Հայաստանում ոռոգման և խմելու ջրի խնդիրն օրեցօր բարդանում է. Հակոբ Սանասարյան
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանում ոռոգման և խմելու ջրի խնդիրը օրեցօր բարդանում է: «Հանքարդյունաբերության հետևանքով մենք կորցնում ենք մեր գետերը»,- ասաց նա և օրինակ բերեց, որ Արծվանիկ, Նորաշենիկ, Մեղրի գետերը, նաև՝ կիսով չափ Շնող, Ախթալա գետերը հաշվեկշռից հանված են որպես ոռոգման ջրի օգտագործման աղբյուր, քանի որ մետաղական հանքեր շահագործելու համար թույլտվություններ են տրված:
«Մեկուկես ամիս է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը իր հանքավայրի ջուրը դեպի Ողջի գետ դուրս հանելու համար թունել է կառուցում»,- հայտեց նա և նշեց, որ ինքը հետաքրքրվել է, թե արդյոք նման բան անելու համար ստացել են թույլտվություն և պարզել է, որ նրանք նույնիսկ որևէ մեկին չեն էլ դիմել: Նա ասաց, որ իր այդ տեղեկությունը հավաստի է և նույնիսկ լուսանկար ունի:
