Հատիսի վրա անհրաժեշտ է նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
![](https://econews.am/disk/14-07-22/287c3046ab1e921662dfe87ae81e14d3.jpg)
![](https://econews.am/disk/14-07-22/341983f2a811a9bf1cf76f074a0a6074.jpg)
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որով ասվում է․
«1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են օբսիդիանների և դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը և առաջացրել գմբեթաձև կառույց կամ հրաբխային նեկկ։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են և համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել են ավելի փոքր հրաբուխներ և ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։
ՀՀ տարածքում առկա են շուրջ 550 չորրորդական հասակի հրաբուխներ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձև հրաբուխներ են և որոնց կառուցվածքում առկա են օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին և ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։
2. Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։
Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը և մամուլի կողմից տարածված լուսնկարներում և տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, ինչպես նաև հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն և դառնան հասանելի անկախ փորձաքննության համար»։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/f405dfc6ddc65170a4041550dbfa804f.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/22-07-22/85f65b570206cf9b00c3b698515da7b4.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-07-22/ac04cd34d90f4730ebb75691c659c4a9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-07-22/2fe8b58433d250d1ac9d3db199340c74.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/11-07-22/efbc6ebfd64d1255b44d027bff19cb36.jpg&w=300&h=200)