Սովորական կարմրատուտ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սովորական կարմրատուտ (լատ.՝ Phoenicurus phoenicurus), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20,5 - 24 սմ, կենդանի զանգվածը՝ 14-15 գ։ Պոչի եզրային փետուրները շիկակարմիր-նարնջագույն են։ Բնադրման շրջանում հասուն արուի դիմային մասը սև է, մարմինը վերևից՝ կապույտ-մոխրագույն, ճակատը և հոնքը՝ սպիտակ, կուրծքը, մարմնի կողքերը՝ շիկակարմիր–նարնջնագույն։ Էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, կուրծքը և փորը՝ նարնջագույն երանգով։ Երիտասարդը դարչնագույն է, վերևից՝ բաց գույնի պտերով, ներքևից՝ խիտ զոլերով։

Կենսակերպ
Հաճախակի նստած տեղից վայր է նետվում՝ կեր որսալու։ Նստած ժամանակ պոչը դողդոջուն է։ Անթաքույց է՝ արուն լավ ճանաչելի է, էգը՝ աննկատ։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, չուի ընթացքում տարածված է։

Սննդառություն
Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով։

Բնադրում
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակում։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են մինչև մայիսի վերջը, արհեստական բները զբաղեցնողները՝ ապրիլի վերջին տասնօրյակին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է ծառերի փչակներում կամ զբաղեցնում արհեստական թռչնաբները։ Ձվերը բներում հայտնվում են հունիսի ընթացքում։

Բազմացում և զարգացում
Դնում է 19 մմ տրամագծով, դարչնավուն կապույտ 5-7 ձու։ Թխսակալում է էգը, արուն հսկում է բույնը։ Ձագերը բներում հայտնվում են 15-17 օր անց՝ լիարժեք թռչելու ունակությամբ օժտված։

Արհեստական բներ սովորական կարմրուտների զանգվածային ներգրավումը խթանում է վնասատու միջատների դեմ կենսբանական պայքարի արդյունավետությունը։ Դիլիջանի արգելոցում հաջողությամբ փորձարկվել է արհեստական բներում բնադրումը։ 1968-1970 թվականներին 87 զույգ է բազմացվել, որի արդյունքում անտառային միջավայրը համալրվել է 520 թռչունով, կրկնակի բազմացման դեպքում թիվը կաճի 25-30%-ով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում