40 համայնք կմնա առանց ջուր. Գառնեցիների արդարացի պահանջը
Ապրիլի 13-ին Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ փակել էին Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը և պահանջում էին դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Խոսքը վերաբերում է Կառավարության կողմից իրականացվող «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին, որի շրջանակներում Գառնիի հեթանոսական տաճարի մոտից խողովակներով ջուր է տեղափոխելու Արտաշատի 12 գյուղեր: Գյուղացիներն այս անգամ ևս խոսում էին այն մասին, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու նպատակով։ Հավելենք նաև, որ խնդիրը նոր չէ, այն երկու տարվա պատմություն ունի և մի քանի ամիս առաջ հայտնվել է նաև Analitik.am-ի ուշադրության կենտրոնում:
Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում բնապահպան Լևոն Գալստյանը նախ նշեց, որ բնապահպանները համաձայն են գառնեցիների դիրքորոշման հետ, դրա համար են կանգնած վերջիններիս կողքին. «Մենք համոզված ենք, որ Ազատ գետում այն քանակությամբ ջուր չկա, որպեսզի բավականացնի Գառնիի և մյուս համայնքերի ոռոգման խնդիրները լուծելուն և միևնույն ժամանակ գետի էկոլոգիական վիճակը ապահովելուն: Խնդիրը հատկապես սուր է ամռան ամիսներին: Իսկ հիմա գոյություն ունեցող խնդիրներին միանում է նաև իրականացվող ծրագիրը… Այդ գետում պահանջվող քանակությամբ ջուր ուղղակի չկա»:
–Այսինքն Գառնիում կան հողատարածքներ, որոնք չեն ոռոգվո՞ւմ ջրի սակավ լինելու պատճառով:
-Վերջին դեպքերի և քննարկումների արդյունքում մենք գյուղացիներից տեղեկացանք, որ Գառնի համայնքում մոտավորապես 700 հա այգի, ըստ էության, չորացել է, քանի որ մարդիկ չեն կարողացել նորմալ ոռոգել դրանք, ու մինչև այսօր էլ իրենց հողատարածքները ջրում են շատ մեծ դժվարությամբ՝ հերթականությամբ: Համայնքն այսօր ծանր վիճակում է գտնվում, բայց մեր կառավարությունը որոշում է, որ ավելի կարևոր է լուծել այն հողատարածքների ջրի հարցը, որտեղ տարածքներ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մեզ համար ակնհայտ է, որ անձնական, խմբային շահը գերադասվում է ՀՀ քաղաքացու շահից:
Բացի դրանից, պետք է ասեմ, որ իր գլխավոր չափանիշներից մեկին չի հետևում Համաշխարհային բանկը, որը ֆինանսավորում է ծրագիրը: Խոսքը վերաբերում է նրան, թե ծրագիրն իրականացնելիս արդյոք պահպանվո՞ւմ է սոցիալական հավասարությունը և չկա՞ արդյոք սոցիալական ընդվզման վտանգ: Մենք տեսնում ենք, որ գառնեցիներն արդեն 4-րդ կամ 5-րդ անգամ փակում են ճանապարհը և դեմ են արտահայտվում ծրագրին, սակայն դա, ինչպես երևում է, չի հետաքրքրում Համաշխարհային բանկին, որը շարունակում է ֆինասնավորել ծրագիրը՝ ծառայելով ոչ թե քաղաքացիների, այլ Հայաստանի կոռուպցիոն համակարգի շահերին:
–Իսկ բնապահպանները դիմե՞լ են կառավարության ղեկավարին:
-Մենք արդեն վաղուց ոչ մի հարցով չենք դիմում մեր կառավարությանը, քանի որ չենք հավատում նրանց: ՀՀ կառավարությունը գործունյա չէ, նրանք քաղաքացիների հարցերը լուծում են միայն այն ժամանակ, երբ ստիպում ես: Ամեն անգամ այս կամ այն հարցի շուրջ քննարկումների ժամանակ կառավարությունից ասում են, թե հանրային պահանջ չկա: Ստացվում է, որ միայն այն դեպքում են մեր իշխանությունները նկատում հանրային պահանջի առկայությունը, երբ փողոցներ են փակվում:
–Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է արվի, որպեսզի հարցը լուծվի ի օգուտ գառնեցիների:
-Ցանկացած դեպքում, երբ քաղաքացին հետամուտ է լինում և համառություն է դրսևորում, հասնում է իր հարցի լուծմանը: Այս դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե որքան համառ կգտնվեն գառնեցիները: Ես համոզված եմ, որ նրանք մինչև վերջ կպայքարեն…