Կարմիրգրքյան հիրիկները շարունակում են ոչնչացվել․․․

Այս տարի հիրիկների համար չորս անգամ գնացի Արարատի մարզ ու Գառնիի շրջակայք:
Էն լանջերին, որտեղ սովորաբար տեսնում էի տասնյակ հիրիկներ, գտա միայն մի քանիսը: Բայց գտա նաև բազմաթիվ կերված, կտրտված ու տրորված տերևներ, որոնք էդպես էլ չէին հասցրել մեծանալ ու ծաղկել:

Իսկ էն հարթ վայրերում, որտեղ մի տաս տարի առաջ հարյուրավոր հիրիկներ էի գնտում, անգամ բույսերի հետքերը չտեսա:

Ամենուրեք միայն անցած տարվանից մնացած օշինդրի խրձրերն էին, ու տարատեսակ աղբը»,– գրել է բույսերի գիտակ Թամար Գալստյանը՝ շարունակելով,– «Խոսքը մեր բնության, ինչպես նաև աշխարհում ամենաարժեքավոր բույսերի՝ Հիրիկ նրբագեղ (Iris iberica ssp. elegantissima) և Հիրիկ գայլականջ (Iris iberica subsp. lycotis) տեսակների մասին է, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Այն վայրերը, որտեղ հարյուրավոր տարիներով աճել են այս հիրիկներն այժմ այնպես են շահագործվում, որ անգամ մոլախոտը չի հասցնում մեծանալ: Ամեն նոր ծիլ անմիջապես ուտվում է: Ուր աչքդ թեքես՝ ոչխարների հոտեր են արածում: Մեծ հոտեր, հարյուրավոր ոչխարներով:

Այս տեմպերով արածեցումը բերելու է հողի արժեզրկման ու դեգրադացիայի, աղետի, որի շտկումը տասնյակ տարիներ ու հսկայական ռեսուրսներ է պահանջելու: Շատ եմ գրել ոչխարի, և ընդհանրապես, գերարածեցման վտանգների մասին, հատկապես, լեռնոտ երկրներում:

Ինչևէ, որևէ պատկան մարմին գիտի՞, թե քանի գլուխ ոչխար է արածում մեր երկրում, որտե՞ղ է արածում և ի՞նչ ինտենսիվությամբ: Մարդիկ ասում են, թե ոչխարի քանակը մի քանի անգամ գերազանցում է այն, ինչ կարող են բավարարել մեր արոտավայրերը: Դրա համար էլ հոտերն ամենուրեք են, նույնիսկ անտառների սահմանային մասերում, բոլոր քիչ թե շատ ծառապատ վայրերում ու բնական խոտհարքերում:

Ու՞ր են, ի վերջո, տարվում այդ կենդանիները: Ինչքան ես գիտեմ, մեր բնակչությունը ոչխարի միս էդ քանակությամբ չի օգտագործում:

Եվ ամենակարևորը, հնարավո՞ր է, արդյոք, այդ երկու հիրիկների աճելավայրերը գրանցել որպես պահպանվող տարածքներ և, այդպիսով, փրկել մեր բնության ամենաարժեքավոր բույսերը ոչնչացումից»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում