Եկե՛ք էս տարի հիրիկներ չքաղենք, նայենք, նկարենք ու հեռանանք առանց նրանց վնասելու․․․

«Շուտով սարերում կծաղկեն հիրիկները, արքայածաղիկները, վարդակակաչները և այլ աննման ծաղիկներ, որոնց մենք անվանում ենք հազվագյուտ բույսեր, և որոնցից շատերը գրանցված են մեր հայրենիքի կարմիր գրքում:

Ու էլի կսկսվի այդ ծաղիկների համատարած ու անխնա հավաքը: Ինչ որ մարդիկ կհավաքեն վաճառելու համար, այլ մարդիկ փնջեր կանեն, որ սարից տուն տանեն, իսկ մի մասն էլ, ուղղակի, կտրորի ու կանցնի»,– գրել է բույսերի գիտակ Թամար Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում՝ շարունակելով․ «Չեմ ասում, թե ծաղիկները հոգի ունեն, նեղանում են, անիծում են կամ նման այլ բաներ: Չէ, ծաղիկները ոչ նեղանում են, ոչ էլ անիծում են իրենց կյանքից զրկողին: Նրանք բույսեր են, ոչ խոսում են, ոչ էլ փախչում են մեզանից, երբ մոտենում ենք իրենց պոկելու:

Պարզապես, այդ ծաղիկները մեր կյանքի շղթայի մի օղակն են: Անգամ, եթե տեսնում եք մի վայրում տասնյակ հիրիկներ, միևնույն է, պոկել չի կարելի: Նրանց քանակն, իրականում, այնքան էլ շատ չէ, իսկ աճման վայրը սահմանափակ է:

Այդ ծաղիկները կպած են մեր հողին, ջրվում են մեր ջրով ու փոշոտվում մեր շրջապատի բզեզներով: Նրանք մեր կյանքի մի մասն են, ամենասիրուն ու ամենաանպաշտպան մասը:

Եկեք էս տարի հիրիկներ չքաղենք: Նայենք, նկարենք ու հեռանանք առանց նրանց վնասելու»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում