«Վնասակար գիտություն»․ հայ գիտնականները դեմ են ամբողջ աշխարհին

  •  Միջազգային մամուլն ահազանգում է Արմավիրում պահվող կենդանիների վիճակի մասին՝ անվանելով այն «աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին»։ 
  • Հայաստանում ոչինչ չեն ձեռնարկում կենդանիներին օգնելու ուղղությամբ։ 
  • Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) պատրաստ է օգնելու տանջվող կենդանիներին, սակայն այգու «տնօրենը» թույլ չի տալիս։
  • Հայ մասնագետները բավարար են գնահատում արջի վիճակը, այն դեպքում, երբ միջազգային փորձագետներն ու հանրությունը ցնցված է։ 
  • Անպատասխան հարց․ ի՞նչ է լինելու կենդանիների հետ։

Մինչ միջազգային մամուլը, միջազգային կազմակերպություններն ու միջազգային հանրությունը շարունակում են ահազանգել Արմավիրի մարզում գտնվող կենդանաբուսաբանական այգի կոչվող տարածքում պահվող կենդանիների վիճակի մասին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ԳԱԱ գիտական կենտրոնը վստահեցնում է՝ «կենդանիների պայմանները բավարար են» և չի ձեռնարկում ոչինչ նրանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ 

Ի՞նչ չափանիշներով, ի՞նչ մեթոդներով և ո՞ւմ կողմից է գնահատվել պայմանների բավարար լինելու հանգամանքը։

Դեռևս 2021 թվականի օգոստոս ամսին մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, կենդանիներին օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, սակայն ստացել են մտահոգիչ պատասխան։ Օգոստոսի 19-ին 7 բնապահպանական-հասարակական կազմակերպություններ (Փրո Փոուզ, Դինգո Թիմ ՀԿ, Econews.am կայք, Հրանտս Արկ ֆաունդեյշն, FPWC, Սպիտակ ջոկատ ՀԿ, Էկո աղբ ՀԿ) դիմել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով օգնություն ցուցաբերել տանջվող կենդանուն կամ թույլ տալ օգնել, ինչին ի պատասխան ստացել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի ստորագրությամբ գրություն, որում մեջբերվում է ԲԸՏՄ կողմից կազմված արձանագրությունը։

Լուսանկարը՝ Mirror

Թեպետ ամբողջ աշխարհը, կենդանիների բարեկեցությամբ զբաղվող միջազգային հեղինակավոր կառույցները, միջազգային որակավորում ունեցող մասնագետներ կարծում են, որ կենդանիներն ունեն անհապաղ օգնության կարիք, այնուամենայնիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ․հուլիս 28-ին տարօրինակ բովանդակությամբ արձանագրություն է կազմվել։

Արձանագրությամբ ասվում է․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյանը, ԳԱԱ կենսաբազմազանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը և Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատաու Լևոն Աղասյանը 2021թ․ հուլիսի 28-ին այցելել են Արմավիրի «կենդանաբուսաբանական այգի - վայրի կենդանիների փրկարար կենտրոն» և ուսումնասիրեցինք կենտրոնում պահվող արջի պահման պայմանները, ընդհանուր վիճակը, կերի ռացիոնը, ազատավանդակի չափերը։ Պարզվեց, որ արջը թեև տարիքով է՝ 34 տարեկան և վերջին երեք տարի առաջ կուրացել է, սակայն պատշաճ կերպով խնամվում է, վիճակը բավարար է, հյուծված չէ, նորմալ սնվում է տվյալ տեսակին բնորոշ կերով, իսկ ազատավանդակի չափերը համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 725-Ն որոշման, սահմանված նորմերից ավելի մեծ են, առկա է փոքր ջրավազան, ինչպես նաև կառուցվում է նոր տարածք, որտեղ կլինի մեծ ջրավազան և ավելի ընդարձակ զբոսատարածք»։

Լուսանկարն արվել է 2021թ․ հուլիս ամսին, Մարիամ Տաշչյան

Արձանագրությունը կազմվել և ստորագրվել է Արմեն Արաբյանի կողմից, մասնակիցներն են Մամիկոն Ղասաբյանը (կ․գ․թ․) և Լևոն Աղասյանը (կ․գ․թ․), որոնք ևս ստորագրել են այս բովանդակության տակ։

Այս ժամանակ խոսվում էր միայն գորշ արջի առանձնյակի մասին, քանի որ մյուս կենդանիների վիճակն Արմեն Թադևոսյանը թույլ չէր տվել ուսումնասիրել։ Այս ընթացքում պետական պատասխանատու մարմինների կողմից ոչինչ չի ձեռնարկվել, ուստի միջազգային մամուլն այս անգամ գրել է այգում սարսափելի պայմաններում պահվող այլ կենդանիների մասին ևս։ 

Պարզվում է, որ ՀՀ կառավարության թիվ 725-Ն որոշումը, որը մեջբերվել է արձանագրության մեջ, ընդունվել է դեռևս 2009 թվականի հունիսի 26-ին, որից անցել է 13 տարի․ այն վաղուց հնացած է և չի համապատասխանում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում ընդունված չափանիշներին և արդյոք հիմնվել այս 13 տարի առաջ ընդունված նորմի վրա, չի նշանակո՞ւմ դատապարտել անազատության մեջ պահվող վայրի կենդանիներին շարունակական տանջանքների։

Վերոնշյալ արձանագրության բովանդակությունը կասկածներ է առաջացնում առնվազն այն պատճառով, որ այս արջի պարզ ակնադիտական զննումն անգամ խղճահարությունից և կարեկցանքից զատ այլ զգացողություն չի առաջացնում։ Արջը մեծ հավանականությամբ ամբողջությամբ կույր է, ատամները կոտրված են (ինչը հետևանք է սթրեսից ճաղավանդակները կրծելու), կենդանին անդադար քայլում է վանդակի մեկ անկյունից մյուսը, ինը վկայում է կենդանու մոտ վարքային և հոգեկան խնդիրների մասին և մի շարք այլ խնդիրներ։ Բացի այդ, արձանագրությունից անհայտ է մնում, թե ստուգվե՞լ է արդյոք արջի ծագումնաբանությունը, արդյո՞ք առկա է որևէ փաստաթուղթ, որից հնարավոր կլինի պարզել նրա տարիքը, թե՞ 2 պաշտոնյաններն ու 1 գիտնականը հիմնվել են զուտ արջի «տիրոջ» խոսքերի վրա, ի՞նչ մեթոդներով է իրականացվել զննումը և այլ հարցեր։

Լուսանկարը՝ Mirror

Հարց է նաև, թե ինչպե՞ս է ուսումնասիրվել կենդանու կերի ռացիոնը, եթե ոլորտում ընդհանրապես առկա չէ պատշաճ և մշտական վերահսկողություն, արդյոք այս վերլուծությունը ևս հիմնված է Արմեն Թադևոսյանի պնդումների վրա։

Առհասարակ, տարօրինակ է, որ ամբողջ կյանքն անազատության մեջ ապրած կարմիրգրքյան կենդանու վիճակը գնահատել են վերոնշյալ անձինք, քանի որ վերջիններիս գործունեության ոլորտը վայրի բնությունն ու այնտեղ ապրող կենդանիներն են, այլ ոչ՝ անազատության մեջ գտնվող, ինչն էականորեն փոխում է իրավիճակը։ 

13 տարի առաջ ընդունված չափանիշները՝ կենդանիների տանջանքների պատճառ։ 

ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանի ստորագրությամբ գրության մեջ հավելյալ ասվում է․ «Հետազոտության համար արջին ժամանակավորապես քնեցնելու՝ թմրեցնելու և այլ տարածք տեղափոխելու ու բուժելու առաջարկին վերոնշյալ մասնագիտական խումբը դեմ է, քանի որ չկա երաշխիք, որ կենդանին մեծ տարիքի պատճառով, դուրս կգա թմրեցումից (նարկոզից)»։

Պարոն Գալոյանը և արջին այցելած մասնագիտական խմբի մյուս անդամները՝ կ․գ․ թեկնածուներ Մամիկոն Ղասաբյանն ու Լևոն Աղասյանը հավանաբար տեղյակ չեն, որ 21-րդ դարում գիտությունն ամեն օր զարգանում է և գոյություն ունեն կենդանաբուժական տարատեսակ միջոցառումներ, որոնք չեն վնասում կենդանիներին։

Լուսանկարում՝ Լևոն Աղասյան։

Լուսանկարում՝ Մամիկոն Ղասաբյան։

Ընդգծենք, որ վերոնշյալ արձանագրությունը, որն ըստ էության՝ «դեմ է ամբողջ աշխարհին», ստորագրել է նաև ԳԱԱ կենսաբազմազանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

 

Լուսանկարում՝ Բարդուխ Գաբրիելյան։

Միջազգային հանրությունն ահազանգել է Արմավիրում գտնվող այգու մասին արդեն 2-րդ անգամ՝ անվանելով այն «աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին», սակայն պատասխանատու գերատեսչությունները չեն ձեռնարկում միջոցներ կենդանիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ և կենդանիների ճակատագիրը փաստացի կախված է այգու «տնօրենի» քմահաճույքից։ Բրիտանական Mirror, The Sun և այլ պարբերականներ գրել ու լուսանկարներ են հրապարակել Արմավիրի այգուց՝ համեմատելով այն դժոխքի հետ։ Այս վայրն անվանել են նաև «փրկության այգի», քանի որ տնօրեն Արմեն Թադևոսյանը ներկայացնում է, թե կենդանիներին փրկել է թրաֆիկինգով զբաղվողներից, որսորդներից կամ այլ հանգամանքներից, սակայն բրիտանական բարեգործական կազմակերպություններից մեկը, որը Հայաստանում տասնյակ փրկություններ է իրականացրել, հայտնել է, որ պայմանները «ցնցող են և ամենավատից, որ մենք տեսել ենք»:

Միջազգային հանրության չափանիշներն ու հայաստանյան իրականությունը։ 

Ի հակադրություն այս ամենի անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների բարեկեցության, ինչպես նաև վայրի բնության կենդանաբուժության ոլորտում մեծ փորձառություն ունեցող, Կենդանաբանական այգիների և վայրի բնության կենդանաբույժների եվրոպական ասոցիացիայի (EAZWV) կենդանաբուժական խմբի ավագ խորհրդատու, Հեպարդների պահպանման հիմնադրամի (Cheetah Conservation Fund), Կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի (AZA) կատվազգիների պահպանման խմբի (FELID TAG), Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Եղջերուների պահպանության աշխատանքային խմբի (Deer Specialist Group), FPWC և IAR գլխավոր կենդանաբույժ Իման Մեմարիանը մեզ տրամադրել է Արմավիրում պահվող գորշ արջի առանձնյակի ակնադիտական զննության իր մասնագիտական եզրակացությունը, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․

Լուսանկարում Իման Մեմարիանն է։

«Նելսոն արջի մորթու վրա տեսանելի են սակրոպտիկ ժանտախտի վարակի նշաններ։ Գորշ արջերի մոտ հանդիպում են նաև որդեր, ինչպիսին օրինակ՝ անկիլորդներն ու կլոր որդերն են։ Նելսոնը տառապում է նաև մի քանի ջադված ատամների և ատամնային կարիեսի պատճառով։ Թերսնուցման հետևանքով Նելսոնը կարող է վնասել իր ժանիքներն անհարմար ճաղերով։ Նա տառապում է արթրիտով իր աննորմալ ապրելակերպի պատճառով և ավելին՝ կարող է տառապել ողնաշարի ձևափոխումից, որը կոչվում է սպոնդիլոզ։

Նկատվում են ոսկրային համակարգի որոշակի դեֆորմացիաներ, որոնք իսկապես կարող են ցավոտ լինել։ Սրա հիմնական պատճառը թերսնուցումն է և ակտիվության աննորմալ ու ցածր մակարդակը։ Նելսոնի մեկ այլ խնդիրը վատ վանդակի հետևանքով առաջացած ստերեոտիպիկ վարքն է, որն այս դեպքում շատ սաստիկ է թվում։

Լուսանկարը՝ Mirror

Երկու աչքերի ծանր կատարախտը կարող է լինել ծերունական, բայց կարող է լինել նաև նյութափոխանակության խանգարման և դիաբետիկ հիվանդության հետևանք լինել։
Նրա խնդիրների մեծ մասը անազատ պայմաններում վատ կառավարման, վատ վանդակի և թերսնուցման հետևանք են»։

Կենդանաբույժ Իման Մեմարիանն այցելել է Նելսոն արջին և ակնադիտական զննություն իրականացրել, քանի որ Արմեն Թադևոսյանը համառորեն թույլ չի տալիս օգնություն ցուցաբերել կենդանիներին, իսկ ՀՀ ՇՄ նախարարությունը, ԲԸՏՄ-ը և ՀՀ ԳԱԱ նպաստում են այդ կենդանիների տանջանքներին, քանի որ տեղյակ լինելով խնդիրների մասին, շարունակում են ոչինչ չձեռնարկել այդ ուղղությամբ։

Օգնությունը մերժվում է։

Մեծ Բրիտանիայում գործող Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (International Animal Rescue (IAR)) փորձում է փրկել Նելսոն արջին, սակայն սեփականատեր 71-ամյա Արմեն Թադևոսյանը հրաժարվում է նրան հանձնել։ Նա վստահորեն պնդում է, որ լավ է խնամում կենդանիներին։ IAR նախագահ Ալան Նայթն ասում է․ «Այն պայմանները, որոնցում ապրում են այս խեղճ կենդանիները, ոչ այլ ինչ են, քան դժոխք երկրի վրա։

Գաղափարը, որ մարդիկ գումար կվճարեն՝ տեսնելու այս գերի կենդանիներին, որոնք տառապում են ճաղերի հետևում, պարզապես ծիծաղելի է: Մենք ամիսներ շարունակ փորձում ենք փրկել արջին, որին մենք անվանում ենք Նելսոն, սակայն առանց հաջողության, բայց ակնհայտ է, որ այսպես կոչված «փրկության այգում» գտնվող բոլոր կենդանիները հրատապ խնամքի և ուշադրության կարիք ունեն:

Որպես կենդանիների բարեկեցությամբ զբաղվող կազմակերպություն՝ մենք պատրաստ ենք օգնել նրանց»:

34-ամյա ծեր, կույր արջին անվանել են Նելսոն։ Նա երեք տասնամյակ շարունակ բանտարկված է նույն փոքր, կեղտոտ վանդակի մեջ, կորցրել է տեսողությունը, ատամները փտած են, իրավիճակը՝ ողբերգական։ 2018թ․-ին Նելսոն արջն ու էգը (որն անկել է՝ ըստ Արմեն Թադևոսյանի) 2 քոթոթներ են ունեցել, սակայն այժմ հայտնի չէ նրանց ճակատագիրը։

Բրիտանական պարբերականները գրել են նաև 13-ամյա Սառա անունով առյուծի մասին, որը պահվում է չափազանց փոքր տարածքում։ Կապիկների խումբը բանտարկված է մութ գոմ հիշեցնող վայրում՝ առանց արևի լույսի, իսկ հազվագյուտ անգղերն անգամ թևերը բացելու համար տարածք չունեն։ Բեզոարյան այծն անդադար փորձում է կոտրել վանդակը։

Լուսանկարը՝ Mirror

Վերջինս նաև ընդգծել է. «Հայաստանի միջազգային հեղինակության վրա բիծ է, որ այն թույլ է տալիս խելամիտ արարածներին ենթարկել նման դաժանության և անտեսման։ Ես կոչ եմ անում կառավարությանը անհապաղ միջամտել և պարտադրել փակել այգին, որպեսզի կենդանիները կյանքում առաջին անգամ պատշաճ սնունդ և խնամք ստանան»։

Ի վերջո․․․

Գլխավոր հարցը, որը տասնյակ տարիներ լուծում չի ստանում Հայաստանում՝ ի՞նչ է լինելու կենդանիների հետ։ 

Թեպետ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում իրականացվել են փոփոխություններ, որոնց գործարկման արդյունքում ոլորտը որոշ չափով կբարելավվի, այնուամենայնիվ բաց է մնում արդեն իսկ անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների ճակատագրի հարցը, քանի որ ՀՀ-ում գոյություն չունի վայրի կենդանիների պետական փրկարար կենտրոն, իսկ գոյություն ունեցող մասնավոր կենտրոնների հետ պետությունը հաճախ չի համագործակցում, կամ դրանց պայմանները բավարար չեն։ Օրինակ՝ վերոնշյալ այգին, որը կոչվում է «Արմավիրի կենդանաբուսաբանական այգի-վայրի կենդանիների փրկարար կենտրոն» ՀԿ ևս ներկայացվում է որպես փրկարար կենտրոն, սակայն այնտեղ պահվող կենդանիներն առաջին հերթին փրկության կարիք ունեն։ 

Լուսանկարում՝ Արմավիրի կենդանաբանաբուսաբանական այգի, 2018թ․։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում