Այն մասին, թե ինչպես են անտառները մեզ փրկում...

Անտառը և կլիմայի փոփոխությունը

- Փոքր երկրները կարող են ձևավորել մեծերի վարքագիծը, դաստիարակել նրանց,- պատասխանեց Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, կլիմայագետ Քրիս Ռափլին՝ հարցին, թե․ «Հայաստանն ի՞նչ կարող է անել կլիմայի փոփոխության դեմ պայքարում»։ Նա Հայաստանում էր Սթարմուս փառատոնի շրջանակներում։

Անտառները կարևոր են․․․

Անտառը ոչ միայն ծառերի ու թփերի ամբողջություն է, այլև ուրույն էկոհամակարգ՝ տարրերի բարդ փոխհարաբերություններով։

Անտառներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն, կենդանական և բուսական աշխարհի ապրելավայրն են: Անտառը մարդուն տրամադրում է մի շարք բարիքներ՝ փայտանյութ, պտուղներ և հատապտուղներ, այն ունի գեղագիտական, առողջարարական, գիտա-կրթական և այլ նշանակություններ: Անտառներն ունեն հատկապես սանիտարահիգիենիկ և բուժական նշանակություն։ Դրանք մաքրում են օդը փոշուց (1 հեկտար անտառը մաքրում է տարեկան 50-70 տոննա փոշի), որը կարողանում են կուտակել հողի մեջ։

Հատկապես փշատերև անտառներում օդը գրեթե ամբողջությամբ ստերիլ է (հենց դրանքվ էլ պայմանավորված է առողջարանային համալիրների տեղակայումն այստեղ):

Անտառները յուրահատուկ կապ են ստեղծում բոլոր ոլորտների միջև, իրենց մասնակցությունն ունեն դրանցում տեղի ունեցող գործընթացներում և ունեն որոշակի գործառույթներ:

Անտառները որպես ածխածնի կուտակիչ․ Անտառները ակտիվորեն մասնակցում են ածխածնի երկրաքիմիական շրջապտույտին։

Ածխածնի երկօքսիդը, որն ազատվում է մարդկանց, կենդանիների և բակտերիաների գործունեության արդյունքում, կլանվում է Երկրի էկոհամակարգերի մասերի կողմից․ մթնոլորտ, օվկիանոսներ և Երկրի ընդերք:

Երկրի ընդերքի շարժումները կարող են գետնի խորքում թաղել ածխածին պարունակող քիմիական նյութերն, ինչպիսիք են մեռած բույսերը և կենդանիները, և այնտեղից նրանց ածխածինը չի կարող վերադառնալ մթնոլորտ: Միլիոնավոր տարիների ընթացքում օրգանական նյութերի այս ստորգետնյա ամբարները հեղուկանում են և դառնում ածուխ, նավթ և բենզին։

Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի որոշ քանակությունը կենսական նշանակություն ունի մոլորակի վրա կյանքի համար, քանի որ այն կարգավորում է ջերմաստիճանը, սակայն մեծ քանակությամբ ածխաթթու գազը, որը ջերմոցային գազ է, կործանարար ազդեցություն է ունենում, քանի որ տաքացնում է Երկիրը և խախտում բնական հավասարակշռությունը:

CO₂-ի ավելցուկը մթնոլորտում մասամբ կլանվում է օվկիանոսների կողմից, որտեղ ջրի մոլեկուլները միանալով դրանց առաջացնում են ածխաթթու: Սա հանգեցնում է օվկիանոսների թթվացմանը, և ներկայումս կորալային խութերի բազմաթիվ համայնքների մահվան պատճառ է հանդիսանում:

Ածխաթթու գազը կարող է հեռացվել մթնոլորտից բույսերի միջոցով, քանի որ ածխածինը նրանց «շինանյութն» է: Ծառերը վերցնում են մթնոլորտի ածխածինը և այն վերածում շաքարների, սպիտակուցների, լիպիդների և կյանքի համար անհրաժեշտ այլ մոլեկուլների:

Անտառը համարվում է ածխածնի հիմնական կուտակիչներից մեկը մեր մոլորակի վրա։ Երկրի մթնոլորտում կա մոտավորապես 800 գիգատոննա ածխաթթու գազ։ Անտառների բույսերում, հատկապես սաղարթավոր ծառերում կա կուտակված մոտավորապես 550 գիգատոննա ածխածին։ Եթե այսքան ածխածինը ներթափանցի մթնոլորտ, ապա կտրուկ կավելանա ջերմոցային էֆեկտը ու տեղի կունենա գլոբալ տաքացում։ Հենց այդ պատճառով է, որ անտառներն այդքան կարևորվում են կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Անտառները կլանում են CO₂ և արտադրում թթվածին, այդպիսով փոխհատուցելով ածխաթթու գազի քանակն օդում։

 

Հայաստանի անտառներն ու դրանց խնդիրները

Անտառապատ է հանրապետության տարածքի 11.2 %-ը

Հայաստանը համարվում է սակավ անտառապատ երկիր: Անտառները և անտառային հողերը կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը, նույնն է, թե ասել՝ 460 հազ. հա, որից 334.1 հազ. հա-ն անտառածածկ տարածքներ են: Այս թվի մեջ ներառված շուրջ 50 հազ. հեկտարն արհեստական անտառներն են: Նշենք, որ հարևան Վրաստանը անհամեմատ բարձր ցուցանիշ ունի՝ 40,6 %, Ադրբեջանը՝ 13,7 %, Թուրքիան՝ 28,9 %։

Հայաստանի տարածքում անտառները բաշխված են խիստ անհավասարաչափ։ Բնակչության մեկ շնչին բաժին հասնող անտառածածկը կազմում է ընդամենը 0,1 հա (այլ երկրներում՝ 0,5-0,8 հա)։ Գերակշռող մասը՝ ավելի քան 60%-ը տարածված է հյուսիսարևելյան, 35-38%-ը՝ հարավարևելյան հատվածներում։ Հայաստանում շատ անտառներ ներկայումս գտնվում են հատուկ պահպանության տակ, բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ 90%-ը անտառներ են։

Հայաստանում անտառային ոլորտում առկա են հետևյալ խնդիրները՝

  • ապօրինի անտառահատումներ,
  • արժեզրկում,
  • արածեցում,
  • հրդեհներ,
  • սողանքներ,
  • հողազավթումներ,
  • հանքարդյունաբերություն։


Հայաստանի անտառները ենթարկվել են գերհատումների 1990-ական թվականներին Հայաստանի էներգետիկ ճգնաժամի հետ կապված։ Այդ տարիներին (92-95թթ.) վնասվել է մոտ 27 հազ. հա անտառ կամ անտառածածկ տարածքի շուրջ 8%-ը:

Մեր ժամանակներում անտառների ապօրինի կրճատումները հիմնականում պայմանավորված են անտառամերձ համայնքներում չքավորության և փայտանյութի պահանջարկի բարձր մակարդակի, չհամակարգված անտառօգտագործման, ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղ ընթացքի, ֆինանսական և մարդկային ռեսուրսների սակավության, էկոլոգիական անպատասխանատվության և այլ պատճառներով։ Դա հանգեցնում է անտառների որակական և քանակական հատկանիշների նվազեցմանը:

Այժմ սանիտարական հատումների թույլատրելի շեմը 30-35 հազար խ․ մետրն է (նախկինում՝ 50-60 հազար խ․մետր)։ Դրա փոխարեն, Կառավարության որոշմամբ անտառամերձ բնակավայրերում յուրաքանչյուր ընտանիքին մինչև 8 խորանարդ մետր վառելափայտ է հատկացվում։

Ըստ Անտառային կոմիտե ՊՈԱԿ-ի՝ 2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ հայտնաբերվել է ապօրինի հատված 1299 ծառ, որի համար կազմվել է 98 ակտ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 3095 հատված ծառ, որի համար կազմվել է 136 ակտ: Կոմիտեի փաստարկմամբ՝ 2021-ի համեմատ 2022 -ին ապօրինի ծառահատումները կրճատվել են 20-22 տոկոսով:

Իրականում ապօրինի անտառահատումների հարցը շատ ավելի խրթին է և բազմաշերտ, քանի որ․ «Դա անում են բիզնեսով զբաղվողները, որոնք ինչ-որ ձևով պայմանավորվում են անտառապաների հետ, կամ գիտեն արդեն որտեղից կարող են մտնել ու ոնց գողանան»,- ինչպես նշում է բնապահպան Նազելի Վարդանյանը։

Հայաստանում անտառների որակական փոփոխություն է նկատվում՝ բարձրարժեք ծառատեսակների փոխարինում ցածրարժեք տեսակներով։ Այսպես՝ բարձրարժեք կաղնին և հաճարենին փոխարինվում են ղաժի և բոխի ծառերով։ Տեղի է ունենում անտառների արժեզրկում։

Անտառային ոլորտի ոչ պակաս էական խնդիր է խոշոր եղջերավոր անասունների ազատ մուտքն անտառներ։ Դրանք արածում են երիտասարդ շիվերը և խանգարում անտառների վերարտադրմանը։

Անտառների դեգրադացման գլխավոր պատճառներից մեկն էլ հրդեհներն են։ Թեև դրանց ծագման պատճառները մարդածին են և դժվար է գուշակել թե ով որտեղ կորոշի նետել վառված ծխախոտի գլանակը, այնուամենայնիվ ժամանակակից ԱՏՀ տեխնոլոգիաները թույլ են տալիս արբանյակային լուսանկարների վերծանման միջոցով որոշել տարածքների հրդեհավտանգության աստիճանը և եթե ոչ կանխարգելել, ապա վաղաժամ հանգցնել կրակը։ Իհարկե պետական գերատեսչություններում դրանց կիրառությունը այլ հարց է։ Օրինակ Խոսրովի անտառի 2017 թվականի ամռան հայտնի հրդեհը, որը ոչնչացրեց շուրջ 360 հեկտար անտառային տարածք (2500-3000 հա ընդհանուրից), հնարավոր էր կանխորոշել և կանխարգելել։

Անտառները միաժամանակ սողանքների "զոհն" են և սողանքավտանգ տարածքների "փրկիչը"։ Շատ անտառային տարածքներ գտնվելով սողանքավտանգ գոտիներում, փլուզման հետևանքով տեղատարվում են կամ մնում հողակույտի տակ։ Միաժամանակ անտառները կարող են սողանքային գոտիներն ամրակայել։ Սողանքների առաջացման բնածին պատճառներն են` ջրով հագենալու հետեւանքով հողի բեռնվածության ավելացումը, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի առկայությունը: Բանն այն է, որ հողի խորքային հատվածներում ջրերի կուտակումն առաջացնում է լարվածություն, որն իր հերթին տեղաշարժում է հողի կեղևը: Նման դեպքում խորքային ջրագոյացումները նվազեցնելու նպատակով տնկում են ամուր արմատային համակարգ ունեցող ծառեր։ Ներկայումս Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային օջախ: Ամենաակտիվներից են Ողջաբերդը, Հաղարծինը, Կապանը, Դիլիջանը, Գոշը, Գնիշիկը, Օձունը…

Անտառային ոլորտի խնդիրներից է նաև անտառային հողերի այլ նշանակությամբ գրանցումը և համապատասխանաբար այլ նպատակներով օգտագործումը։ Տեղի է ունենում անտառային հողերի զավթում։

Վերոհիշյալ հարցի հետ սերտ կապ ունի հանքարդյունաբերությունը, որը ևս նպաստում է անտառների կրճատմանն ու դեգրադացմանը։ Շատ հաճախ հանքարդյունահանող ընկերությանը հանքը "բացելու" նպատակով իրականացվում է զանգվածային ծառահատումներ։ Մեկ այլ հարց է շրջակա միջավայրի աղտոտումը թունավոր նյութերով։

 

Կլիման և անտառները

Կլիմայի համաշխարհային փոփոխությունը ևս իր բացասական ազդեցությունն է թողնում անտառային էկոհամակարգերի վրա։ Հիմնական ազդեցությունն արտահայտվում է հրդեհավտանգության բարձրացմամբ։ Բացի այդ, կլիմայի համաշխարհային փոփոխությոան պատճառով անտառային էկոհամակարգերը տեղաշարժվում են ուղղահայաց գոտիավորմամբ 100-200 մետրով դեպի վեր, ինչը հանգեցնում է տվյալ տարածքի ջրաջերմային ռեժիմի խախտման, կենսաբազմազանության կրճատման, բերքատվության անկման, մարդկանց կյանքի որակի փոփոխության և մի այլ հետևանքների։

 

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան 1992 թ-ին և վավերացրել այն 1993 թ-ին: Հայաստանը միացել է նաև կոնվենցիայի ներքո գործող բազմաթիվ այլ միջազգային համաձայնագրերի, մասնավորապես, Կիոտոյի արձանագրությանը և Փարիզի համաձայնագրին: Այստեղ երկրի Ազգային մակարդակով որոշվող մասնակցությունը (NDC) հաշվի առնելով, երկարաժամկետ նպատակով՝ Հայաստանը պարտավորվում է 35 տարվա ընթացքում ավելացնել անտառածածկ տարածքների մակերեսը 20.1% -ով: Այսինքն, անհրաժեշտ է մինչև 2050 թվականը՝ լրացուցիչ տնկել 270 հազար հեկտար անտառ: Սա նշանակում է, որ Հայաստանում տարեկան կտրվածքով պետք է տնկվի 10 000 հա անտառ:

Վերոհիշյալ նպատակի իրագործման համար երկիրը ոչ միայն պետք է պահպանի առկա անտառները, այլև իրականացնի անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներ։ Անտառապատումն իրենից ենթադրում է անտառների հիմնում նոր տարածքներում, իսկ անտառավերականգնումը՝ նախկինում անտառապատ, սակայն անտառազուրկ տարածքների վերատնկում։

Անտառապատման/անտառվերականգնման համար նոր տարածքներ ընտրելիս առաջնորդվում են մի քանի չափանիշներով․ աշխարհագրական դիրք, տեղումների տարեկան քանակություն, հողի նպատակային նշանակություն, հողի որակ, ինսոլացիա (Երկրի մակերևույթի ճառագայթահարումն է արեգակնային ուղիղ կամ գումարային ճառագայթմամբ), ծովի մակարդակից բարձրություն և այլն։

Ծառատեսակները նույնպես ընտրվում են տարածքից կախված, եթե տեղանքը չորային է, ավելի քիչ ծառատեսակների ընտրության հնարավորություն կա՝ կաղնի,սոճի և այլն, եթե ավելի խոնավ են պայմանները, ծառերի ընտրությունը լայնանում է՝ լորենի, հաճարենի, վայրի տանձ, խնձորենի և այլն։ Այստեղ տեսակային բազմազանություն ապահովելը ևս կարևոր է։

Միջին հաշվարկներով տնկման արժեքը կազմում է մեկ ծառի համար 1000 դրամ։

- Անտառները ավելի կարևոր են քան միայն ածխաթթու գազի փոխհատուցման հարց լուծելը, և եթե մենք հիսուն տարի հետո անտառ կուզինք, հիմա պիտ սկսինք։ Բավական չէ պահպանիլ անտառները, պետք է տնկիլ։ Կարևոր է, որ հիմա երկիրը արթնանա և հասկանանք, որ մեր անտառները պետք է պաշտպանինք և հիմա պետք է սկսինք, հիմա պետք է անինք, բոլորով,- նշում է «Իմ անտառ Հայաստան» ընկերության հիմնադիր բելգիահայ գործարար Անտրէ Գումուշճեանը։

Համեմատության համար

Հայաստանի տարածքի 1%-ը կազմում է 300 կմ² կամ 30.000 հա: «Իմ անտառ Հայաստան»-ը տարեկան տնկում է 120 հա անտառ՝ 400 հազ․ ծառ, ուստի միջինացված հաշվարկով, կպահանջվի 250 տարի, որպեսզի Հայաստանի անտառածածկույթն աճի… 1% -ով:

2019-2021 թվականներին իրականացվել է շուրջ 5000 հա անտառապատման աշխատանք, 1400 հա-ը՝ պետական միջոցներով: Նշանակում է, որ տարեկան 10 000 հա նոր անտառների փոխարեն 3 տարվա ընթացքում տնկվել է դրա կեսը։

Անտառտնկումից առնվազն 20 տարի է անհրաժեշտ հասուն անտառ ունենալու համար։

Վերջերս Հայաստանում անտառների տնկմամբ զբաղվող «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, միավորվելով հանուն անտառների պաշտպանության, վերականգնման և անտառապատման, միասին հիմնադրել են Հայաստանի անտառային դաշինքը։ Նպատակն է անտառների պաշտպանության ու կայուն կառավարման հարցրերում աջակցել պետությանը։

Անտառատնկման նպատակով տարբեր կազմակերպությունների կողմից տնկարաններ են հիմնվել՝ Մարգահովիտում(Լոռի),Գուգարքում(Լոռի), Դեբետում(Լոռի),Հաղարծնիում(Տավուշ), Խաչփառում(Արարատ),Կարինում(Արագածոտն)․․․

Անտառների պահպանությամբ հիմնականում զբաղվում է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, ոչ պետական կառույցներից հայտնի է «Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը։

Այլընտրանք․․․

Իհարկե այլընտրանքային էներգիայի մասին շատերս ենք լսել՝ մասնավորապես արևային էներգիայի, սակայն Հայաստանի գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց ֆինանսատնտեսական վիճակի մասին հեռահար պատկերացմամբ անգամ կարելի է ենթադրել, որ թանկարժեք արևային պանելների ձեռքբերումը գյուղացիների գրպանին հարիր չէ։

Որպես վառելափայտի այլընտրանք հանդես է գալիս Պավլովնա ծառը։ 2019 թվականից սկսած Տավուշի մարզի Պտղավան համայնքում արդեն աճեցնում են այն։ Պավլովնայի փայտը օգտագործվում է և՛որպես վառելանյութ, և՛ որպես շինանյութ՝ կահույքագործության մեջ։ Պավլովնայի տնկին 5-6 տարվա ընթացքում դառնում է հասուն ծառ և ենթակա է լինում հատման։ Այժմ Պավլովնան ընդգրկում է նոր աշխարհագրություն։ Պավլովնան հրաշալի միջոց է ծառահատումների դեմ պայքարում։

Անտառային թափուկի օգտագործումը վաղուց արդեն նորություն չէ, սակայն այստեղ խնդիրը դրանց ոչ բավարար քանակությունն է։ Որպես վառելափայտի այլընտրանք կարելի է նշել նաև խաղողի վազի էտի մնացորդները։ Հայաստանի գյուղական բնակավայրերում հայտնի է նաև աթարը, սակայն վերջինս էկոլոգիապես «կեղտոտ» վառելիք է համարվում։

Նորարար այլընտրանք են համարվում վառելիքային բրիկետները։ Դրանք իրենցից ներկայացնում են փայտամշակման թափոններից սեղմված զանգված (թեփեր, տաշեղներ, կեղևներ և այլն), գյուղտնտեսության մեջ՝ (խոտ, ծղոտ, սոճու փշատերևներ, արևածաղկի սերմերի կեղևներ, սոճու փշերից բրիկետներ, բրինձ, հնդկաձավար և այլն)։ Բրիկետների արտադրության տեխնոլոգիայի հիմքում ընկած է թափոնների բարձր ճնշման տակ (տաքացման միջոցով կամ առանց դրա) խտացումը։ Բրիկետներն ունեն ունեն բարձր ջերմային արժեք, գրեթե լիովին այրվում են (ձևավորելով մոխրի ոչ ավելի քան 0.3% (քաշից)), և բնորոշվում են ծխի նվազագույն քանակով։ Համարվում են էկոլոգիապես անվտանգ վառելանյութ։

Անտառահատումների դեմ պայքարի մյուս այլընտրանքային տարբերակները՝ գյուղատնտեսության և էկոտուրիզմի զարգացումը, գուցե ոչ այնքան ուղղակիորեն են կապված ծառահատումների հետ, բայց դրանց զարգացումը միանշանակ կհանգեցնի գյուղաբնակների ֆինանսական կյանքի բարելավմանն ու հետևաբար նրանց կողմից էկոլոգիապես անվտանգ էներգիայի աղբյուրների ձեռքբերմանը։

Առհասարակ, Հայաստանում մեծ ներդրումային պոտենցիալ կա անտառների տնկման, ագրարային անտառտնտեսության, առևտրային նշանակության տնկարանների և մասնավոր անտառների բնագավառում։ Կարևոր է որ անտառները սկսեն դիտարկվել ինչպես բիզնես միջոց, այնպես էլ բիզնես միջավայր։

 

Հայաստանը և կլիման

Հայաստանի ազդեցությունը համաշխարհային կլիմայական համակարգի վրա աննշան է։ Գլոբալ արտանետումների ծավալում Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.014%:

Եվ չնայած դրան՝ Հայաստանը կլիմայի փոփոխության առումով համարվում է խոցելի երկիր: Հայաստանում ջերմաստիճանի աճը գլոբալ միջին ցուցանիշից բարձր է: Միայն 1929-ից 2016 թթ-ին միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 1.23 աստիճանով: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, 1935-2016 թթ-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է միջին տարեկան տեղումների անկում 9%-ով, աճել է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների թիվը:

Ուստի անտառաշատ, «շնչող», «կանաչ» Հայաստան ունենալու համար անհրաժեշտ է և բավարար․

  • պահպանել առկա անտառները,
  • վերականգնել նախկին անտառապատ տարածքները,
  • տնկել նոր անտառներ։

Իհարկե այս ամենը պետք է կրի ինստիտուցիոնալ բնույթ և համակարգված լինի պետության կողմից, բայց կարևոր է յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվության գիտակցումն այս հարցի շուրջ։

Ընդհանրապես մեծ փոփոխությունների հիմքում դրված է կրթությունը։ Կրթությունը ձևավորում է գիտակցություն, գիտակցությունը՝ վարքագիծ, իսկ վարքագիծը բերում է փոփոխությունների: Ուստի էկոլոգիական բարեփոխումների համար պետք է սկսել էկո-գիտակցություն ձևավորելուց։ Պետք է գիտակցաբար փրկենք անտառները, որպեսզի անտառները փրկեն մեզ։

 

Հեղինակ՝ Անգին Ծատուրյան

 

Նյութը պատրաստվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի շրջանակում։ Նյութում արտահայտված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և պարտադիր չէ, որ ներկայացնեն ՄԱԶԾ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի տեսակետները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում