Շագանակենի. ՀՀ Բույսեր

Շագանակենի, իսկական (լատ.՝ Castanea), հաճարազգիների ընտանիքի ծառանման բույսերի ցեղ։

Հայտնի է 14 տեսակ, որոնք աճում են Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Չինաստանում, Միջերկրածովյան երկրներում, ԽՍՀՄ-ում մշակվում է 1 տեսակ՝ շագանակենի սովորականը (C․ sativa)՝ Կովկասի սևծովյան առափնյա շրջաններում և Անդրկովկասում։

Կենսաբանական նկարագիր

Երկարակյաց (500 տարի և ավելի), խոշոր ծառ է, մինչև 35 մ բարձրությամբ և 2 մ տրամագծով։ Սաղարթը՝ գմբեթաձև, խիտ, ուժեղ ճյուղապատված։ Արմատային համակարգը հզոր է և խոր։ Ծաղիկները մանր են, միասեռ կամ երկսեռ, խաչաձև փոշոտվող, ծաղկաբույլը՝ կատվիկ։

Տերևները՝ խոշոր, հերթադիր, երկար, սրածայր։ Պտուղը ընկույզ է, կլոր, տափակավուն՝ պատված գորշավուն պտղապատյանով, պտղամաշկի՝ հաստ, շագանակագույն, մուգ դարչնագույն երանգով։ Պտղամիսը՝ սպիտակ, կիսահյութալի, քաղցր, համեղ, սննդարար։

Քիմիական կազմ

Պարունակում է օսլա՝ 60%, շաքարներ՝ մինչև 17%, ազոտային նյութեր՝ 8-11%, ճարպեր՝ 2% և ավելի, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու)։

Կիրառում

Պտուղներն օգտագործվում են թարմ և եփած վիճակում, հրուշակեղենի արտադրությունում՝ որպես սուրճի սուրոգատ, բնափայտը՝ ատաղձագործության, կահույքի և խառատային արտադրությունում, շինարարության մեջ։ Բնափայտը, կեղևը և ծաղկակալները հարուստ են դաբաղանյութերով և ներկանյութերով։ Խոնավասեր բույս է։

Մշակում

Բազմանում է պատվաստով, մացառներով և սերմերով։ Պատվաստված բույսերը բերք են տալիս 5-10-րդ, իսկ սերմնաբույսերը՝ 10-15-րդ տարում։ 50 տարեկանում բերքատվությունը՝ մինչև 1 տ/հա։ Լավ է աճում թթու, գորշ և միջին խոնավության հողերում։ ԽՍՀՄ-ում մշակվում են խոշորապտուղ, մանրապտուղ և այլ սորտեր, իսկ արտասահմանյան սորտերից տարածված են լիոնյանը, նեապոլյանը և այլն։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում