Նոր արևային էլեկտրակայան՝ Պարտիզակ համայնքում (ֆոտո)

Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը կառավարվում է «Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի կողմից և հովանավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից, Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային էլեկտրակայան։

Ինչպես գրել է Eco.am մեդիա հարթակը․ «Էլեկտրակայանը պատկանում է «Սոլիս» ՍՊԸ-ին, որը հիմնադրամը ձեռք է բերել 2020 թվականի վերջին՝ որպես արևային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու լիցենզիա ունեցող ընկերություն։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Էկովիլ» ընկերությունը, իսկ ծրագրի ֆինանսավորումը տրամադրվել է «Ամերիաբանկի» կողմից»։

«Մեր առաջին արևային կայանի շահագործումը կարևոր ձեռքբերում է հիմնադրամի ներդրումային ռազմավարության համար, որի հիմնական բաղադրիչներից մեկն է Հայաստանում բնապահպանական և սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներով վերականգնվող էներգիայի առաջատար պորտֆել ստեղծելը»,- նշեց «Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանն ու շեշտեց․ «Չնայած COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած դժվարություններին, նախագիծն ավարտվեց յոթ ամսից քիչ ժամանակահատվածում՝ շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության չափանիշների խստիվ պահպանմամբ: Մենք գոհ ենք արդյունքներից և ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Էկովիլ»-ի և «Ամերիաբանկ»-ի մեր գործընկերներին՝ հաջող համագործակցության համար: Վերականգնվող էներգիան մնում է «Ամբեր Կապիտալ»-ի առաջնահերթություններից մեկը, և մենք կշարունակենք ներդրումներ կատարել այս ոլորտում՝ օգնելով Հայաստանին անցում կատարել դեպի ցածր ածխածնային, կենսունակ տնտեսություն»:

Էլեկտրակայանի տարեկան ակնկալվող ընդհանուր արտադրությունը մոտ 7.8 ԳՎտժ է, որը համարժեք է 2,000 տնային տնտեսության տարեկան էլեկտրաէներգիայի սպառմանը։ Էլեկտրակայանի աշխատանքի արդյունքում ածխաթթու գազի արտանետումների խնայողությունը կազմելու է տարեկան մոտ 3,200 տոննա՝ համարժեք մոտավորապես 120,000 ծառ տնկելուն կամ 1,000 մեքենա ճանապարհներից դուրս բերելուն: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղական համայնքի համար ստեղծվել է մոտ 100 աշխատատեղ՝ նպաստելով գյուղական բնակավայրերի զարգացմանը:

Ի լրումն Հայաստանի կանաչ օրակարգի խթանմանը, կայանը նպաստում է երկրի էներգետիկ համակարգը վերահավասարակշռելուն՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից և երկիրը դնելով էկոլոգիապես մաքուր ու կայուն ապագայի հիմքերի վրա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում