Քննարկվել է Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման հարցը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության և էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակությանը, որի կազմում էին ՊՔ միջուկային էներգիայի անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Պատրիշա Մեցը, ԷԴ միջուկային էներգիայի գրասենյակի աշխատակից Շոն Թայսոնը, ԷԴ ծրագրերի վերլուծաբան Թեդրոս Աբրահամը, ինչպես նաև նշված գերատեսչությունների ներկայացուցիչներ Ալմա Մաչշանովան և Ռիք Պրոկոպովիչը: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ փոխնախարար Հ. Վարդանյանը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ քայլերի իրականացումը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի անվտանգ շահագործման հարցերով:

Հանդիպմանը քննարկվել են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը, ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցմանը, ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցառումների ծրագրին և ամերիկյան կողմի աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր: Հ.Վարդանյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու հեռանկարով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին վերաբերող կազմակերպչական հարցերի, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում