Ջրային ոլորտում մի շարք փոփոխություններ են սպասվում

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

«Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, մակերևութային և ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, խիստ փոփոխված ջրային մարմինների կարգավիճակի բարելավմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև սույն օրենսգրքի խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովմանը։

«Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀԳՀՄ ջրի որակի և պաշարների կառավարման ոլորտում մոտարկման ենթակա ճանապարհային քարտեզի իրականացումը, ջրերի լավ որակը և պաշարների արդյունավետ կառավարումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հիդրոէլեկտրակայանների կողմից ջրօգտագործման համար վճարելու արդարացի պահանջը, կավելանան պետբյուջեի եկամուտները, կիրականացվի մակերևութային ջրերի օգտագործված պաշարների պատշաճ հաշվառում և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը, կապահովվի ջրօգտագործման թույլտվությունների ստացման նպատակով ներկայացվող փաստաթղթերի օրինականությունը և հաշվարկների իրականացման համար պետականորեն նախատեսված վճարումներ կատարելու իրավական պահանջը։

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կթեթևացվի ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման ժամանակ ջրօգտագործողի վարչարարական բեռը, իսկ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի պետական տուրք՝ ապահովելով նշված գործունեության իրականացման օրինականության սկզբունքը և պետական բյուջեի եկամուտներում ավելացում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում