Մարգացնծու. ՀՀ Բույսեր

Մարգացնծու (լատ.՝ Peucedanum), երիցանուկ, կորդվախունկ, երիցու աղցան, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Արմատը հաստացած է։ Ցողունի բարձրությունը 40-150 սմ է։ Տերևները հերթադիր են, փետրաձև կտրտված, ներքևինները՝ կոթունավոր, վերևինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղին, բաց դեղնավուն, կանաչադեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը Երկարավուն է կամ էլիպսաձև։

Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում՝ 4(5) տեսակ՝

  • Մարգացնծու վոլգյան (P. ruthenicum),
  • Մարգացնծու Կովկասյան (P. caucasicum),
  • Մարգացնծու Զեդելմեյերի (P. zedelmeyeranum) և այլն։

Տարածում

Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառածածկ լանջերին, թփուտներում, բացատներում, ենթալպյան խոնավ մարգագետիններում և այլն։

Նշանակություն

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր։ Պատրաստուկները կիրառվում են որպես միզամուղ միջոց։ Կովկասյան մարգացնծու (հազվագյուտ հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերում, աճում է անտառեզրերին, թփուտներում) և Զեդելմեյերի մարգացնծու (հանդիպել է միայն Գիլլի լճի շրջակայքում) գրանցված են Հայաստանի Հանրապետություն Կարմիր գրքում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում