Կարմրաճակատ սերինոս. ՀՀ Կենդանական աշխարհը

Կարմրաճակատ սերինոս (լատ.՝ Serinus pusillus), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարկարությունը 12 սմ է, թևերի բացվածքը՝ 21-23 սմ, կենդանի զանգվածը՝ 10-12 գ։ Փոքր, խայտավոր թռչուն է։ Պոչի եզրերի և առաջնային փետուրների երկայնքով ձգվում են դեղին շերտեր։ Բնադրման շրջանում հասուն արուի պուխը և կուրծքը մուգ սև են, գագաթի առջևի մասը՝ հրակարմիր։ Էգի ընդհանուր գունավորումն ավելի մոխրագույն է, գոտկատեղը՝ խայտերով, ճակատին կա փոքր կարմիր բիծ։ Հետբնադրման շրջանի անհատները նման են բնադրման շրջանի էգին։ Երիտասարդի փետրածածկը դարչնագույն-նարնջագույն է։

Կենսակերպ
Կարմրաճակատ սերինոսները երամներ են կազմում հետբնադրման շրջանում։ Առատ ձյան պայմաններում կեր է փնտրում ուղղաբերձ ժայռերում։ Բնակվում է թեք, չոր լեռնալանջերին, սաղարթավար կամ գիհու նոսրանտառներում, ձմռանը՝ գետահովիտներում, պտղատու այգիներում, կիսաանապատներում։ Գարնանային առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջից։ Խոսրովի անտառ արգելոցում լիարժեք երգող արուները գրանցվել են մարտի վերջից ապրիլի սկիզբը։

Բնադրում
Բների կառուցումն սկսվում է մայիսի առաջին տասնօրյակին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից, ցողուններից։ Բնադրում է ժայռաճեղքերում կամ խիտ թփուտներում (կառուցում են էգն ու արուն)։ Դնում է 17 մմ տրամագծով, կապտավուն սպիտակ՝ վարդագույն պտերով ու գծիկներով 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 14-15 օր։ Երիտասարդ, թռիչքին լավ տիրապետող ձագերի ընտանեկան խմբերը հայտնվում են հուլիս-օգոստոսին։ Բնադրման ընթացքում չափազանց զգույշ է։ Գունագեղ փետրավորման և անազատ պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում։

Սննդառություն
Սնվում է սերմերով, որոշ անողնաշարավորներով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում