Կանթեղախոտ մեծ. ՀՀ Բույսեր

Կանթեղախոտ մեծ (լատ.՝ Chelidónium május, ռուս.՝ Чистоте́л большо́й) ծիծեռնախոտ, դեղին կոճ, ծիծեռնադեղ, ծիծղան ծաղիկ, ծիծռան խոտ, ծիծռան ծաղիկ, հողմափայտ, մամերան, մամիրան։

Տարածումը Հայաստանում

Հանդիպում է մեր հանրապետության ոչ բարձր լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1500 մ բարձրության վրա, հիմնականում բանջարանոցներում, աղբուտներում, ստվերոտ տեղերում, այգիներում, անտառի հատված տեղերում և այլուր, գերադասելով խոնավ ու պարարտ հողերը։

Նկարագրությունը

Կակաչազգիների ընտանիքին պատկանող, 30-70 սմ, մազիկներով ծածկված, ճյուղավոր ցողունով, բազմամյա խոտաբույս է։ Արմատը կարճ է ու բարակ։ Տերևները փետրաձև են ու կտրտված, 7-20 սմ երկարության։ Ծաղկաբույլը հովանոցաձև է, գագաթնային, պսակաթերթերը` ոսկեդեղին։ Պտուղը պատիճանման տուփիկ է, սերմերը` սև կամ սև-ձիթապտղագույն։ Բույսի բոլոր մասերը փափուկ են ու նուրբ և վնասվելուց արտադրում են հիմնային ռեակցիայի նարնջագույն կաթնահյութ։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբերին։ Բազմանում է սերմերով։ Ունի սուր, անդուր հոտ, դառը համ։ Ձմեռում է լավ, պտղակալում` կանոնավոր։ Անձրևից առաջ բույսի ծաղիկները փակվում են, որն ունի ծաղկափոշին անձրևից պաշտպանելու նշանակություն։

Քիմիական բաղադրությունը

Բույսի բոլոր մասերը պարունակում են խոլիդոին, հոմոխելիդոնին, խելերիտրին, մեթօքսիխելիդոնին, օքսիխելիդոնին, սանգվինարին, պրոտոպին, L և B ալլոկրիպտոպին, սպարտեին, բերբերին, խելիդամին, ստիլոպին և ալկալոիդներ, որոնց քանակը բույսի մեջ հասնում է մինչև 1,87%-ի, այնուհետև 0,01% եթերայուղ, մինչև 1000 մգ% C վիտամին, կարոտին, խելիդոնաթթու, խնձորաթթու, լիմոնաթթու և սաթաթթու, ֆլավոնոիդներ, սապոնիններ, ֆիտոնցիդներ։ Կաթնահյութի 40%-ը, իսկ սերմերի 40-68%-ը ճարպայուղ է։ Սերմերում պարունակվում է նաև լիպազա ֆերմենտ։

Բուժական նշանակությունը

Բուժման նպատակով հիմնականում գտագործվում է բույսի վերգետնյա մասը, երբեմն նաև արմատը։ Բույսը հավաքում են ամբողջ ծաղկման սեզոնում, դանակով կամ մանգաղով կտրելով վերգետնյա մասը` գետնից 5-10 սմ բարձրության վրա։ Չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, թղթի վրա փռված բարակ շերտով կամ կախված վիճակում։ Չոր հումքը, որ կազմում է ելանյութի 23-25%-ը, տրորում են և վերածում փոշու, որը պահում են փակ տուփերի մեջ` 3 տարի ժամկետով։ Հավաքելիս պետք է զգույշ լինել` կաթնահյութի հետ շփվելիս, քանի որ կանթեղախոտը պատկանում է թունավոր բույսերի շարքին։ Այն որպես դեղաբույս հայտնի է եղել դեռևս հին հռոմեացիներին, իսկ տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է մաշկային զանազան հիվանդությունների (գորտնուկ, խոց, քոս, պալարախտ, քաղցկեղ, պիգմենտային բծեր և այլն), գայլախոտի, վեներական վերքերի, պոդագրայի, հավկուրության ժամանակ և այլն։ Կաթնահյութով բուժել են ոտքերի կոշտուկները, դեմքի պեպենները, տերևների փոշին ցանել են ինֆեկցված վերքերի վրա կամ այդ նպատակով անմիջապես օգտագործվել է թարմ տերևը։ Դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է լեղուղիների հիվանդությունների, գեղձախտի, ստամոքսաաղիքային տրակտի բորբոքումների, հատկապես լուծի ժամանակ։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է միզամուղ, լեղամուղ, լուծողական, հակագորտնուկային և հակագայլախտային։ Օգտագործվում է նաև պոդագրայի, ռևմատիզմի, որքինի, էկզեմայի, գեղձախտի և մաշկի քաղծկեղի ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է ջրգողության ժամանակ` որպես միզամուղ, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարման, գեղձախտի, սիֆիլիսի, մալարիայի, լեղուղիների հիվանդությունների ժամանակ։ Բուլղարական գիտական բժշկության մեջ բույսի կաթնահյութը համարվում է որպես ցավազրկող ու սպազմալիտիկ և օգտագործվում է խոլանգիտների, գաստրիտների և կոլիտների ժամանակ։

Գերմանիայում օգտագործվում է ամբողջ բույսը թեյի, ոգեթուրմի և մզվածքի ձևով, որպես ցավ հանգստացնող և սպազմալիտիկ` լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ և աղիների գալարակծկումը բարձրացնելու նպատակով։ Լեհաստանում բույսը օգտագործվում է որպես հակաբորբոքիչ, ցավ հանգստացնող, ճիճվամուղ, ինչպես նաև ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, լեղուղիների խիթերի, թութքի և ցավոտ դաշտանի ժամանակ։ Ավստրիայում` որպես հանգստացնող և հակացնցումային միջոց: Այնտեղ գտնում են, որ բույսի ալկալոիդներից մեկը ակտիվացնում է լեղապարկի և լեղածորանների ֆունկցիոնալ գործունեությունը և օգտագործում են հատուկ պատրաստուկներ` բույսի առանձին ալկալոիդներից։ Ֆրանսիայում դեղաբույսը օգտագործվում է որպես դրդող, միզամուղ և թեթև լուծողական միջոց։ Նշվում է, որ դրդող ներգործությամբ բույսը օժտված է միայն թարմ վիճակում։ Հոմեոպաթիայում թարմ արմատների էսենցիան օգտագործվում է լյարդի, երիկամների, ստամոքսի հիվանդությունների, ինչպես և թոքաբորբերի և ռևմատիզմի ժամանակ։ Որոշ տեղերում օղիով պատրաստված բույսի ոգեթուրմն օգտագործվում է յոդի փոխարեն` վերքերը մշակելու նպատակով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ կան տվյալներ, որ դեղաբույսն օգտակար է ջլաբորբի, գլխացավերի` հատկապես միգրենի ժամանակ, իսկ կաթնահյութը` ըստ Հ. Հ. Սեպետճյանի, օգտագործվել է տրախոմայի, կոնդիլոմաների և գորտնուկների դեպքերում։ Գ. Մենևիշյանը նշում է կաթնահյութի օգտակարության մասին` մաշկային կոծիծների բուժման դեպքում։ Գորտնուկը բուժելու համար ամեն օր ախտահարված տեղամասին կաթեցնում են կաթնահյութը և կապում, այնքան ժամանակ, մինչև գորտնուկի արմատի դուրս գալը։ Մինչև այժմ էլ մեր հանրապետության որոշ շրջաններում լավ տրորված դեղաբույսը հավասար չափով խառնում են կարագի հետ և քսում սնկային հիվանդություններով ախտահարված մաշկին։ Որոշ տեղերում դեղաբույսի եփուկի մեջ լողացնում են մաշկային հիվանդություններով կամ գեղձախտով տառապող երեխաներին։

Դեղաբույսի ֆարմակոլոգիական հատկանիշների մասին ուշագրավ տվյալներ է նշում Ս. Օ. Չիրվինսկին։ Նա պարզել է, որ բույսի ջրիկ մզվածքը մաշկի վրա ցուցաբերում է գրգռիչ ներգործություն, նրա ենթամաշկային ներարկումը ցավոտ է, իսկ ներերարկային կիրառումից դանդաղում է փորձնական կենդանու պուլսը, իջնում արյան ճնշումը, հաճախանում և խորանում շնչառությունը։ Հեղինակը նկատել է, որ դեղաբույսի 5%-անոց ջրիկ մզվածքից քաղցկեղային բջիջները ենթարկվում են կազմալուծման (բջիջների եզրագծերի սրացում, չափերի փոքրացում, ցիտոպլազմայի հատիկավորում և պղտորում)։ Փորձնական կենդանիների մոտ կանթեղախոտի պատրաստուկները կասեցնում են ուռուցքային բջիջների աճը, կործանարար ներգործում պալարախտի հարուցիչի, ինչպես նաև ստրեպտո- ստաֆիլոկոկերի և սնկերի վրա։ Փորձնականորեն հիմնավորված դեղաբույսի հակաուռուցքային ներգործությունը որոշ դեպքերում օգտագործում են կլինիկական պայմաններում` ուռուցքների ետվիրահատական կանխարգելումն ապահովելու համար։ Լաբորատոր պայմաններում բացահայտվել են նաև դեղաբույսի մեջ պարունակվող առանձին ալկալոիդների որոշակի առանձնահատկությունները։ Այսպես, պարզվել է, որ խելիդոնինը ունի մորֆինատիպ ազդեցություն, այն սկզբում առաջ է բերում կենտրոնական նյարդային համակարգի ընկճում, արյան ճնշման իջեցում, պուլսի դանդաղում, ի վերջո` կաթվածային վիճակ։ Հոմոխելիդոնինը ցնցումնային թույն է, տեղային ուժեղ անզգայացնող, սանգվինարիանը` նարկոտիկ, դրդում է աղիների շարժունակությունը և թքագեղձերի սեկրեցիան, պրոտոպինը թուլացնում է վեգետատիվ նյարդային համակարգի ռեակտիվությունը, բարձրացնում արգանդի հարթ մկանների տոնուսը, իսկ խելերիտրինը տեղային գրգռիչ է և սրտային թույն։

Կլինիկական պայմաններում Ա. Յա. Գուբերգրիցի և Ն. Ի. Սոլոմչենկոյի տվյալներով պարզվել է, որ կանթեղախետի պատրաստուկներն ուժեղացնում են թքի և լեղու սեկրեցիան, ցուցաբերում լուծողական, միզամուղ և վերքամոքիչ հատկություն։ Մաշկային հակապալարախտային ինստիտուտի տվյալներով մաշկի պալարախտի դեպքում հյութի կիրառումը տալիս է դրական արդյունք, որը պայմանավորված է հյութի մեջ պարունակվող վիտամիններով (Վորոշիլով Վ. Ն.)։ Դեղաբույսը նշանակվում է գայլախտի սկզբնական ստադիաներում, կոկորդի պապիլոմատոզի և գորտնուկների ժամանակ։ Տերևները մտնում են մաշկային պալարախտի ժամանակ կիրառվող պլանտազան Բ-ի, ինչպես նաև լեղաքարային հիվանդության, խոլեցիստիտների և դեղնուկի բուժման գործում լայն ճանաչում գտած խոլելիթին պատրաստուկի կազմի մեջ։ Ս. Ա. Տոմիլինը, կանթեղախոտը զուգորդելով այլ դեղաբույսերի հետ, այն հաջողությամբ կիրառել է լեղուղիների մի շարք հիվանդությունների, ինչպես նաև բրոնխիալ ասթմայի, քրոնիկական պոլիարթրիտների, կրծքային հեղձուկի, հիպերտոնիկ հիվանդության, էկզեմայի և մաշկային այլ հիվանդությունների ժամանակ։ Ստամոքսի քաղցկեղի դեպքում դեղաբույսը ի հայտ է բերում ընդհանուր հանգստացնող ներգործություն։

Կույբիշևի հոսպիտալ վիրաբուժության կլինիկայում կանթեղախոտի կիրառումից հետաքրքիր տվյալներ է ստացել Ա. Ամինևը։ Հեղինակը հաստ աղիքի պոլիպոզով տառապող հիվանդներին` կոնսերվատիվ եղանակով բուժելու նպատակով, 15-60 գ բույսի թարմ զանգվածը, մսաղացով աղալուց հետո ստացված հյութը նոսրացրել է 10 անգամ և օրը մեկ անգամ կամ օրընդմեջ ներմտցրել հաստ աղիք, իսկ միզապարկի պապիլամատոզի դեպքում կաթետերով միզապարկ է ներմտցրել դեղաբույսի կոնսերվացրած, նոսրացրած հյութը։ Այս պրոցեսը կրկնելով մի քանի անգամ, նրան հաջողվել է ստանալ գոհացուցիչ տվյալներ։ Նա գտնում է, որ ստացված արդյունքը պայմանավորված է պոլիպը սնող անոթների թրոմբոզով և պոլիպային հյուսվածքի կերատոլիտիկ քայքայումով։ Նման տվյալներ ստացել են նաև կոկորդի պապիլամատոզի բուժման ընթացքում։

Դեղաբույսը օֆիցինալ է մեզ մոտ, ԱՄՆ-ում, Վենեսուելայում և Գերմանիայում։ Կանթեղախոտը օգտագործվում է նաև անասնաբուժության մեջ` ոչխարների տիմպանիտը բուժելու համար։ Չորացրած վիճակում այն օգտագործում են տնային կենդանիների վերքերը, մաշկային վարակիչ հիվանդությունները և ճիճվակրությունը բուժելու համար։ Սակայն դեղաբույսի մեծ դոզաներից առաջ է գալիս թունավորում, որի հիմնական նշաններն են ծարավությունը, գլխում և ստամոքսում ծանրության զգացումը, գլխապտույտը, զգայախաբությունը, իսկ ավելի ծանր դեպքերում առաջ է գալիս ուշաթափություն, սրտանոթային անբավարարություն։ Թունավոր է ամբողջ բույսը, հատկապես արմատը, ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների և միջատների համար։

Կիրառման եղանակները

Կանթեղախոտի բոլոր պատրաստուկները պետք է ընդունել միայն բժշկի խորհրդով և նրա անմիջական հսկողության տակ։ Բույսից ջրաթուրմ պատրաստելու համար հաճախ օգտվում են խառնուրդներից։ Այսպես բրոնխիալ ասթմայի, կապույտ հազի և բրոնխիտների ժամանակ հավասար չափերով վերցնում են սագաթաթ, մեղրածուծ, սև թանթրվենու ծաղիկներ, սոճու կոն և կանթեղախոտ, որից 4 թեյի գդալ լցնում են 1 բաժակ եռման ջիր մեջ, թրմում 2 ժամ, ապա ըմպում օրվա ընթացքում 3 անգամ, կամ հավասարաչափ իրար են խառնում սրոհունդը, ուրցը և ծիծեռնախոտը։ Այս խառնուրդից 4 ճաշի գդալ լցնում են 1 լ եռման ջրի մեջ և հովանալուց հետո աստիճանաբար ըմպում որպես միզամուղ, կամ վերցնում են 1 մաս ծիծեռնախոտ և 2-ական մաս հազարտերևուկ, երիցուկ և սրոհունդ, որոնցից 1 ճաշի գդալ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում միանվագ, օրական 3 անգամ` խոցային հիվանդությունների դեպքում։ Լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ հավասար չափով վերցված ծիծեռնախոտի և անանուխի խառնուրդներից 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում թրմում են 1 ժամ և ըմպում միանվագ` առավոտյան և երեկոյան ժամերին։ Նույն նպատակով և նույն ձևով օգտագործվում է նաև հավասար չափերով վերցված ծիծեռնախոտի, ընկույզի տերևի և եղերդակի արմատի խառնուրդը։ Թարմ հյութից քսուք պատրաստելու համար հումքը խառնում են վազելինի հետ 1։4, իսկ փոշուց քսուք պատրաստելիս` 1։1 հարաբերությամբ և զանգվածի կայունացման համար ավելացնում են 0,25% կարբոլաթթու։ Խոլելիթինը, որ բաց է թողնվում դեղատներում, ընդունում են 10-ական կաթիլ, օրական 3 անգամ` ուտելուց 15 րոպե առաջ։ Թարմ կաթնահյութը կամ ջրիկ մզվածքը կոկորդի պապիլոմայի, մաշկի քաղցկեղի, գորտնուկների և ոտքերի կոշտուկների ժամանակ. օգտագործելիս տարբեր չափերով նոսրացվում է գլիցիրինով։

Այլ օգտակար հատկանիշները

Դեղաբույսը հարուստ է ծաղկափոշով, որով էլ հրապուրում է մեղուներին և այլ միջատների։ Պտուղներից ստացվող ճարպայուղը կիրառվում է մետաղները կորոզիայից պաշտպանելու համար։ Բույսը` շիբի հետ խառնված, բուրդը ներկում է կարմրադեղին, իսկ արմատը` դեղին։ Թարմ բույսից պատրաստված թուրմով սրսկում են սենյակային բուսերը` լվիճներին ոչնչոցնելու համար։

Հետաքրքիր փաստեր

Ցեղի խելիդոնին անունը հունարեն է, որը նշանակում է ծիծեռնակ, կապված այն բանի հետ, որ իբր ծիծեռնակները բույսի կաթնահյութը քսում են իրենց ձագերի աչքերին` աչքերը բացելու բնազդով: Սակայն այս մեկնաբանությունը այնքան հավանական չէ, որքան այն, որ այս անունը ծիծեռնակի հետ կապվում է նրանով, որ բույսի ծաղկումը և թառամումը համընկնում է ծիծեռնակների գալու և չվելու հետ:

Ավիցեննան դեղաբույսը խառնել է դառը նշի յուղի հետ և քսելու ձևով օգտագործել գլխացավի ժամանակ: Խառնելով խնկեղեգի հետ, կանթեղախոտը օգտագործել է նաև աչքի հատի և վատ տեսողության դեպքերում:

Ամիրդովլաթ Ամասիացին, ծիծեռնակին խոտը անվան տակ, նշում է. «եթե աչքին դնեն` աչքը սրացնե և սպիտակն տանի», այն օգտակար է ատամնացավին, ականջացավին, դեղնուկին, ոսկրացավին, բացում է լեղուղիների խցանումը, կանոնավորում միզարձակումը, իսկ արտաքին կիրառմամբ օգնում է ճեղքված եղունգին, պեպեններին։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում