Մանանեխ. ՀՀ Բույսեր

Մանանեխ խարտալ, դաշտային մանանեխ, ախունու, (լատ.՝ Brássica nígra), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի (Brassica) ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսեր։ ԽՍՀՄ-ում մշակվում էր հիմնականում 2 տեսակ՝ կապտամոխրագույն մանանեխ (B. juncea) և սպիտակ մանանեխ (Sinapis alba)։ Վայրի տեսակները հանդիպում են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տրոպիկներում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը կանգուն է, պարզ կամ խիստ ճյուղավորվող, թավոտ, հազվադեպ՝ մերկ, բարձրություն՝ 10-100 սմ, ներքևի տերևները խոշոր են, քնարանման, ամբողջական կամ խիստ կտրտված, իսկ վերինները՝ մանր, նշտարաձև, ամբողջական։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։ Պտուղը պատիճ Է՝ 16-20 սերմով։ Սերմերը գնդաձև են, մուգ շագանակագույն կամ դեդին 1000 սերմիկշիռը 2,0-2,5 գ է։

Քիմիական կազմ
Պարունակում է 35-47% բուսական և 0,5-1,7% եթերային յուղ։ Սերմը պարունակում է մինչև 42% ճարպային յուղեր, 20% սպիտակուց, 15% լորձ, 12 % եթերային յուղ, գլյուկոզիդ սինիգրին, ֆերմենտ միրոզին։ Տերևը պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, կալցիում, երկաթ։

Մանանեխի յուղը հարուստ է A, B6, E, K, PP վիտամիններով, պարունակում է նաև քոլին, օմեգա 3 ճարպաթթուներ, յուղն ամրացնում է մազարմատները և բարձրացնում առաձգականությունը, նպաստում օրգանիզմի աճին և լակտացիային։ սպիտակ մանանեխի ցողունը ծածկված է կոպիտ մազմզուկներով, ներքևի տերևներն ունեն երկար, իսկ վերինները՝ կարճ կոթուն։ Պատիճը գլանաձև է՝ 4-7 սերմով։ 1000 սերմի կշիռը 4,7 գ է։ Պարունակում է 30-40% բուսական յուղ։

Մշակում
ԽՍՀՄ-ում մանանեխ մշակվում էր Վոլգոգրադի, Սարատովի, Ռոստովի մարզերում, Մարիական և Ուդմուրտական ԻԽՍՀ-ներում։ Սերմի բերքատվությունը 12-15 ց/հա է, կանաչ զանգվածինը՝ 200-250 ց/հա։ Բերքը հավաքում են լրիվ հասունացման շրջանում, վերասարքավորված կոմբայնով։

Պատմություն
Մանանեխ (ռուս.՝ горчица, լատ.՝ Brassica juncea), հնագույն ժամանակներից օգտագործվել է` որպես համեմունք։ Կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։ Հին եգիպտական մագաղաթներում դեռևս 3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում մանանեխի սերմն ավելացնել ուտեստներին։ Համարվում է, որ սև մանանեխի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է։

  • Հանճարեղ Պյութագորասը համարել է, որ բույսի սերմը լավացնում է հիշողությունը։
  • Քրիստոնեական մշակույթում մանանեխը հավատի խորհրդանիշ է:
  • Փոքրիկ սերմը պահպանում է իր ծլունակությունը 50 տարի, այն կարող է ճեղքել բնական ապարը, ասֆալտը, բետոնը, չորադիմացկուն է։

Տարածում և էկոլոգիա

Հայրենիքը համարվում է Միջին Ասիան։ Վայրի վիճակում հանդիպում է Եվրոպայի և Ասիայի տրոպիկներում, Հյուսիսային Աֆրիկայում (Ալժիր, Եգիպտոս, Թունիս, Էրիթրեա, Եթովպիա, Մարոկկո)։ Մշակում են Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռումինիայում, Թուրքիայում:

Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է դաշտերում, մարգերում, ճանապարհների մոտ, աղբոտում ցանքերը։ Տարածված էր կապտամոխրագույն մանանեխի «ժոլտոսեմեննայա» և սպիտակ մանանեխի «ՎՆԻԻՄԿ-162» սորտերը։ Աճում է գետի ափին, աղբոտ վայրերում։

Նշանակություն
Մանանեխի բուսական յուղը օգտագործվում է հացաթխման, հրուշակեղենի արդյունաբերության, իսկ եթերային յուղը՝ մանանեխային սպիրտի ձևով, բժշկության մեջ։ Մանանեխի քուսպի փոշուց պատրաստում են ծեփուկ և սեղանի մանանեխ։ Մանանեխի սերմերից ստանում են եթերայուղեր, օգտագործվում է բժշկության մեջ, բուսական յուղ՝ սննդի արտադրությունում (հացաթխման, հրուշակեղենի, պահածոյի) մեջ։ Մանանեխի քուսպի փոշուց պատրաստում են սեղանի մանանեխ։ Մեղրատու է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում