Հատիս լեռը կարմիրգրքյան մի քանի սողունների բնատեղամասերից մեկն է․ ահազանգում է մասնագետը
Ամիսներ շարունակ հայտնի է, որ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նախատեսում է Հատիս լեռան գագաթին «Հիսուսի Քրիստոսի» մոնումենտալ արձան կանգնեցնել։ Օրեր առաջ որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են, սակայն հանրությունը տեղեկացված չի եղել, թե որքանո՞վ են իրավաչափ այդ աշխատանքները, արդյոք առկա են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և այլ մանրամասներ։ Միայն հանրության կողմից բարձրացված աղմուկից հետո որոշ պետական գերատեսչություններ հայտարարություններ են տարածել։
Առաջինն արձագանքած ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նշել է, որ համացանցից է տեղեկացել աշխատանքնեի մեկնարկի մասին և հորդորել է դադարեցնել դրան, քանի որ անհրաժեշտ թույլտվություններն առկա չեն։
Շրջակա միջավայրի նախարարությունը ևս գրել է․ «Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։
Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո»։
Նախարարությունը հիշեցրել է նաև, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։
Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։
Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզարակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։
Դժգոհության ձայն է հայտնել նաև Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան՝ գրելով․ «Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ցանկացած վայրում և, առավելապես, Հատիս լեռան վրա համարում է անընդունելի, դատապարտելի և զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի և աղետալի։
Խնդրում և պահանջում ենք դադարեցնե՛լ այս ապազգային, հակամշակութային, հակաբնական և հակաէսթետիկ նախագծի իրականացումը»։
Բացի այդ, սողունների ոլորտում գիտական աշխատանքներ իրականացնող Տիգրան Թադևոսյան անունով օգտատերը գրել է նաև սողուններին սպառնացող վտանգի մասին․ «Հատիս լեռը ՀՀ կարմիր գրքում գրանցված Հայկական Լեռնային իժի, Լեռնատափաստանային իժի, Կովկասյան կատվաօձի, Անդրկովկասյան Մագլցող Սահնօձի, ու մի շարք այլ տեսակների մայրաքաղաքին առավել մոտիկ բնատեղամասերից մեկն է, ու քաղաքի շատ բնասերների համար արժեքավոր ռեսուրս է։ Գագաթի հատվածը մասնավորապես հանդիսանում է Լեռնատափաստանային իժի կողմից բավականին խիտ բնակեցված բնատեղամաս։ Հատիս լեռան տարածքում ցանկացած լայնածավալ շինարարություն անհապաղ կբերի նշված, ինչպես և մի շարք այլ տեսակների քանակության երկարատև անկմանը, ու անգամ հնարավոր կորստին, ու կբերի ՀՀ մի շարք բնական պաշարների կառավարումը կարգավորող օրենքների բազմաթիվ խախտումների որոնց ընդհանուր գումարը կլինի անհամեմատաբար ավելի բարձր քան մի Երեւանի Կենդանաբանական Այգու առյուծնեերի մի քանի տարվա կերի պաշարների արժեքը։ Դուք պատկերացնում եք այս օձերի քանի մասսայական ձմեռելու օջախներ կքանդվեն, ու տարբեր տեսակների քանի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր առանձնյակնեչ վրաերթի զոհ կդառնան թե շինարարության, թե այդ ճանապարհների երկարատև շահագործման ընթացքում։ Այսպիսի հողօգտագործումը չպետք է թույլատրվի առանց բավականաչափ արդյունավետ բնապահպանական պլանի, որը կնախատեսի այս հազվագյուտ տեսակներին հասցրվող վնասի նվազեցմանը ուղղված միջոցարումներ, ինչպես նաև տեսակներին այլապես ավելի լայնածավալ ու երկարատև օգուտ տվող փոխհատուցուցմանը ուղղված ծրագրերի ֆինանսավորումը հողօգտագործումը առաջարկողին ու կատարողի կողմից»։
Այսպիսով, թեմայի շուրջ իրադարձություններն ու դժգոհության ալիքը շարունակվում է, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հետևի իրադարձություններին։