Տերեփուկ. ՀՀ Բույսեր

Տերեփուկ (լատ.՝ Centaurea), բարդածաղկավորների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածում

Հայտնի է տերեփուկի շուրջ 550 (ԽՍՀՄ-ում՝ 178) տեսակ՝ տարածված Եվրասիայում, արևադարձային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, 1 տեսակ՝ Ավստրալիայում։ Տեսակներով առանձնապես հարուստ են միջերկրածովամերձյան և Առաջավոր Ասիայի երկրները։ ՀԽՍՀ-ում հանդիպում է տերեփուկի մոտ 30 տեսակ, կան էնդեմիկ տեսակներ՝ Սևանի Երևանի։

Հայտնի է մոտ 550, ՀՀ-ում՝ 46 տեսակ։ Դրանցից 13-ը՝

  • Տերեփուկ Թախտաջյանի (Centaurea takhtajanii),
  • Տերեփուկ հայաստանյան (Centaurea hajastana),
  • Տերեփուկ Շովիցի (Centaurea szovitsianuen),
  • Տերեփուկ Ֆայ վուշի (Centaurea fajvuschii),
  • Տերեփուկ Ալեքսանդրի (Centaurea alexandri),
  • Տերեփուկ գեղեցիկ (Centaurea bella) և այլն, բնաշխարհիկ են։

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի): Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ժայռերի ծերպերում, աղուտներում, գետափերին, կաղնու և գիհու նոսրանտառներում։

Ծագում

Տեսակների մեծամասնությունը ունի հարավ-եվրոպական ծագում:

Կենսաբանական նկարագիր

Մինչև 60-80 սմ երկարությամբ, կանգուն, երբեմն պառկած ցողուններով, ամբողջաեզրից մինչև փետրաձև հատված տերևներով բույսեր են։ Ծաղկաբույլը (զամբյուղ) խոզանաձև ծաղկակալով է, բազմագույն (ծիրանի, վարդագույն, կապույտ, դեղին, սպիտակ)՝ խողովակաձև կամ ձագարաձև ծաղիկներով։ Եզրային ծաղիկներն անսեռ են և երբեմն ավելի խոշոր, քան միջինները։ Սերմիկները փուփուլիկներով են։

Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը փուփոզիկով սերմիկ է։

Քիմիական կազմ

Պարունակում է ալկալոիդներ, ածխաջրեր, աղաղանյութեր, թթուներ, ֆլավոնիդներ, կումարին, անտոցիան, սապոնին, վիտամին C և այլն։

Նշանակություն և կիրառում

Տարածված դեկորատիվ խոտաբույս է։ Կան բազմաթիվ մեղրատու, ներկատու, մոլախոտային ձևեր։ Դեղագործության մեջ օգտագործվում են կապույտ տերեփուկի (C․ cyanus) ծաղիկները։

Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաուռուցքային, հակաբորբոքային, լեղամուղ միջոց, նաև երիկամային քրոնիկակա, նյարդային և այլ հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակներ պարունակում են ներկանյութեր (բուրդը ներկում են դեղին, գազարագույն, կապույտ): Գեղազարդիչ է և մեղրատու։

  • Տերեփուկ Արփիին (C. arpensis) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Արարատի (Վեդու և Վանևան գյուղի շրջակայք) ու Վայոց ձորի (Եղեգնաձորի շրջակայք) մարզերում (1100-1500 մ բարձրություններում),
  • Տերեփուկ հայաստանյանը (C. hajastana)՝ Շիրակի մարզում (1400-2000 մ բարձրություններում),
  • Տերեփուկ լեվզեյանմանը (C. leuzeoides)՝ Վայոց ձորի մարզում (Մարտիրոս գյուղի շրջակայքում, 1600-2000 մ բարձրություններում),
  • Տերեփուկ ֆեոպապուսանմանը (C. phaeopappoides)՝ նույն մարզում (1300-2300 մ բարձրություններում) և այլն։

Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում