Էլեկտրոմոբիլների լիցքավորումը Հայաստանում կարժենա 1000-2000 դրամ

Այսօր՝ հունիսի 23-ին, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, «Global shipping» և «Գիտատեխնիկական Ասոցիացիա Երեք Կետ» ԻԱՄ-ի հետ համատեղ ներկայացրեցին Հայաստան վերջերս ներմուծված էլեկտրական, էկոլոգիական և տնտեսապես շահավետ նոր ավտոմեքենան:

Մեքենան «Nissan» մակնիշի է և ներմուծվում է Ճապոնիայից: Այն չի աշխատում բենզինով կամ գազով և հետևաբար չի աղտոտում մթնոլորտային օդը: Ինչպես պնդում են ավտոմոբիլային սպորտի մարզիկները, այս մեքենան ոչնչով չի զիջում մյուս մեքենաներին, ավելին՝ կատարյալ անաղմուկ է, ընթացքը հանգիստ, սակայն միևնույն ժամանակ կարող է մի քանի վայրկյանում մեծ արագություն զարգացնել: 

Լրագրողներից շատերը սեփական փորձով համոզվեցին վերոնշյալի մեջ: Կազմակերպիչները լրագրողների հետ «test drive» անցկացրեցին և անգամ հնարավորություն տվեցին մեքենան ինքնուրույն վարել: 

Մեքենայի կառավարման համակարգը գրեթե չի տարբերվում մյուսներից: Այն հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով և անգամ հնարավոր է որոշ ֆունկցիաներ կառավարել հեռախոսի միջոցով: 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի գործող մարզիկ Էդուարդ Եղյանը. «Շահագրգռված եմ, որ մարդիկ ունենան նման մեքենաներ ու այն հասանելի լինի բոլորին, քանի որ այն թե էկոլոգիական տեսանկյունից անվտանգ է և թե մատչելի է: Բոլորը կարող են հաշվել, որ մեծ գումարներ են տնտեսվում: Երևանում մեքենան արժե մոտ 8000-10 000 դոլար: Նոր մեքենաներն ունեն 10 տարի գործարանային երաշխիք: 3-4 ժամ լիցքավորվելուց հետո տվյալ՝ 2011թ.-ի մեքենան կարելի է քշել 170-180 կմ»:

Կազմակերպիչները նշում են, որ ՀՀ-ում նախատեսվում են ստեղծել արևային էներգիայով լիցքավորման հատուկ կետեր: Tesla ընկերության կողմից ՀՀ-ում կա տեղադրված 5 կետ, սակայն դրանց քանակն անհարժեշտ է ավելացնել: Ըստ նախնական հաշվարկի մեկ լիցքավորման արժեքը կկազմի 1000 - 2000 դրամ: 

ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի փոխնախագահ Գուրգեն Սեֆիլյանն ասաց. «Ֆեդերացիան չէր կարող անտարբեր մնալ և ցանկանում ենք աջակցել ամեն ինչով, որ էլեկտրական մեքենաները մուտք գործեն Հայաստան և շահագործվեն: Խնդիրը նրանում է, որ մեքենան լիցքավորվում է 3-4 ժամում, ինչը նշանակում է, որ այն պետք է երկար ժամանակ կայանված մնա, ի տարբերություն լիցքավորման մյուս եղանակի: Մենք աջակցելու և կազմակերպելու»:

Նշենք, որ էլեկտրոմոբիլների հասարակության շրջանում տարածելու նպատակով կազմակրպիչներին անհրաժեշտ է աջակցություն ՀՀ կառավարության և միջազգային բնապահպանական կառույցների կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում