Գետնաելակ. ՀՀ Բույսեր

Գետնաելակ , (լատ.՝ Fragaria), գետնամորի, ելակ, իծամորի, ոչխարի մորի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30-35), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ գետնաելակ անտառային (F. vesca), գետնաելակ կանաչ (F. viridis) և գետնաելակ անանասի (F. ananassa)։ Վերջին տեսակը, որին անվանում են ելակ, իր բազմաթիվ սորտերով տարածված է միայն մշակության մեջ՝ գրեթե բոլոր մարզերում։ Վայրի վիճակում տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

Նկարագիր
Գետնաելակը 40-50 սմ բարձրությամբ թուփ է։ Տերևները եռամասն, ծաղիկները՝ հիմնականում երկսեռ, սպիտակ, բաց վարդագույն կամ մուգ կարմիր գույնի՝ հավաքված ողկուզաձև կամ վահանաձև ծաղկաբույլի մեջ։ Պտուղները հատապտուղ են։ Պտուղը կեղծ, հյութալի հատապտուղ է (կարմիր, վարդագույն, սպիտակ), որի վրա դասավորված են սերմերը։ Սերմերը դասավորված են պտղի վրա մեծ քանակությամբ։ Պտուղները հասունանում են ծաղկումից մեկ ամիս անց, հասունացումը տևում է 15-20 օր։ Բուրավետ են, օգտագործվում են թարմ, վերամշակված վիճակում (մուրաբա, օշարակ, ջեմ, հյութ և այլն)։

Մշակում
Մշակվում է գլխավորապես այգու գետնաելակ (F․ ananassa)։ Աշխարհում հայտնի են գետնաելակի 2000-ից ավելի սորտեր։ Գետնաելակի սորտերը Հայաստանում մշակության մեջ հայտնի են XIX դարի II կեսերից սկսած, գլխավորապես Երեվանի շրջակայքի տնամերձ այգիներում։ 1930-1935 թվականներից մշակվում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում։ Բերքատվությունը 50-100 ց/հա։ Ցրտադիմացկուն է, լավ ձմեռում է ձյան ծածկոցի տակ, լավ է աճում խոնավ, սննդանյութերով հարուստ հողերում։

Բազմացում
Գետնաելակը բազմանում է սերմերով և բեղիկներով՝ վերերկրյա փռվող ընձյուղներով։

Կիրառական նշանակություն
Դեղաբույս է. պտուղը պարունակում է ասկորբինաթթու, կարոտին (A-նախավիտամին), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն։ Ժողովրդական բժըկության մեջ ետնաելակի տերևները և հատապտուղները (թարմ և չոր) օգտագործում են որպես միզամուղ միջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում