Ահազանգ. Երևանի ծաղկի խանութներից մեկում վայրի գիշատիչ թռչուն է պահվում (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների և թռչունների, ինչպես նաև նրանց նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկատվություն: 

Օրերս քաղաքացիներից մեկն ահազանգեց անազատ պայմաններում պահվող գիշատիչ թռչնի մասին, որի լուսանկարը ներկայացնում ենք ստորև:

Ըստ քաղաքացու հայտնած տեղեկությունների թռչնին լուսանկարել է Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում գտնվող ծաղկի խանութի առջև: Վերջինս նշեց, որ թռչնին տեսել է մի քանի անգամ, իսկ ծաղկի խանութի աշխատակիցներն ասել են, որ թռչունն իրենցն է: 

«Թի-Էս-Ի Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում հայտնեց, որ լուսանկարում Սովորական հողմավար բազե է: Այն լայն տարածվածություն ունեցող թռչուն է և հանդիպում է Հայաստանի ամբողջ տարածքում: «Հայաստանում նրանց թվաքանակը վերջին հաշվարկներով հասնում է 700-1000 զույգի: Սա բավական մեծ թիվ է գիշատիչ թռչնի համար: Այս թռչնատեսակը շատ կարևոր ֆունկցիա ունի. վերջինս մասնագիտացված է կրծողների և խոշոր միջատների որսի վրա, ինչով և շատ մեծ օգուտ է բերում գյուղատնտեսությանը: Տվյալ առանձնյակը, որքանով հասկացա, երիտասարդ թռչուն է, հավանաբար այս տարվա բնից վերցված ձագ է»,- մանրամասնեց նա:

Սխալ խնամքի պարագայում կենդանին կարող է հեշտությամբ մահանալ: Օրինակ՝ սխալ կերակրման, անհրաժեշտ վիտամինների պակասի դեպքում կենդանին կհիվանդանա և կմահանա, ինչը Կարեն Աղաբաբյանի կարծիքով, հավանական տարբերակ է: Բացի այդ, խոսքը գիշատիչ թռչնի մասին է, որը պետք է թռչի լայն տարածքներում, իսկ հակառակ դեպքում մկանները չեն զարգանա և մի շարք այլ խնդիրներ կառաջանան: 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վայրի կենդանուն կամ թռչնին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու համար անհրաժեշտ է անցնել մի շարք գործընթացների միջով, ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր, իսկ բնությունից վերցված միավորին (կենդանուն կամ թռչնին) անազատ պայմաններում պահելն ընդհանրապես արգելվում է: 

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում