Տորֆամամուռ. ՀՀ Բույսեր

Տորֆամամուռ (լատ.՝ Sphagnum) , սպիտակ մամուռ, օշնա, տորֆամամուռազգիների ընտանիքի մամուռների ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը ՝ 10-20 սմ։ Կողմնային ճյուղերը հաճախ փնջերով են, որոնք ցողունի գագաթնային մասում ավելի կարճ են և խիտ դասավորված, առաջացնում են գլխիկ, որը տարբեր տաքսոնների մոտ տարբեր գույների է (դեղին, գորշ, կարմիր, շագանակագույն)։ Ցողունային և ճյուղային տերևներն իրենց չափերով, ձևերով ու դասավորությամբ տարբեր են, սակայն երկուսի տերևներն էլ բաղկացած են բջիջների (դրանք երկու տեսակ են) մեկ շերտից և ջիղ չունեն։ Բջիջների մի մասը ասիմիլացնող քլորոֆիլակիր է, նեղ ու երկար, մյուսը՝ պրոտոպլաստից զուրկ, լայն, շեղանկյուն, մեռած, թափանցիկ, կոչվում են հիալինային բջիջներ։ Դրանք ծակոտկեն են, հեշտությամբ ջուրը ներծծում են և երկար ժամանակ այն պահում (կլանած ջրի կշիռը 20-30 անգամ գերազանցում է չոր նյութի կշռին)։ Տորֆամամուռ բազմանում է սպորներով և վեգետատիվ ճանապարհով։ Սպորները հասունանում են օգոստոսին։ Դրանք երկտուն են կամ միատուն, սակայն արական և իգական գամետները միշտ լինում են տարբեր ճյուղերի վրա։ Սպորոգոնիումը գտնվում է ցողունի գագաթին։ Հասունացումից առաջ ցողունի գագաթը սկսում է աճել-երկարել, սպորոգոնիումը դուրս է ցցվում, և գնդաձև տուփիկից (որի կափարիչը բացվում է) սպորները թափվում են։ Տորֆամամուռի ցողունները միշտ աճում են գագաթով, իսկ հիմքի մասերը մահանում են։

Կիրառություն և նշանակություն
Տարիների ընթացքում մամուռի նոր ծածկոցների շերտադրումը հին մեռած շերտերի վրա առաջացնում է հզոր փուխր տորֆաշերտ։ Տորֆագոյացումը տեղի է ունենում գերխոնավության, թթվածնի բացակայության և տորֆազոյացնող մամուռների կողմից թթու միջավայր ստեղծելու հետևանքով։ Թթվածնի բացակայությունը տորֆի զանգվածում անաերոբ միջավայր է ստեղծում, որտեղ բակտերիաները և սնկերը թույլ են զարգանում։ Տորֆի զանգվածներում հայտնաբերվել են լավ պահպանված մշակույթի առարկաներ, մարդկանց, կենդանիների, միջատների դիակներ, բնափայտի, սերմերի, պտուղների մնացորդներ։

Տեսակներ
Հայտնի է ավելի քան 300 (այլ տվյալներով 120 տեսակ), ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ տորֆամամուռ ծոպավոր (T. fimbriatum), տորֆամամուռ գորշ (Տ. fuscum), տորֆամամուռ ցցված (T. squarrosum) և այլն։ Ունի շատ սահմանափակ տարածում։ Հանդիպում է Գեղամա (Գռիձոր), Զանգեզուրի (Գորհայք գ.) և Մեղրու (Ճգնավոր լ.) լեռնաշղթաներում։ Զբաղեցնում է շատ փոքր՝ 50-100 մ² տարածք։ Աճում է հիմնականում շատ խոնավ վայրերում։ Ռիզոիդներ չունի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում