Դեղձենի. ՀՀ Բույսեր

Դեղձենի (Լատիներեն` Prúnus pérsica` «պարսկական սալոր»), վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։ Հայրենիքը գտնվում է հյուսիս-արևմտյան Չինաստանի Թարիմ գետի ավազանի և Քունլուն Շան լեռների հյուսիսային լանջերի արանքում գտնվող տարածաշրջանում, որտեղ այն մշակվել և դարձվել է ընտանի։

Նկարագրություն
Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական դեղձենու տեսակից, որը մինչև 8 մ բարձրության, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։

Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն։ Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը)։ Սերմը հիմնականում դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում են նաև նեկտարենիներ)։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, մուրաբա, պովիդլո, ժելե։ Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բերքատվությունը՝ 200-400 ց/հա։

Դասակարգում
Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (զաֆրանի, լիմոնի, նարնջի, ճուղուրի) թավոտ են, կան նաև մի քանի ցածրորակ, անթավ (մերկ) սորտեր։ Լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (հասունանում է օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հասունանում է հոկտեմբերին):

Պտղի սննդային կազմը

  • Օրգանական թթուներ՝ խնձորի, գինի, կիտրոնի, խինինի
  • Հանքային աղեր՝ երկաթ, պղինձ, կալիում, ֆոսֆոր, ցինկ, մագնեզիում, սելեն, մանգան
  • Վիտամիններ՝ C, B, E, K, PP խմբերի, կարոտին
  • Պեկտիններ և եթերային յուղեր
  • Կորիզները պարունակում են դառը նշի յուղ և ամիգդալին։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում