«Կարմիր գիծ» հեղինակային ֆիլմն արժանացել է 1-ին մրցանակի (ֆոտո)

Մայիսի 26-ին ամփոփվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կազմակերպված լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները: «Կլիմայի փոփոխության լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներում» երկօրյա դասընթացի շրջանակում կազմակերպված մրցույթի նպատակն էր բարձրացնել մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետաքրքրությունը կլիմայի փոփոխությանը և, մասնավորապես, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցերի նկատմամբ և խրախուսել դրանց ակտիվ ու հանրամատչելի լուսաբանումը:

Մրցույթի հաղթողներին ողջունելիս Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ընդգծեց զանգվածային լրատվական միջոցների կարևոր դերակատարությունը կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման և երկրների հարմարվողականության ու մեղմման կարողությունների զարգացման գործում, հատկապես կլիմայի փոփոխության նկատմամբ դեռևս առկա թերահավատության համատեքստում:

«Թեպետ, ծովային երկրների համեմատ՝ Հայաստանում կլիմայական փոփոխություններն ու ռիսկերն երբեմն պակաս ակներև են, սակայն, Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրների շարքում է: Երկրում առկա կլիմայական ռիսկերի և դրանց մեղմման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ կրթությունն ու իրազեկության բարձրացումն էական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության մարտահրավերների հաղթահարմանն ուղղված գործողությունների որոշման և իրականացման հարցում: Այս համատեքստում չափազանց կարևոր է հատկապես ԶԼՄ-ների ներկայացուցիչների դերը՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտահեն տեղեկատվությունը հասարակության լայն շրջանակին հասանելի և հանրամատչելի դարձնելու առումով»,- նշեց Միհաելա Ստոյկոսկան:

Մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր և դրամական մրցանակներ:
Մրցույթի առաջին մրցանակին արժանացավ Մարիամ Տաշչյանը՝ «Կարմիր գիծ․ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին» հեղինակային ֆիլմի համար: Երկրորդ մրցանակը շնորհվեց Անի եղիազարյանին «Կբուժե՞ք Սևանը, թե՞ կթողնեք՝ ինքաբուժվի» հոդվածի համար: Երրորդ մրցանակակիրը մրցույթի ամենաերիտասարդ մասնակից Օքսաննա Առաքելյանն է՝ «Եթե այս տեմպով ապօրինի ծառահատումները շարունակվեն՝ անտառի վիճակը աղետալի կլինի» հոդվածով:

«Կլիմայի փոփոխության լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներում» դասընթացը կազմակերպվել էր 2020 թ.-ի դեկտեմբերի 22-23 և նախատեսված էր հանրային նշանակության տարբեր ոլորտներ լուսաբանող լրագրողների և մեդիաբովանդակություն ստեղծող այլ մասնագետների համար։ Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, ADWISE Consulting կազմակերպության կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում