«Կարող է նաև Հայաստանում ինչ-որ վարակ տարածվել»․ զրույց «Covid 19»-ի մասին

«Covid 19»-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցնցել են ամբողջ աշխարհը թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական տեսանկյուններից։ Մարդկանց շրջանում վիրուսի տարածման առաջնային օղակն, ըստ որոշ ուսումնասիրությունների, հանդիսացել են վայրի բնության օբյեկտները՝ կենդանիները։ Այս վարկածի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցել է բնապահպան Արսեն Գասպարյանի հետ՝ փորձելով պարզել վերջինիս դիտարկումները տեղի ունեցող իրադարձությունների և ՀՀ-ում նման խնդիրների առաջացման հավանականության մասին։

- Շատ բարդ հարց է իրականում, որովհետև կան գիտական հոդվածներ, ուսումնասիրություններ, ըստ որոնց՝ չղջիկներից հետո վիրուսի միջանկյալ տերեր հանդիսացել են պանգոլինները՝ փոքրիկ կաթնասունները։ Ե՛վ պանգոլիններին, և՛ չղջիկներին Չինաստանում ակտիվ օգտագործում են սննդի մեջ, ինչպես նաև պանգոլիններից նաև դեղամիջոցներ են ստանում։ Դրա հետ են կապում, քանի որ այս Covid 19-ը շատ նման է SARS-ին, որն առաջացել է չղջիկներից, պանգոլինների մոտ էլ նմանատիպ վիրուս հայտնաբերվել է։ Այդ շղթան՝ չղջիկներ-պանգոլիններ-մարդ, դեռևս հաստատված չէ։ Վերջերս շրջանառվում են նաև այլ տարբերակներ, որ վիրուսը մարդածին է և այդ պատճառով հարցին պատասխանելու համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք հստակ ասել։

Պանգոլին /Pholidota/

Չինաստանում արգելվեց վայրի կենդանիների առևուրը և սննդի մեջ օգտագործումը, իհարկե, երևի ժամանակ է պետք, որ արգելքը կյանքի կոչվի, բայց շուկաները փակվեցին և առևտուրն արգելվեց պետական մակարդակով, այնպես որ՝ երկարաժամկետ կտրվածքով երևի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է սա։ Արվեց այն, ինչը տարիներով չէին անում։ Չինաստանը կենդանիների ապօրինի առևտրի կենտրոններից մեկն է, ավելին՝ պանգոլինների հիմնական պոպուլյացիան վերացել է հենց չինացիների կողմից, կենդանու տարբեր օրգաններից ստացվող դեղամիջոցների ստացման արդյունքում։

Մարդիկ փորձում են այդ ամենը կենդանիների վրա բարդել, բայց շատ կարևոր է ճիշտը ասել՝ եթե չլիներ նրանց ապրելավայրերի կորուստը, չլիներ նրանց սննդի և դեղամիջոցների համար օգտագործումը և նմանատիպ այլ բաներ, այս խնդիրը մենք չէինք ունենա, այդ կոնտակտի հավանականությունը կնվազեր շատ անգամներ և մեծ հավանականությամբ չէր առաջանա։ 

Հայտնի է, որ ՀՀ-ում մինչ այսօր որսի ընթացքում ձեռք բերված կենդանուց ստացվախ արգասիքն օգտագործվում է նաև սննդի մեջ, երբեմն անգամ որսատեսակ չհանդիսացող կենդանիների միսն է որպես մթերք ծառայում, այն դեպքում, երբ ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների մոտ տարբեր հիվանդությունների առկայության հանգամանքը շատ քիչ է ուսումնասիրվել։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք սա կարող է ոչ ցանկալի հետևանքներ առաջացնել։

- Դա լուրջ խնդիր է։ Ճիշտն ասած, մեզ մոտ մինչև այս դեպքերը երևի այս մասին տեղյակ էլ չէին, չէին էլ մտածում այդ մասին, բայց թե՛ պարազիտներ կան վայրի կենդանիների մեջ, թե՛ վիրուսներ հավանաբար կլինեն, որովհետև ամբողջ աշխարհն է այդպիսին, դա միայն Չինաստանը չէ, ամբողջ աշխարհն է։ Հայաստանում էլ կան և համոզված եմ, որ նույն հավանականությամբ կարող էր նաև մեզ մոտ ինչ-որ մի վարակ լինել․ կարող էր ինչ-որ մեկը ջերմային պատշաճ մշակում չանցած որսի միսն օգտագործեր և պարտադիր չէ ինչ-որ վիրուսային հիվանդություն լիներ, այլ կարող է պարազիտ լինել, բակտերիալ ինֆեկցիա լինել։ Չեմ կարող հստակ ասել, որովհետև դա մեզ մոտ շատ քիչ հետազոտված ոլորտ է առհասարակ։ Ես ընդհանրապես դեմ եմ, որ օրինակ՝ որսագողության հետևանքով շատ է լինում, որ ենթադրենք բեզոարյան այծ են հայտնաբերում և այդ միսը տալիս են մանկատանը կամ ծերանոցին, որպես ինչ-որ լավություն, բայց քանի որ մեզ մոտ հնարավոր չէ պատշաճ սանիտարական ստուգում իրականացնել, կարծում եմ բավական ռիսկային է և ճիշտ չէ այդ մսի գտագործումը։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես պետք է սրանից եզրակացություն անենք ու սահմանափակենք նաև որսի մսի օգտագործումը, իրավական տեսանկյունից միգուցե դա հնարավոր լինի, բայց օրենքի կիրարկման տեսանկյունից ես հնարավորություն չեմ տեսնում, եթե մարդիկ իրենք չպատկերացնեն, չհասկանան, իրենց գիտակցությունը չլինի, թե ոնց կարելի է որսից հետո միսը չօգտագործել սննդի մեջ։ Ես չեմ ասում, որ պարտադիր պետք է ինչ-որ վարակ դրա արդյունքում լինի, բայց ռիսկը կա։

Ամենակեր «որսորդը» /2017թ․/

Եթե անգամ կան հետազոտություններ, ապա դրանք չեն հանրայնացվել և հանրային քննարկման առարկա չի դարձել։ Ես չեմ հիշում մի քննարկում, որտեղ կքննարկենք այս հարցը, երբեք սրան չենք անդրադարձել և ընդհանրապես վայրի կենդանիների կոնտակտի մասին չենք խոսացել այսքան ժամանակ։

Իսկ ինչպիսի՞ն կլինի վիրուսի ազդեցությունը որսագողության, միգուցե կենդանիների առք ու վաճառքի գործընթացի վրա Հայաստանում։

- Մի քանի օրինակ բերեմ․ Աֆրիկայում, որտեղ պահպանությունը էկոտուրիզմի վրա է հիմնվում, սաֆարի են կազմակերում, կենդանիներ են դիտարկում, գումար գեներացնում և դրանց միջոցով տարածքը պահպանում, հիմա, երբ այդ գումարը չկա, խնդիրը մեծանում է, զբոսաշրջիկներ չկան, իսկ որսագողերն ընդհանրապես նախընտրում են գնալ այն վայրերը, որտեղ շատ մարդ չկա։ Ստացվում է, քանի որ նրանք չկան, նաև որսագողերն են այդ վայրերում ակտիվացել և կենդանիները փաստորեն անպաշտպան են։ Նույն խնդիրը կարող է նաև մեզ մոտ լինել, քանի որ այս ընթացքում, հատկապես այն վայրերում որտեղ այս սեզոնին բավական մեծ քանակով զբոսաշրջիկներ են լինում և այդպիսով նաև որոշակի չափով պահպանվում են կենդանիները, այժմ չկան ու մեզ մոտ այդ խնդիրը նույնպե կարծում եմ առաջանալու է, որովհետև վերահսկողությունը բավական բարդ է լինելու, երբ մարդիկ չկան, այսինքն՝ աչքեր չկան, որոնք այդ ամենը տեսնում են։

Ինչ վերաբերում է կենդանիների վաճառքին, վաճառքի առցանց հարթակներին, դրանց մասին անձամբ ես բազմաթիվ անգամներ բարձրաձայնել եմ, բայց կան օրենսդրական բացեր, որոնց մի մասն այժմ կարծես թե փորձում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում լուծել, մասնավորապես՝ փաստացի վայրի բնությունից հնարավոր չի լինի կենդանուն վերցնել, վաճառել, դա կլինի ապօրինի։ Փոփոխություններով դա նախատեսում են, եթե ոորևէ բան չփոխվի այս ընթացքում։ Նոր նախագծով, եթե չլինի կենդանու ծագման սերտիֆիկատը, ապա մենք կկարողանանք պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, ինչը մինչև հիմա օրենքի բաց է եղել, առևտուրն ավելի ռիսկային կլինի այդ մարդկանց համար, նրանք հանգիստ չեն կարողանա List.am-ում դնել այդ ամեն ինչը, որովհետև դա կլինի ապօրինի։ Մեզ մոտ, եթե կենդանին վայրի բնությունից չի վերցվում, ապա որտեղի՞ց, մենք չունենք բուծարաններ, իսկ եթե կենդանին լինի աշխարհի այլ երկրներից բերված կամ բուծարաններում բուծված, ապա սա այլ հարց է։ Այժմ, մեզ մոտ երևի կենդանիների 90 և ավելի տոկոսը փաստացի ապօրինաբար վերցված են բնությունից, ինչով էլ վնասել են բնությանը։

Կարծո՞ւմ եք, ՀՀ-ում օրենսդրական խստացումների անհրաժեշտությունն ամեն դեպքում կա։

- Այս պահին խստացման գործընթացը գնում է և մոտ ապագայում այդ խնդիրը գոնե օրենսդրական մակարդակով կլուծվի, բայց մի բան է, երբ այդ ամենը գրված է թղթի վրա, այլ բան է, թե ինչպես ենք այն կիրարկելու, այսինքն, թե որքանով կկարողանա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը այն կիրարկի։ Փաստացի, յուրաքանչյուր մարզում 5-6 տեսուչ ունենք, որոնց վրա դրված է կենսաբազմազանության, օդի, ջրի, հողի վերահսկում և նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չեն կարողանա այդքան պարտականության տակից դուրս գալ, քանի որ չկան ռեսուրսներ, չկան կարողություններ և իմ անձնական կարծիքով՝ ցանկացած օրենք փոփոխելուց, ընդունելուց առաջ պետք է մտածենք, թե ո՞վ է օրենքը կիրարկելու, ինչպե՞ս են կարողությունները զարգանում, ես սա շատ եմ կարևորում, քանի որ տեսչական մարմինը պետք է կարողանա դա անել, ոչ միայն ուզենա, ուզենալը հարցի մի կողմն է, բայց նաև՝ կարողանա, այսինքն՝ այդքան համապատասխան մարդիկ ունենա, որ ժամանակ ունենան գնան դրանով զբաղվեն, կամ առանձին բաժին ունենա յուրաքանչյուր մարզում և այլն։ Այդպիսի հարցեր կան, որոնք շատ կարևոր են։ Այստեղ կարող են նաև համայնքները, մասնավոր կազմակերպությունները ներգրավվեն։

Մեկ այլ խնդիր էլ կա, օրինակ՝ ինչ-որ կենդանիներ կան, որոնք ապօրինաբար վերցվել են բնությունից և օրեքը թույլ է տալիս տեսչական մարմնին գնալ, վերցնել տվալ կենդանուն, բայց հետո ի՞նչ անել այդ կենդանու հետ։ Մենք պետք է նաև մտածենք կենդանիների մեծ կենտրոնի ստեղծման մասին, քանի որ կենդանիները պետության ազգային հարստությունն են, մենք պետք է նրաց տեր կանգնենք, պետք է լինի վերականգնողական կենտրոն, որտեղ կապ չունի՝ ինչ կեդանի է, պետք է կարողանանք բերել, կենդանու վիճակը հասկանալ, և դրանից հետո իրականացնել գործողություններ, որը կարող է լինել՝ թե՛ քնեցում, թե՛ վերադարձ բնություն, թե՛ այլ ինչ-որ բան։

Արտաշատում պահվող արջը FPWC կողմից տեղափոխվում է Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն։ 

Ընդհանուր առմամբ, մեզ մոտ պետք է վերանա բնությունից կենդանուն վերցնել, վաճառելը ու ես նաև դեմ եմ, որ անազատ պայմաններում, վանդակներում, մենք մեր կենդանիներին պահենք, խոսքը չի գնում, իհարկե, ծայրահեաղկան մոտեցումների մասին։ Յուրաքանչյուր փոփոխության հետ հսարակությունն էլ պետք է աճի, զարգանա և եթե կարողանանք հասնել նրան, որ վայրի կենդանիները վանդակներում չլինեն, մեծ ձեռքբերում կլինի։

Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսին կլինի «Covid 19»-ի ազդեցությունը ՀՀ-ում էկոտուրիզմի ոլորտի զարգացման վրա։

- Արդեն փաստ է, որ զբոսաշրջությունը մեծ անկում է գրանցելու։ Այսինքն, զբոսաշրջային սեզոնը, որն արդեն պետք է սկսված լիներ և ակտիվ զարգանար, այսպես ասած անկում է ապրում, չկա փաստացի, և լավագույն դեպքում ինչ-որ փոքրաքանակ զբոսաշրջիկեր կարող են լինել աշնան շրջանում, բայց դա էլ կասկածում եմ, որովհետև էկոտուրիզմով հետաքրքրված ցանկացած եվրոպացի զբոսաշրջիկ, կլինի դա թռչնադիտարկում, կեդանիների, բույսերի դիտարկում, հայքինգ, թե՝ այլ բան, ծրագրավորում են նախապես, 4-5-6 ամիսներ առաջ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի չենք ունենա այն քանակը, որը նախատեսել ենք։

ՀՀ-ում էկոտուրիզմի զարգացման ենթակառուցվածք՝ վայրի կենդանիների դիտարկման համար նախատեսված թաքստոց-տնակ 

Դրա հետևանքով մենք կունենանք խնդիրներ նաև պահպանվող տարածքներում, որովհետև էկոտուրիզմից որոշակի գումարներ ստանում են պահպանվող տարածքները, զբոսավարները խնդիրներ կունենան, նաև կունենանք խնդիր անտառահատների, որսագողերի հետ։ Արդյունքում, կարծում եմ, ապօրինություննեով զբաղվողները շատ ավելի լավ իրենց կզգան։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում