Խաղող. ՀՀ Բույսեր

Խաղող (լատ.՝ Vítis), խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղ, իսկ նրա ողկույզները հասած վիճակում քաղցր հատապտուղներ են։ Խաղողի հայրենիքը Առաջավոր Ասիան է։ Հայտնի է մոտ 70 տեսակ։

Բուսաբանական նկարագրություն

Խաղողի մատերին անվանում են խաղողի վազ։ Խաղողի սերմը ծլելուց հետո առաջին տարին փոքր մատ է տալիս։ Նրա տերևների բողբոջներից մյուս տարում նոր երկար, լավ զարգացած մատեր են աճում, այնուհետ հաջորդ տարում յուրաքանչյուր բողբոջ ավելի նվազ մատեր է տալիս, որոնք աշնանը չորանում են մինչ իրենց բողբոջը, այնպես որ այդ մատից մնում է միայն ստորին հանգույցը՝ կարճեցված մատ։ Կարճեցված մատի միակ բողբոջը մյուս վեգետացիոն շրջանում զարգացնում է հզոր երկար մատեր, որոնցից արդեն կարճ մատեր են աճում։ Երկար մատերը ծաղկում և բերք են տալիս, իսկ կարճերը՝ ոչ։ Մշակաբույսի մոտ մատերի երկար ու կարճ հերթափոխումը չի նկատվում շնորհիվ խաղողի կարճ հատմանը և այն ծաղկում ու բերք է տալիս ամեն տարի։ Ծաղիկները մանր են, ծաղկաբույլ են կազմում (բարդ վրձին). Կախված ծաղկում արական և իգական մասնաբաժնից նրանց զարգացածության աստիճանից առանձնացվում են ծաղիկների հետևյալ երեք տեսակները՝ իսկական-իգական, արական, երկսեռ, ֆունկցիոնալ արական, ֆունկցիոնալ իգական։ Խաղողի մոտ վերջին երեք տեսակները հիմնականն են։ Երկսեռ տեսակի ծաղիկը հատկանշական է ընտանի տեսակների համար։

Պտուղներ - գնդիկանման կամ ձվանման հատապտուղներ, կազմում են քիչ կամ շատ ցանցառ (սակավ խիտ) ողկույզներ. Հատապտուղների գունավորումը տեսակից կախված տատանվում է (դեղին, կանաչավուն, մուգ-կապույտ, մանուշակագույն, սև և այլն)։

Բուսաբանական դասակարգում

Vitis ցեղը ներկայացված է 70 տեսակներով և բաժանվում է երկու ենթացեղի. Euvitis Planch և Muscadinia Planch։ Euvitis Planch ենթացեղին են պատկանում 68 տեսակ, որոնք բաժանվում են 3 խմբի։

  • եվրոպա-ասիական;
  • ամերիկյան;
  • արևելա-ասիական։

Վավիլովը առանձնացրեց խաղողի ծագման և նրան մշակաբույս դարձնելու հետևյալ հիմնական կենտրոնները։

  • Միջինասիական, որ ներառում է Հյուսիս-Արևմտյան Հնդկաստան, Աֆղանստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Արևմտյան Տյան-Շան;
  • Առաջավորասիական, որ ներառում է ներքին Փոքր Ասիան, Անդրկովկասը, Իրանը և Թուրքմենստանի լեռնային մասը։ Այս տարածաշրջանում խաղողը ներկայացված է ընտանի և վայրի տեսաների հսկա բազմազանությամբ։

Կիրառություն և նշանակություն

Գիտական բժշկությունը խաղողն օգտագործում է ախորժակի կորստի, նյութափոխանակության անկման, նյարդային համակարգի հյուծվածության, նեֆրիտի, թոքախտի դեպքում։ Խաղողից ստանում են նատուրոզա դեղամիջոցը, որն օգտագործվում է ներերակային սրսկումների ձևով արյան կորստի, կոլլապսի, շոկի դեպքում։ Խաղողը մեղրի պես արագորեն թափանցում է արյան մեջ։ Երևի հեռու չէ այն օրը, երբ կվերացվի խաղողը շաքարախտով հիվանդներին հանձարարելու արգելքը, ինչպես դա արվեց մեղրի կապակցությամբ։ Եվ պատահական չէ, որ շտուդգարդցի բժիշկ Հեյնը բազմաթիվ ապացույցներ ունի խաղողի հյութով արյան շաքարի տոկոսը իջեցնելու վերաբերյալ։ Ինչպես մյուս մրգերի, այնպէս էլ խաղողի դեպքում, անհրաժեշտ է խաղողն ուտել դատարկ ստամոքսին կամ` ուտելաց 2-3 ժամ հետո։ Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ գինի, կոնյակ, մուրաբա, խաղողահյութ, դոշաբ, կոմպոտ, չամիչ, մարինադ, ընկույզի միջուկով սուջուխ և այլն։ Ունեն նաև դիետիկ և բուժիչ նշանակություն (բժշկության մեջ կա առանձին բաժին՝ խաղողաբուժություն)։ Գինեգործության մնացորդներից ստանում են սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերից՝ թանկարժեք տեխնիկական և սննդային յուղ, տանին և այլն։ Տերևներն օգտագործվում են սննդում, թափոններն ու վազերից հեռացվող զանգվածը՝ որպես անասնակեր։ Խաղողի վազը ցրտին չի դիմանում, այդ պատճառով էլ որոշ շրջաններում, օրինակ՝ Արարատյան դաշտում, ուշ աշնանը այն ծածկում են հողով (այգեթաղ)։ Իսկ խաղողի բերքահավաքը (այգեկութ) շատ հին ժամանակներից համարվում է տոն։

Խաղողագործությունը Հայաստանում

Խաղողագործությունը Հայկական լեռնաշխարհում զարգացել է դեռևս վաղ անցյալում։ Հայաստանում խաղողի որթի բազմաթիվ վայրի տեսակներ են փոխանցվել հնուց, որի մասին են վկայում ասորական և ուրարտական աղբյուրները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասներ, գինեգործական պարագաներ և այլն։ Պեղածո ածխացած սերմերը վկայում են խաղողի այժմյան որոշ տեսակների (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլն) տեղական ծագումը։ Հայկական մանրանկարչությունը, հուշարձանների վրա խաղողի քանդակները, միջնադարյան քաղաքներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները, գրավոր հիշատակարաններն արժեքավոր տեղեկություններ են պարունակում միջնադարյան Հայաստանի զարգացած խաղողագործության մասին։

Տարածվածություն

Խաղողագործությունը տարածված էր Արարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում։ 19-20-րդ դարերում որոշ գավառներում (Արցախ, Գողթն և այլն) խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտի բարակ հենասյուներով հարմարանքների վրա, որը հատուկ է բազմամյա այգիներին։

ՀՀ-ում խաղողագործությյամբ զբաղվում են Արարատյան դաշտում, հյուսիս-արևելքում, Վայքի և Զանգեզուրի նախալեռնային գոտիներում։ Արարատյան և Վայքի գոտիներում այգիները թաղովի են, հյուսիս-արևելյան և Զանգեզուրի գոտիներում՝ չթաղվող։ Բացառությամբ հյուսիս-արևելյան գոտու որոշ այգիների՝ ՀՀ-ում խաղողի այգիները ջրովի են։

Խաղողի սորտեր

Ըստ տնտեսական նշանակության՝ տարբերում են խաղողի՝ գինու, սեղանի և քիշմիշի, ըստ հասունացման ժամկետների՝ գերվաղահաս, վաղահաս, միջահաս, ուշահաս և առավել ուշահաս սորտեր։

ՀՀ-ում, ըստ բնական գոտիների, շրջանացված են խաղողի 30 տեղական և 9 բերովի սորտեր, որոնցից 18-ը՝ սեղանի (Սպիտակ արաքսենի, Սպիտակ և Սև սաթենի, Դեղին և Վարդագույն Երևանի, Սև քիշմիշ, Նազելի և այլն), 21-ը՝ գինու (Ոսկեհատ, Գառան դմակ, Սև Արենի, Մսխալի և այլն)։

2005 թվականին ՀՀ-ում խաղողի տնկարկների տարածքը կազմել է 13, 1 հզ. հա, բերքատվությունը 1 հա֊ից՝ 71, 4 ց, խաղողի բերքը՝ 81, 6 հզ. տ։

ՀՀ-ում խաղողագործության գիտական հարցերով զբաղվում են Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում։ Ուսումնասիրվում են ընդհանուր խաղողագործության (խաղողի որթի ծագման, կենսաբանական, էկոլոգիայի և ագրոտեխնիկայի), մասնավոր խաղողագործության (խաղողի որթի առանձնահատկությունները տարբեր էկոլոգիական պայմաններում՝ ըստ արտադրության ուղղության), խաղողագրության (ամպելոգրաֆիա) և խաղողի ընտրասերման հիմնախնդիրներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում