Շյուղախոտ. ՀՀ Բույսեր

Շյուղախոտ, (լատ.՝ Festuca), փեստուկ, կորդողք, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Արմատային համակարգը՝ ուժեղ զարգացած։ Ցողունի բարձրությունը՝ 1,5-1,75 մ, առաջացնում է ստորգետնյա սողացող ընձյուղներ։ Տերևները գծաձև են, անհարթ կամ մազմզուկապատ։ Ծաղկաբույլը թույլ փռված, երբեմն՝ ողկուզանման, բազմահասկ հուրան է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Հատիկները մանր են, տափակ՝ պարփակված հատիկային թեփուկի մեջ։ Փոշոտումը՝ խաչաձև, խոնավասեր, ցրտադիմացկուն բույս Է։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 20 տեսակ՝

  • Շյուղախոտ մարգագետնային (F. pratensis),
  • Շյուղախոտ կարմիր (F. rubra),
  • Շյուղախոտ հսկա (F. gigantea),
  • Շյուղախոտ ոչխարի (F.ovina) և այլն։

Տարածում

Տարածված է երկու կիսագնդերի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերի նախալեռնային գոտուց մինչև ալպյանը։ Աճում է արոտավայրերում, մարգագետիններում, տափաստաններում, առաջացնում ամուր ճիմ։

Արժեքավոր կերային բույսեր են։ Որոշ տեսակներ մշակվում են։ Տնտեսական առավել կարևոր նշանակություն ունեն Շյուղախոտ մարգագետնայինը (լատ.՝ Festuca pratensis)․ կարմիր շյուղախոտը, (լատ.՝ Festuca rubra) ևն։ Մարգագետնայինը բազմամյա բույս է։

Ցանքս

Ցանքի տարում բերք չի տալիս։ Առավելագույն բերքն ստացվում է ցանքի երկրորդ տարվանից մինչև վեցերորդ տարին։ Ցանքի նորման՝ 18-20 կգ/հա։ Խոտը հնձվում է հուրաններ արձակելու, իսկ հատիկը հավաքվում է մոմային հասունացման շրջանում։ Խոտի բերքը 50-60 ց/հա Է, հատիկինը՝ 8-10 ց/հա։ 1 ց կանաչ զանգվածը պարունակում է 21, իսկ 1 ց խոտը՝ 54,7 կերային միավոր։ Հայաստանում շրջանացված է Կրասնոդարսկայա 14 սորտը։ Շյուղախոտ կարմիրը արժեքավոր է երկարակյաց արոտավայրեր և գազոններ (սիզամարգեր) ստեղծելու համար։ Խոտի բերքը 15-25 ց/հա Է։ 100 կգ խոտը պարունակում է 50, 3 կերային միավոր։ Կերային նշանակություն ունեն նաև մի քանի այլ տեսակներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում