Գաճաճ արծիվ. ՀՀ Կենդանական աշխարհը

Գաճաճ արծիվ (լատ.՝ Hieraaetus pennatus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 43-53 սմ է, թևերի բացվածքը՝ 100-121 սմ, կենդանի զանգվածը՝ 700 գ։ Փոքր արծիվ է՝ բաց կամ մուգ փետրավորմամբ (բաց գույնի անհատներն ավելի տարածված են)։

Մարմինը վերևից մուգ է, ուսափետուրները՝ բաց գույնի, թևավերևի ծածկողները՝ բաց գույնի լայնակի շերտով։ Թռչելիս ակնառու են թևավերևի արտաքին եզրի բաց գույնի մանր նախշերը։ Բաց գույնի հասուն անհատները ներքևից աղոտ սպիտակ են, թափահարող փետուրները՝ սև, պոչի ծայրաշերտը՝ լայն, մուգ։ Մուգ գույնի անհատների մարմինը և թևատակի ծածկողները մուգ են, պոչը՝ բաց դարչնագույն։ Երիտասարդի մարմնի ստորին մասը թույլ շիկակարմրավուն խայտերով է։ Հետբնադրման շրջանում հանդիպում է միայնակ (նույնիսկ՝ չուի ընթացքում)։ Բնակվում է անտառների տափաստանային հատվածներում։

Սննդառություն
Սնվում է թռչուններով, մանր կաթնասուններով, սողուններով, միջատներով։

Բազմացում և զարգացում
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մայիսի սկզբին։ Հարսանեկան խաղերը դրսևորվում են բարձր թռիչքի ընթացքում՝ բարդ ոլորապտույտներով, ձևավոր, ճարպիկ ցուցադրումներով և շարունակվում են մինչև մայիսի վերջին տասնօրյակը։ Սովորաբար զբաղեցնում են այլ թռչունների բները, սեփականը սարքում են խիստ անհրաժեշտության դեպքում։ Բույնը հարթակ է (տրամագիծը՝ 85-100 սմ)՝ ճյուղերից, կանաչ խոտաբույսերից։ Բնադրում է ծառերին։ Ողջ բազմացման ընթացքում բույնը թարմացվում է նոր ճյուղերով։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջին, հնարավոր է նաև հունիսի ընթացքում։ Դնում է 55 մմ տրամագծով, սպիտակ՝ բաց դարչնագույն վրձնախազերով 2 ձու։ Թխսակալում է էգը՝ 35 օր։ Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ տասնօրյակին, լիարժեք թռիչքին տիրապետում են և բույնը թողնում կյանքի 50-րդ օրը։ Աշնանային չուն՝ հոկտեմբերի 1-ին կեսին։

Տարածվածություն
Գաճաճ արծիվի ողջ համակեցության սահմաններում բները գտնվում են իրարից 1 կմ հեռավորության վրա՝ մինչև 10 մ բարձրության ծառերին։ 1940-95 -ին ՀՀ տարածքի 26 կետից յուրաքանչյուրում գրանցվել է 1-ական թռչուն, 3 դեպքում՝ 2-ական։ Կարիք ունի անհատատական պաշտպանության։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում