Լավ լուր․ Վանաձորում հայտնաբերվել է հազվագյուտ բուսատեսակի նոր պոպուլյացիա
![](https://econews.am/disk/10-07-20/55e701c8db8a522dfe9363f3499e3edb.jpg)
Շրջակա միջավայրի նախարարությունը լավ լուր է հայտնել բոլոր բնասերների համար։ «Հայանտառ ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության տարածքում հայտնաբերվել է կարմիր գրքում ընդգրկված Հապալասենի ճահճային տեսակի նոր պոպուլյացիա։
Հապալասենին աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ.մ. 2500-3300 մ բարձրությունների վրա»,- նշել է նախարարությունը։
ՀՀ բույսերի կարմիր գրքի տվյալների համաձայն՝ վտանգված տեսակ է: Հանրապետությունում ստույգ հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 160 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում գլխավորապես կլիմայի փոփոխության հետ կապված աճելավայրերի կորուստի պատճառով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:
Տերևաթափ գետնատարած փռված թուփ՝ 30-60 սմ բարձրության: Տերևները՝ բաց կապտավուն կանաչ, մանր, մոտ 1 սմ երկարության: Ծաղիկները՝ համարյա նստադիր, 1-4-ական տերևների անութներում: Բաժակը՝ հնգատամ: Հատապտուղը կապույտ, հյութալի:
Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գռիձոր) և Վերին-Ախուրյանի (լեռ Ղուկասյան Մեծ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 12 քառ. կմ է: Լոկալիտետները՝ 2: Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Հարավարևմտյան Անդրկովկասում, Եվրոպայում, Հյուսիսարևելյան Անատոլիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում:
Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ․ աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ. մ. 2500-3300 մ բարձրությունների վրա, մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին:
Սահմանափակող գործոններ են հանդիսանում՝ սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն: Պահպանության միջոցառումներ: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-12-22/d64c593a33685089b3602024ca5a24f4.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-09-22/dab2c98e135e8cf6c4b4578d5fd717cc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)