«Ծառուկյանի վարակիչ սինդրոմը»․ ձագերից մեկն անկել է, մյուսը դարձել խաղալիք

Օրերս՝ ապրիլի 25-ին Երևանի կենդանաբանական այգին հայտնել է, որ այգում առյուծի ձագ է ծնվել։ Այս նորությունը որքան ուրախալի, այդքան էլ մտահոգիչ է, քանի որ նախ և առաջ առյուծները եղել են չիպավորված հակաբեղմնավորիչ չիպերով, որպեսզի կանխարգելվի բազմացումը, իսկ նոր առյուծի ծնունդն իրենից նոր դժվարություններ ու ծախսեր է ենթադրում Երևանի կենդանաբանական այգու համար։ Բացի այդ, սա ևս մեկ կենդանի է ծնված անազատ պայմաններում, որը հավերժ դատապարտված է վանդակի։ 

ԵԿԱ-ն չի հայտնել որևէ մանրամասն կենդանու առողջական ու ֆիզիկական վիճակի մասին։ Հայտնել են միայն, որ ձագն ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ, ինչես նաև, որ ձագը պահվում և խնամվում է հատուկ պայմաններում։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնել են․ «Աֆրիկյան առյուծի ձագը ծնվել է 21.04.2022թ: Կենդանի զանգվածը՝ 1350 գր, մարմնի զարգացվածությունը՝ համաչափ, երկարությունը՝ 31 սմ։ Կենդանին սնվում է տեսակին համապատասխան ժամանակացույցով՝ 2-2,5 ժամը մեկ անգամ, կերակրվում է Francodex Milk Replacer Feed Kitten, ինչը համարվում է սպիտակուցային, վիտամինային և հանքային տարրերի բալանսավորված կեր և ապահովում է կենդանու նորմալ աճը։ Առողջական վիճակն այս պահին գնահատվում է նորմալ, բայց պետք է հաշվի առնենք, որ կենդանին դեռ փոքր է, խոցելի և մեկուսացված է (գտնվում է կարատինում)»:

Նորածին առյուծի ձագը՝ ԵԿԱ-ում։

Թեպետ ստացված պաշտոնական գրությունով Քաղաքապետարանը հայտնել է, որ կենդանին մեկուսացված է և գտնվում է կարանտինում, սակայն ԵԿԱ ֆեյսբուքյան պաշտոնական էջում ապրիլի 26-ին հրապարակվել է լուսանկար, որտեղ առյուծի մի քանի օրական ձագին գրկել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ինչը մեծ ռիսկի տակ է դնում նորածին և խոցելի կենդանու վիճակը։ Կտրուկ աճում է զոոնոզ հիվանդությունների փոխանցման վտանգը։ 

Իսկ այն, ինչ տեղի է ունեցել մայիսի 1-ին՝ ԵԿԱ պաշտոնական բացման օրը, պարզապես դուրս է յուրաքանչյուր տրամաբանությունից։ Ընդամենը մի քանի օր առաջ ծնված, թույլ, խոցելի և «մեկուսացված» առյուծի ձագը հայտնվել է բազմամարդ միջոցառման կիզակետում և վերածվել էր ներկաների, այդ թվում՝ իբրև մասնագետների ձեռքերում խաղալիքի։ 

Փաստորեն, Կենդանաբանական այգուց պաշտոնական գրությամբ EcoNews.am-ին հայտնել են, որ կենդանին գտնվում է կարատինում, բայց միևնույն ժամանակ կարանտինում գտնվող կենդանին շրջում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գրկից մինչև ԵԿԱ կառավարման խորհրդի անդամների գրկախառնություններ։ 

Երևանի կենդանաբանական այգում, հավանաբար, այսպես են պատկերացնում կարանտինացման կարգը։

Գրությունից պարզվել է նաև, որ ծնվել է 2 ձագ՝ արու և էգ, սակայն արուն անկել է, ինչի մասին ԵԿԱ-ն նույնպես չի հայտնել առաջին հրապարակման մեջ։ 

Վերջին անգամ այսպիսի իրավիճակ և կենդանիներին որպես զվարճանքի միջոց վերաբերվելու դեպքեր Երևանի կենդանաբանական այգում արձանագրվել են 2000-ական թվականներին, երբ դեռևս չէր ներդրվել նոր գաղափարախոսություն՝ EAZA սկզբունքներ, և կամայական այցելու գումարի դիմաց կենդանիների հետ լուսանկարվում էր։ Ուստի կարելի է արձանագրել, որ ԵԿԱ-ն մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2 տասնամյակի հետընթաց է ապրել։  

Երևանի կենդանաբանական այգի՝ 2000-ական թվականներ։

Մեր հարցադրմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ չիպավորված առյուծը ծնել է, այգուց մեզ տեղեկացրել են, որ վերջին անգամ ԵԿԱ-ի առյուծները չիպավորվել են հակաբեղմնավորիչ չիպով՝ 22․02․2019 թ, որն ունեցել է երեք տարի ժամկետ։ Ստացվում է, որ չիպերի ազդեցության ժամկետը լրացել է և ժամանակին չի թարմացվել, ինչն էլ հանգեցրել է նման հետևանքի։ 

Հայտնի է նաև, որ մայր առյուծը հրաժարվել է ձագից, ինչը կարող է մի քանի պատճառ ունենալ։ Մեր հարցադրմանը, թե ի՞նչն է եղել ձագից հրաժարվելու պատճառը, ԵԿԱ-ից հայտնել են․ «Մայր առյուծը ծնից մեկ շաբաթ առաջ մեկուսացվել է խմբից, նախապես պատրաստված բնում։ ԵԿԱ-ում վերջին ծինը գրանցվել է 2011 թվականին: Առյուծը առաջնածին է, և պրակտիկայում շատ են նման դեպքերը, որ հատկապես առաջնածինները չեն խնամում ձագերին»:

Եվ վերջում, ակնարկ․ քաղաքապետի, փոխքաղաքապետի և այլոց լուսանկարները նորածին ձագի հետ հիշեցրեցին ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, որը նույնպես սովորություն ունի լուսանկարվելու իր տանը պահվող առյուծների ձագերի հետ։ Հարց է առաջանում․ արդյոք Երևանի կենդանաբանական այգին շեղվե՞լ է ուղղուց՝ 2012 թվականից որդեգրած EAZA ստանդարտներից և գիտական-ուսումնական կենտրոն լինելու փոխարեն ընտրել է օլիգարխիկ շրջանակներ մուտք գործելու և պարզապես կենդանիների հաշվին բիզնես իրականացնող ժամանցի վայր դառնալու ուղին։ 

Լևոն Հովհաննիսյանը և Գագիկ Ծառուկյանը։ 

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին հանդիսանում է Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի /EAZA/ թեկնածու անդամ դեռևս 2012 թվականից։ Այս ասոցիացիան միավորում է եվրոպական բոլոր լավագույն կենդանաբանական այգիները, որոնց առաքելությունը և գաղափարախոսությունը բնության պահպանությունն է, այլ ոչ թե՝ այգին որպես ժամանցի վայր դիտարկելը։ Այս նպատակին հասնելու համար EAZA կողմից անդամ այգիների համար սահմանվել են մի շարք պահանջներ, որոնք բավարարելու դեպքում միայն հնարավոր է դառնալ լիիրավ անդամ։ Երևանի կենդանաբանական այգու զարգացումը վերջին տարիներին կանգ է առել և հիմնական խնդիրը, որը EAZA կողմից դրվել է ԵԿԱ առաջ ամբողջական ցանկապատի անցկացումն է, ինչը տարիներ շարունակ չի իրականացվում Երևանի քաղաքապետարանի կողմից։ Կարևոր պահանջ է նաև կենդանիների անհարկի բեղմնավորումից խուսափելը, ինչ նպատակով էլ չիպավորվել են առյուծները։ Եվրոպական ասոցիացիան նաև կտրականապես դեմ է վայրի կենդանիների առևտրին։ EAZA պահանջները չկատարելը կարող է հանգեցնել ԵԿԱ թեկնածու անդամի կարգավիճակը կորցնելուն, ինչը տարիների աշխատանքի և ներդրումների կորուստ կլինի։ Քանի որ Հայաստանում մեծ թափով աճում է վայրի կենդանիների առևտրի բիզնեսը, ապա անհրաժեշտ է նաև հաշվի առնել կենդանիների առք ու վաճառքի շուկայում ԵԿԱ հնարավոր մասնակցության վտանգը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում