Սովորական կկու. ՀՀ Կենդանական աշխարհը

Սովորական կկուն (լատ.՝ Cuculus conorus), իսկական կկուների կարգին պատկանող թռչուն է, բնային մակաբույծ է, ձվադրում է այլ թռչունների (խաղտտնիկներ, երաշտահավեր, շամփրուկներ և այլն) բներում, յուրաքանչյուրում 1 ձու, որի գույնը նմանվում է տվյալ բնի տիրոջ ձվերին։ Ձագը ձվից դուրս գալուց հետո, կկուն բնից նետում է տիրոջ ձագերին ու ձվերը և մնում միայնակ։ Ձագերը բնից հեռանում են 20—22 օր հետո։ Կկուները սնվում են միջատներով, հարսնյակներով, որոշ տեսակներ՝ մողեսներով, օձերով, մյուսները՝ հատապտուղներով, մրգերով։ Տարածված է Հայաստանում։

Միջին չափի թռչուններ են։ Մարմնի երկարությունը 32–61 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–150 գ։ Պոչը երկար է, աստիճանաձև, կտուցը` թեթևակի ցած թեքված։ Փետուրները կարճ են, ամուր, մոխրագույն, սև, սպիտակ կամ դարչնագույն։ Սեփական բույն չեն հյուսում. որպես մակաբույծ թռչուններ՝ ձվադրում են այլ թռչունների բներում՝ ձվերի գույնը նմանեցնելով բնի տիրոջ ձվերի գույնին։

Սովորական կկուն բնադրող չվող է, տարածված։ Բնակվում է խոտածածկ տարածքներում, թփուտներում, անտառներում, եղեգնուտներում։ Սնվում է միջատներով, առավելապես` մազածածկ թրթուրներով և բացարձակ օգտակար է։ Ձվադրում է սևուկ կարմրատուտի, լեռնային խաղտտնիկի, այգու դրախտապանի, մոխրագույն շահրիկի և եղեգնուտի եղեգնաթռչնակի բներում։ Բաց բներում էգը ձվադրում է ուղղակի բնում։ Փակ բների դեպքում ձուն դնում է նախ գետնին, ապա կտցին առած՝ թռիչքային անցքով տեղափոխում է տիրոջ բույնը։

Տարբեր բներում դնում է մինչև 20 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս թխսակալման 12-րդ օրը, և ձվից դուրս եկած կկուն, հաջորդ օրն իր մեջքի փոսիկի մեջ առնելով տանտիրոջ ձվերն ու ձագերին, որպես օտար մարմին, դուրս է գցում բնից և մնում միայնակ։ 3 շաբաթ անց դուրս է գալիս բնից, ազատ թռչելուց հետո 1 շաբաթ դեռևս կերակրվում է որդեգիր ծնողների կողմից։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում