Կերիա ճապոնական. ՀՀ Բույսեր

Կերիա ճապոնական (լատ.՝ Kerria japonica), վարդազգիների ընտանիքի, կերիա ցեղի բույս։

Նկարագրություն
Մինչև 3 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է, ուղղաձիգ կամ կոր, կանաչ ճյուղերով։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները նշտարաձև են, 2-10 սմ երկարությամբ և 1,5-5 սմ լայնությամբ, երկարավուն սրածայր, ոչ խոր բլթականման կտրտված, ատամնասղոցաեզր, հիմքում թեթևակի սրտանման, լայն սեպաձև կամ կլորավուն, բաց կանաչավուն, վերևի կողմից մերկ, ներքևից մազմզուկապատ։ Տերևակիցը մախաթագծանման է, վաղ թափվող։ Տերևակոթունը ունի մինչև 3 սմ երկարություն։ Ծաղիկները գտնվում են ընձյուղների գագաթին կամ նախորդ տարվա ընձյուղների ծոցերում, մեծ մասամբ միայնակ, ոսկեդեղին, հաճախ' լիաթերթիկ, 3-4,5 սմ տրամագծով։ Բաժակաթերթիկները ամբողջաեզր են կամ գրեթե կլորավուն, կարճ եղունգավոր, առէջները բազմաթիվ են, պսակաթերթիկներից կրկնակի անգամ կարճ։ Պտուղը հավաքական է, կլոր երկարավուն, մերկ, գորշասևավուն։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին (երբեմն երկրորդ անգամ աշնանը): ՀՀ-ում հազվադեպ է պտղաբերում։

Տարածվածություն
Տարածված է Չինաստանում: Հայաստանում մշակվում է Գյուլագարակում, Իջևանում: Երևանում ոչնչացել է 1972-73 թթ. ձմռան ընթացքում։ Հեռանկարային է միայն ՀՀ մերձարևադարձային շրջանների համար։ Կարելի է մշակել նաև Արարատյան դաշտի պայմաններում, որտեղ խիստ և երկարատև ձմռան դեպքում ցրտահարվում է մինչև գետնի մակերեսը և հաջորդ տարին ուժեղ աճելով ծաղկում է։ Բազմանում է սերմերով։ Լիաթերթիկ ձևը բազմացնում են կտրոններով, մացառներով և անդալիսով։

Կիրառություն
Կերիան պարտեզներում գնահատվում է իր պայծառ դեղին ծաղիկների համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում