Գետնաբաղեղ. ՀՀ Բույսեր

Գետնաբաղեղ (Glechoma), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10-12, Հայաստանի Հանրապետությունում 1 տեսակ՝ Գետնաբաղեղ բաղեղանման (G. hederacea)։ Հանդիպում է Լոռու, Շիրակի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է բացատներում, թփուտներում, մարգագետիններում, այգիներում, որպես մոլախոտ՝ բնակատեղիների մոտ։ Ցողունը ճյուղավորվող է, սողացող-փռվող, երկարությունը՝ 15-60 սմ։ Տերևները զույգերով են, երկարակոթուն, կլորավուն-երիկամաձև կամ սրտաձև։ Ծաղիկները կեղծ տերևանութային են, մանուշակագույն, կարմրավուն կամ բաց մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը գորշագույն ընկուզիկ է։ Դեղաբույս է, պարունակում է կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, աղաղանյութեր, եթերայուղեր և այլն։ Ժող. բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են միզուղիների տարբեր հիվանդությունների, էկզեմայի, մաշկ, քորի, այրվածքների ժամանակ։ Մեղրատու է, թունավոր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում