արել, համաշխարհային փորձն են ուսումնասիրե՞լ, ի՞նչ են արել, որ եկել են այդ եզրակացության: Այդ հարցն իրենց է պետք տալ: Մենք համոզված ենք, որ խնդիրները շատ լուրջ են լինելու ու շատ աղետալի: Ուրիշ ինչ հետևանքներ կունենա կարող եք գտնել «գուգլում»: 

Մենք 6 տարի շարունակ գրել ենք, ասել ենք բոլոր վտանգների մասին: Տարբեր ձևերով, տարբեր եղանակներով, տարբեր մարդկանց կողմից, տարբեր անկախ փորձագետների կողմից ամեն ինչ գրվել է: Հիմա ժամանակն է այդ հարցերն ուղղելու պետական մարմիններին: Մենք արդեն ամեն ինչ արել ենք ու ասելիք չունենք:

Բոլոր այդ հարցերը պետք է ունենան հիմնավոր պատասխան, ոչ թե այն հեքիաթները, որ իրենց եզրակացություններում գրված է: Ակնհայտ երևում է, որ իրենք ոչ մի գնահատում, ոչ մի վերլուծություն, ոչ մի մասնագիտական մոտեցում չեն ցուցաբերել այդ խնդրի նկատմամբ: Կարող ենք ցանկացած դաշտում հավաքվել, նստենք նրանց հետ, ով դրական եզրակացություն է տվել, մեկ էլ մենք գանք ու ապացուցենք, որ նրանք ոչ մի բան էլ չեն արել: Դրան պատրաստ ենք, բայց դա պետք է լինի բաց հանրային քննարկում: Նստենք ու մարդկանց, լրագրողների առջև քննարկենք: Այդ ժամանակ կխոսենք, թե չէ հիմա՝ անիմաստ է: Մենք խոսում ենք, մենք լսում ենք: Մենք արդեն այդպես ենք որոշել, որովհետև ուրիշ տարբերակ չունենք: Օդի մեջ խոսում ենք կոպիտ ասած: Պետք է հարցատիրոջը փոխենք: Պետական ոչ մի կառույց չունի գրած թե ինչ գնահատական է տվել Որոտան-Արփա թունելի վրա ազդեցության վերաբերյալ, ի՞նչ գնահատական ունի տարբեր տեսակի ջրային համակարգերի վրա ազդեցության վերաբերյալ՝ ստորգետնյա ջրերի, մակերևութային ջրերի, օդի աղտոտվածության, հողերի: Կարևոր է, թե պետական մարմինները ինչ գնահատական ունեն, ոչ թե «Լիդիան»-ը: Ինչպե՞ս են գնահատել, ի՞նչ եղանակներով, ի՞նչ մեթոդներով, ի՞նչ չափորոշիչներով: Ինչպե՞ս են ստուգել, որ «Լիդիան»-ի գրածները համապատասխանում է իրականությանը: «Լիդիան»-ը գրել է, որ մենք այնպես կանենք, որ ոչ մի ջուր չի ներծծի, ոչ մի մակերևույթային հոսք չի գնա այլ ուղղությամբ, բոլորը կուղղորդենք մի ավազանի մեջ: Դա տեխնիկապես ուղղակի անհնար է, բայց մեր Կառավարությունը հավատում է դրան: Պատկերացնում եք մեկ մետր ձյունը երբ հալվի, այդ հալոցքը հնարավոր է 300 ՀԱ տարածքում ուղղորդել մեկ ավազանի մեջ: Այդ հեքիաթները մեզ պատմում են ու ներկայացնում են, որպես իրականություն: Ի՞նչ է նշանակում, թե 300 ՀԱ տարածքում դու կարող ես ջրային հոսքերն այդ լեռնային տարածքում այնպես կարգավորես, ուղղորդես, որ հավաքես բոլորը մեկ ավազանի մեջ ու հետո այն մաքրես: Դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է: Այդպիսի փորձ չկա, դա հնարավոր չէ կառավարել: Տեսականորեն հնարավոր է, եթե մարդը որոշել է իր տան «լողավազանում» քիմիական նյութերով ոսկի վերամշակի, բայց 300 ՀԱ տարածքում նույն բանն անես: Այնտեղ անձրև է գալիս, ձմռանը մեկ մետր ձյուն է նստում, հետո հալվում է, ինչպե՞ս են այս ամենը կառավարելու: Այդ հոսքերը չե՞ն ներծծվելու Որոտան-Արփա գետերը, կենսաջրերի հետ չե՞ն խառնվելու ու ամբողջ ջրային համակարգը աղտոտելու կամ Ջերմուկի հանքային ջրերի վրա չե՞ն ազդելու: Ինչպե՞ս եք համոզված դրանում: Իսկ ի՞նչ կլինի Հայաստանի ժողովրդի հետ, թող ժողովուրդը մտածի: Արդեն մենք էլ ենք հոգնել, իրենց մասին մտածել: Ժողովուրդը չի ուզում իր մասին մտածի, նրանց չի հետաքրքրում: Նրանք մտածում են այսօր 2 կոպեկ աշխատեն, աշխատատեղ ունենան ու պատրաստ են դրա պատճառով իրենց աողջությունն ապականել ու ամեն ինչը զոհաբերել այսօրվա երկու կոպեկի համար, ցավոք սրտի: Մեծամասնությունը, ոչ բոլորը: Ամեն համայնքում մի 10-15 հոգի են մնացել, որոնք դեմ են արտահայտվում այդ ծրագրերին: Մնացածը համաձայն են ծրագրին այն պատճառով, որ աշխատանք կունենան, կճարեն, մի բան կկպցնեն կողքից և այլն: Իսկ որ հարցնես 10 տարի հետո ի՞նչ ես անելու, ասում են կթողնենք կգնանք այս երկրից: Բոլորն էլ գիտեն, որ դա թույն է, գյուղացիներին հարցրեք բոլորն էլ նույն բանն են ասում: Ասում են՝ գիտենք, որ թույն է, հետո կաշխատենք կթողնենք կգնանք: Այդքան բան:

Ըստ Ձեզ, ծրագիրը ընդհանրապես պետք է փակվի թե՞ փոփոխման դեպքում հնարավոր է կիրառելի դարձնել:

- Ամուլսարի ոսկու ծրագիրը չպետք է իրականացվի: Ոչ մի այլ կարծիք չունենք, չենք էլ ունեցել ընդհանրապես: Ու ոչ միայն Ամուլսարը. ոչ մի նոր մետաղական հանքավայր Հայաստանում չպետք է շահագործվի, որովհետև Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրում այդպիսի լուրջ ջրաբանական, էկոլոգիական, խիստ կառուցվածք ունեցող տարածքում չի կարելի այդ ծավալների հանքաարդյունահանում կատարել: Հներն էլ պետք է այնպիսի լուրջ փոփոխությունների ենթարկվեն, որ նվազագույնի հասցվի վնասը: Որոշակի տարիներ հետո ընդհանրապես պետք է դա էլ վերջացնել ու անցնել Հայաստանի բնաաշխարհագրական վիճակին համապատասխան տնտեսական ճյուղերի զարգացմանը: Պետք է կամաց-կամաց հրաժարվել հանքաարդյունաբերությունից: Նախ և առաջ այդ հնարավորությունը չպետք է 100 տոկոսով տրված լինի մասնավոր ընկերություններին, որ ընդերքը թալանեն ու տանեն, այլ պետք է իրականում պատկանի ժողովրդին ու ամբողջ շահույթը պետք է մնա Հայաստանում: Պետք չէ նաև հավատալ հեքիաթին, թե պետությունը փող չունի, որ շահագործի այդ հանքավայրերը: Մասնավորը կարո՞ղ է շահագործել ու պետությանն էլ հարկ վճարել, իսկ պետությունն ինքը չի կարող շահագործել: Մեր երկիրն այդքան տարածք չունի, որ 30 տոկոսն էլ զոհաբերի հանքաարդյունաբերությանը, որպեսզի գոյատևի: Մենք ոչ Կանադա ենք, որ Ամերիկա ենք, ոչ Ռուսաստան ենք, ոչ Ավստրալիա ենք, որոնք ունեն միլիոնավոր ՀԱ և կարող են մի մասը զոհաբերել: Մեր տարածքն այնքան փոքր է, որ այսօր շահագործվող հանքավայրերն արդեն շատ են այդ տարածքի համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում