Խորդենի. ՀՀ Բույսեր

Խորդենի կամ աղավնակտուց, կռնկենի, (լատ.՝ Pelargōnium) խորդենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է։

Հայրենիք
Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել 17-րդ դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս։ Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում։

Կենսաբանական նկարագիր
Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր խորդենի (P. roseum)։ Բազմամյա կիսաթուփ է, արմատը՝ հզոր, ցողունը՝ 80-100 սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված։ Տերևները՝ հերթադիր, բլթակավոր, թավոտ։ Ծաղիկները՝ բաց վարդագույն։ Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%)։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ։ Վարդաբույր խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի, խոնավության և հողի նկատմամբ։ Սառնամանիքները ( -2-ից -3 °C) խիստ վտանգավոր են։ Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում։ Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում։

Նշանակություն և կիրառում
Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում)։ Վարդագույն խորդենու եթերայուղը դյուրաշարժ, թափանցիկ, անգույն կամ թեթևակի կանաչավուն, վարդագույն հեղուկ է, պարունակում է 64-75% սպիրտներ։ Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ։ Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր։ Մեղրատու է։

Խորդենին ՀՀ-ում
ՀՀ-ում հայտնի է խորդենու 19-22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն։ Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր։ Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին. ՀՀ-ում մշակվել է 1938 թվականից՝ Արմավիրի մարզում (Արմավիրում գործում է խորդենու տնտեսություն-գործարան)։ Միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 80-100 սմ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ճյուղավորված։ Տերևները հերթադիր են, կտրտված, բլթակավոր, թավոտ, մուգ կանաչ։ Ծաղիկները երկսեռ են, բաց վարդագույն։ Պտուղները հազվադեպ են տրոհվում։

1948 թվականին Հոկտեմբերյանի շրջանում հիմնադրվել է խորդենու պետական տնտեսություն, որը 1955 թվականին վերանվանվեց Հոկտեմբերյանի խորդենու պետական տնտեսություն-գործարան։ 1968 թվականին Հոկտեմբերյանի շրջանում կազմակերպվել է եթերա-ձիթատու կուլտուրաների համամիութենական ԳՀԻ-ի հայկական Փորձակայան։ Հայաստանում աղուտների և անջրդի, քարքարոտ հողերի պայմաններում մեծ հեռանկարներ ունի խորդենու անհող՝ հիդրոպոնիկ եղանակով աճեցումը։

Նախկին ԽՍՀՄ-ում արմատակալները դաշտ են տեղափոխվում ապրիլի վերջերին։ Բերքը հավաքում են հոկտեմբերի վերջերին։ Բերքատվությունը՝ 300-400 ց/հա կանաչ զանգված կամ 30-40 կգ/հա եթերայուղ։ Խորդենին մշակվում է Ամերիկայում, Ալժիրում, Իտալիայում, Ճապոնիայում, Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում