Հովվամախաղ. ՀՀ Բույսեր

Հովվամախաղ (լատ.՝ Capsella), ծտապաշար[1], ճնճղկահաց, եզան ճակտիկ, ճնճղկաբլիթ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ հովվամախաղ սվորական (C. bursa-pastoris)։

Տարածում
Տարածված է բոլոր մարզերի ցածրադիր և միջին գոտիներում։ Աճում է ճամփեզրերին, այգիներում, բանջարանոցներում, աղբոտ վայրերում, ամայի տարածքներում և այլն։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը պարզ է կամ ճյուղավորվող, բարձրանում է՝ 10-60 սմ։ Մերձարմատային տերևները կոթունավոր են, փետրաբաժան՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ նստադիր, ամբողջական, նշտարաձև, գոգավոր-ատամնաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը հակաեռանկյունաձև պատիճակ է (արտաքին տեսքով հիշեցնում է պայուսակ, այստեղից՝ հովվամախաղ անվանումը)։

Նշանակություն
Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, լեղամուղ, արյան ճնշումն իջեցնող միջոց։ Ուտելի է և մեղրատու։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում