Կարմիրգրքյան գիշատիչ թռչունը՝ դեռահասների զոհ (ֆոտո)

Հայ հասարակության շրջանում էկո-գիտակցության, էկո-կրթության և էկո-մշակույթի մակարդակը շարունակում է ոչ բավարար մնալ: Ի հեճուկս, տարբեր անհատների, կազմակերպությունների, պետական կառույցների, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից իրականացվող բնասիրական և բնապահպանական մտածելակերպի զարգացմանն ուղղված միջոցառումների, այսօր՝ 21-րդ դարում դեռ կարելի է հանդիպել դեպքերի, որոնք բացարձակ բնորոշ չեն  մշակութային, կրթական և բնապահպանական զարգացած արժեհամակարգ ունեցող երկրներին:

Նման միջադեպի ականատես եղանք վերջերս, երբ բնասիրական և բնությանը մոտ լինելու կարգախոսով իրականացվող հսկայական աշխատանքների ֆոնին, մի քանի երիտասարդներ ցուցադրում էին «բնասեր» լինելու սեփական պատկերացումները: Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայքնում, որն իր բնությամբ, գյուղական կոլորիտով և մաքրությամբ իրավամբ դրախտ է հիշեցնում, անց էր կացվում տոնավաճառ, որտեղ ամբողջ մարզի ներկայացուցիչները ցուցադրում էին իրենց կողմից ստեղծված բարիքները: Մի քանի դեռահաս՝ օգտվելով առիթից որոշել էին վաճառել ՀՀ կարմիր գրքում և միջազգային Կարմիր ցուցակում ( ԲՊՄՄ - IUCN ) գրանցված գիշատիչ թռչնի խրտվիլակ:

«Թի-Էս-Ի Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ լուսանկարում Տափաստանային արծիվ է (Aquila nipalensis Steppe Eagle), որն ընդգրկված է և՛ Հայաստանի կարմիր գրքում, և՛ միջազգային Կարմիր ցուցակում, որպես Վտանգված տեսակ (Endangered species, EN A2abcd+3bcd+4abcd): «Հայաստանում հանդիպում են հիմնականում չուի ընթացքում, սակայն երիտասարդ՝ 2-3 տարեկան թռչունները երբեմն այստեղ կարող են մնալ ամռանը, բայց առանց զույգավորվելու և բույն կառուցելու: Ինչո՞ւ եմ նշում հատկապես 2-3 տարեկան թռչուններին, որովհետև տափաստանային արծվի մոտ սեռահասունությունը սկսվում է կյանքի 4-րդ տարում, իսկ մինչ այդ թռչունը կարող է հանդիպել շատ վայրերում, հաճախ նաև «հավանելով» ինչ-որ կոնկրետ վայր, որտեղ էլ կարող է մնալ ամռանը: Չորս տարեկանում թռչունն արդեն սկսում է զուգընկեր փնտրել: Մեզ մոտ ամռանը ոչ սեռահասուն առանձնյակները կարող են հանդիպել Շիրակի, Լոռվա և Սիսիանի բարձրավանդակներում»,- ասաց նա:

Հայաստանի կարմիր գրքի տվյալներով՝ թվաքանակը և դրա փոփոխման միտումների մասին հավաստի տեղեկությունները բացակայում են: Վտանգման հիմնական գործոններն են չուի ժամանակ որսագողությունը` խրտվիլակներ պատրաստելու և իրացնելու նպատակով: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների ազդեցությունը:

Տոնավաճառին դեռահասները հպարտորեն ցուցադրում էին որսված «ավարը» և լուսանկարելիս անգամ «զարդարում» այն կրկին վաճառքի ենթակա աղվեսի պոչերով: Տափաստանային արծվի խրտվիլակը վաճառվում էր 50 000 դրամով, իսկ աղվեսի պոչերը՝ 5000 դրամով: Դեռահասները պնդում էին, որ արծվին իրենք են որսացել և հանձնել խրտվիլակագործի. «Դե գյուղի սաղ տղերքն էլ հրացան ունեն, որսորդ են էլի»,- ասաց տղաներից մեկը:

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք տեղյակ են, որ արգելված և օրենքով պատժելի գործողություն են կատարել, նրանցից մեկը պատասխանեց. «Եթե ձեր հավերին ա գողանում, էտ արդեն արգելված չի»: Մենք հետաքրքրվեցինք նաև, թե աղվեսների պոչերն ինչի՞ համար են և ստացանք պատասխան՝ «գեղեցկության»:

Կարեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հերքեց նման հավանականությունը: Տափաստանային արծիվները «մասնագիտացված» որսորդներ են կրծողների գծով, երբեմն ուտում են նաև խոշոր միջատներ, բայց նրանց հիմնական սնունդը մնում են կրծողները: «Երբեմն պատահում է, որ հավերին գողանում է աղվեսը, իսկ մեղքն ընկնում է գիշատիչ թռչունների վրա, միայն այն պատճառով, որ նրանք սավառնում են գյուղի վրայով՝ փնտրելով կրծողների»,- մանրամասնեց նա:

Հայաստանի կարմիր գրքում ասվում է նաև. «Անհրաժեշտ է միջոցները կենտրոնացնել տեղի բնակչության էկոլոգիական կրթության վրա: Ավելացնել տուգանքի չափը, որը նախատեսված է տափաստանային արծվի որսի և թռչունների առգրավման համար»: Փաստացիորեն այն, ինչի մասին բարձրաձայնվում է հոդվածում:

Ըստ էության, էկոլոգիական կրթության և գիտակցության բացակայության պատճառով, մի խումբ դեռահասներ ոչնչացրել են Հայաստանի և գլոբալ էկոհամակարգում մեծ դերակատարություն ունեցող հազվագյուտ գիշատիչ թռչնի: Ավելին՝ բնության մեջ մեծ արժեք ունեցող թռչնի «դիակը», որպես մշակութային արժեք ներկայացվում է տոնավաճառում և վաճառվում նյութական արժեքով: Ամենացավալին այն է, որ վերոնշյալն իրականացնողները դեռահասներ են, որոնք հետագայում ներկայացնելու են պետության դեմքը:

Ի դեպ, միջոցառմանը ներկա էին նաև ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, ովքեր անտարբեր անցնում էին ապօրինաբար որսված կենդանու խրտվիլակի կողքով:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում