Սովորական կաչաղակ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սովորական կաչաղակ կամ պարզապես կաչաղակ (Լատիներեն`Pica pica), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն է։

Նկարագրությունը
Կաչաղակն ունի սև-սպիտակ փետրավորում և անսովոր երկար պոչ, ինչը նրան տալիս է անկրկնելի տեսք և դարձնում է հեշտ ճանաչվող։ Գլուխը, պարանոցը, մեջքը, երկար պոչն ու թևերը սև գույնի են, մետաղական փայլով, իսկ կուրծքը, փորիկը և թևերի ծայրափետուրները` սպիտակ։

Մարմնի երկարությունը կազմում է 45-48 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 250 գ։

Գետնի վրա ավելի հաճախ տեղաշարժվում է ոստոստալով։ Նաև քայլում է ագռավներին բնորոշ քայլվածքով, պոչը՝ տնկած։ Թռչելիս ճախրում է ալիքաձև հետագծով։

Նստակյաց կյանք է վարում, լինում է միայնակ, զույգերով կամ երամով։

Կաչաղակն արձակում է յուրահատուկ բարձր ձայներ։ Դրանց միջոցով արտահայտում է տագնապ և վտանգի մասին զգուշացնում է իր ցեղակիցներին։

Բազմացումը
Կաչաղակն իր բույնը հյուսում է ծառերի կամ թփերի վրա։ Հյուսում է մի քանի բույն, օգտագործում է միայն մեկը։ Բույնը գնդաձև է, կառուցված է չոր ճյուղերից։

Ապրիլ ամսին մարին ածում է 4-8 երկնագույն, գորշ բծերով ձու, թուխս է նստում 17-18 օրերի ընթացքում։

Ինտելեկտը
Կաչաղակն ընդունակ է իրեն ճանաչել հայելու մեջ։ Նա այս ընդունակությանը տիրապետող փոքրաքանակ կենդանիներից է և միակ ոչ կաթնասունը։

Ասացվածք
Խաղողի հասածը կաչաղակն է տանում։

Մշակույթում
Իտալացի երգահան Ջոակինո Ռոսինին ունի գրած «Գող կաչաղակը» անունով երկու գործողությամբ օպերա։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում