ԱՄՆ-ում մոտ 300 հղի կնոջ մոտ հայտնաբերվել է Զիկա վիրուս
ԱՄՆ-ում մոտ 300 հղի կնոջ մոտ հաստատվել է Զիկա վիրուսի առկայությունը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին:
Այսպես. հենց ԱՄՆ-ում վիրուսի առկայություն է հայտնաբերվել 157 հղի կնոջ մոտ, ևս 122 կանայք վիրուսի դրական թեստ են ունեցել ԱՄՆ սահմաններից դուրս ամերիկյան տարածքներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր զեկույցում հայտնել է, որ 2007թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. ապրիլի 13-ը Զիկա վիրուս է հայտնաբերվել 64 երկրում ու տարածքում:
Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ (շաղկապենաբորբ), գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի տարածողը Aedes aegypti մոծակն է:
Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում: Այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:
