Կյանքի արմատ. ՀՀ Բույսեր

Կյանքի արմատ, ժենշեն (չինարեն՝ կյանքի արմատ, բառացի՝ մարդ-արմատ) (լատ.՝ Panax), արալիազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Ձմեռող օրգանները արմատն ու կոճղարմատն են։ Արմատը առանցքային է, թույլ ճյուղավորված, մսալի, սպիտակամոխրագույն կամ դեղնավուն։ Ցողունը կանգուն է, մոտ 50 սմ, գագաթնային մասում՝ տերևների (3—5) վարդակով։ Տերևները երկարակոթուն են, բարդ մատնաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հովանոց է՝ 15—20 մանր, դեղնասպիտակավուն, երկսեռ ծաղիկներով։ Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է։ Ծաղկում է հուլիս ամսին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Վայրի Կյանքի արմատը հազվագյուտ, ռելիկտային բույս է։ Հանդիպում է ԽՍՀՄ-ում՝ Պրիմորինի և Խաբարովսկի երկրամասերում, Չինաստանում և Կորեայում։ Աճում է առավելապես լայնատերև-փշատերև անտառներում, փուխր, հումուսով հարուստ հողերում։ Վայրի Կյանքի արմատը դանդաղ է աճում և զարգանում։ Ապրում է 100 տարի։ Արմատի կշիռը 50—400 գ է։ Դեղաբույս է։ Արմատի պատրաստուկները սպիրտային թուրմերի, փոշու կամ հաբերի ձևով կիրառվում են հիպոտոնիայի, հոգնածության, գերհոգնածության, նևրասթենիայի դեպքերում՝ որպես տոնուսը բարձրացնող միջոց։ Կյանքի արմատը արագ է աճում, տալիս է հզոր արմատներ։ Կյանքի արմատին լիարժեք փոխարինող է հեռավորարևելյան էլեուտերոկոկ բույսը։ Հայաստանում արհեստական պայմաններում աճեցնում են Կյանքի արմատ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում