Նուբարաշենից մինչև Հրազդան գետ. Ջրերը վարակման վտանգի տակ են
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը Երևանի և ամբողջ ՀՀ-ի համար հանդիսանում է մեծագույն բնապահպանական, սոցիալական, առողջապահական աղետ: Տարիներ շարունակ այս խնդիրը մատնվել է անուշադրության: Ստացած բազմաթիվ վարկերի արդյունքում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի «հրատապ» խնդիրը դեռ շարունակում է «հրատապ» մնալ: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1976թ.-ին:
Դեռ 2010թ.-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվեց եզրակացություն Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ռիսկերի և վտանգների մասին, որից հետևում էր, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել: 7 տարի անց, խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Համաձայն 2010թ.-ի ՀՀ ԱԻՆ եզրակացության տվյալ տարածքում թաղված են քլորօրգանական կայուն թունաքիմիկատներ (ԴԴՏ, ցիկլաքլոր ցիկլոհոքսան, ԴՆՕԿ և այլն), արսեն (մկնդեղ) պարունակող թունաքիմիկատներ, սնդիկ պարունակող թունաքիմիկատներ, պղինձ, ծծումբ, ֆոսֆոր պարունակող թունաքիմիկատներ:
Գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում (խոսքը գնում է Ողջաբերդի սողանքային գոտու մասին): Քանի որ տարիներ շարունակ թունաքիմիկատները թաղված են առանց տեսակավորման, համապատասխան փաթեթավորման, գոյացել է մեծ քանակությամբ վարակված հողաշերտ: Թունաքիմիկատները լցված են միմյանց վրա և հողալցված են: Խոսքը գնում է 7000 տոննա աղտոտված հողի մասին: Այսպիսի մեծ քանակությամբ աղտոտված և վտանգավոր հողը հեշտ չէ վնասազերծելը: 2010թ.-ին այդ տարածքում թաղված նյութերի քանակը կազմել է 512 տոննա: Ինչպես ասվում է ԱԻՆ եզրակացության մեջ. «գերեզմանոցի տարածքին 500 մետր շառավղով հարող տարածքներից վերցված որոշ նմուշներում հայտնաբերվել է ԴԴՏ, որի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել է 2-ից 15 անգամ»:
Բացի, նախկինում մեր կողմից նշված, օդը թունավորելու վտանգից, մեծ է վտանգը նաև սողանքային գործընթացների ակտիվացման հետևանքով թաղված թունաքիմիկատները կհոսեն դեպի արտաքին միջավայր: Այս դեպքում հետևանքներն անդառնալի կլինեն: Թունավոր նյութերով կվարակվեն հարակից տարածքներն ու Ողջաբերդ գետը: Այս գետը Երևան քաղաքի սահմաններում ձախից միախառնվում է Ջրվեժ գետին, վերջինս էլ իր հերթին Երևանի տարածքում ձախից միախառնվում է Գետառին։ Գետառ գետը հոսում և անցնում է Երևանի միջով, այնուհետ խառնվում Հրազդան գետին։ Ստացվում է, որ թունաքիմիկատներով վարակման վտանգի տակ է նաև Հրազդան գետը, չհաշված, որ այս գետերի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Սողանքի վտանգն առկա էր դեռ 7 տարի առաջ: Սողանքի ահագնացող վտանգի առկայության մասին վկայում են նաև տեղի բնակիչները: Այս տարիների ընթացքում բազմաթիվ են եղել ահազանգերն առկա սողանքային գործընթացների մասին: Դրա վկայությունն է Նուբարաշեն գերեզմանատանը բազմաթիվ գերեզմանների ավիրված վիճակը, դրանց տեղափոխումը և այլն: Այն, որ սողանքային գործընթացն ուժգնացել է անժխտելի փաստ է:
Ի՞նչ է արվել այս տարիների ընթացքում
Այս խնդրի վրա սկսեցին ուշադրություն դարձնել հատկապես 2011թ.-ից սկսած, երբ OSCE և ԱԻՆ միջև փոխհամաձայնության հուշագիր ստորագրվեց: Նիդերլանդներից հրավիրված ու տեղի մասնագետները մանրամասն տեղեկություններ հավաքեցին տեղանքում տիրող իրավիճակի մասին:
Հաջորդ քայլն իրականացվեց միայն 2015-2016թթ.: Կազմվեց շուրջ 124 մլն եվրո արժողությամբ ծրագիր: Ծրագրի 1-ին բաղադրիչի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրո վարկ ԵՆԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» ֆինանսական պայմանագրին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել ավելի քան 1 տարի (2016թ.-ի մարտ ամսին) առաջ:
Մեկ տարի դեռ քննարկվում է, թե որտեղ պետք է տեղափոխվի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, այն էլ հատկապես ՀԿ-ների ակտիվ մասնակցության շնորհիվ: 2016թ.-ի հոկտեմբեր ամսին, գերեզմանոցը վնասազերծելու նպատակով Հայաստանի կառավարությունը և միջազգային կառույցները առաջարկում են Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքի մոտ, ստեղծել ազգային պահեստ և Նուբարաշենի թունաքիմիկատները տեղափոխել այնտեղ: Սակայն, մի քանի օր առաջ տեղի ունեցած քննարկման արդյունքում, պարզ դարձավ, որ խնդիրը դեռ վիճելի է:
Այնուամենայնիվ, վարկերը ստորագրված են, գումարները ստացված...
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: